Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էմանուել Մակրոնը գնաց Կորսիկա

Էմանուել Մակրոնը գնաց Կորսիկա
07.02.2018 | 11:03

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին մեկնել է Կորսիկա: Նրա երկօրյա այցն ուղեկցվում է կորսիկացի ազգայնականների կազմակերպած անկախության համար ցույցերով: 2017-ի դեկտեմբերին Կորսիկայի շրջանային ընտրություններում 56,5 % ձայն ստացավ «Հանուն Կորսիկայի» անջատողական կոալիցիան, որ միավորում է անկախության կողմնակից «Ազատ Կորսիկա» կուսակցությունը` 57-ամյա փաստաբան Ժան Գի Թալամոնի գլխավորությամբ (Կորսիկայի շրջանային խորհրդարանի նախագահ) և «Ստեղծենք Կորսիկա» կուսակցությունը` 50-ամյա փաստաբան Ժիլ Սիմեոնի գլխավորությամբ, որ շրջանի կառավարության նախագահն է: Այցից առաջ կոալիցիայի ղեկավարները Մակրոնին կոչ են արել կղզու ապագա կարգավիճակի վերաբերյալ «առանց տաբուների երկխոսության»: Նրանք չեն պահանջում Կորսիկայի անկախություն Ֆրանսիայից, ուզում են «իրական ինքնավարություն»: Ժիլ Սիմեոնին և Ժան Գի Թալամոնին կհանդիպեն Մակրոնին:

Ֆրանսիայի նախագահը այցի արդունքներն ամփոփելու է չորեքշաբթի երեկոյան ելույթով և ներկայացնելու է կղզու ապագայի իր պատկերացումը: Ոտք դնելով Կորսիկա` նա խոսեց «ժողովուրդների անխախտ միության մասին Ֆրանսիայի Հանրապետությունում»: Մակրոնի այցի առաջին հասցեն Այաչոն էր: Նախագահը հանդիպեց 1998-ին ազգայնականների գնդակով սպանված ոստիկանության պրեֆեկտ Կլոդ Էրինյակի այրուն: «Կորսիկայի հպարտ ու արժանապատիվ հողը պղծվեց այդ ոճրագործությամբ»` հայտարարեց Մակրոնը կարճ ելույթում` ներկայության համար շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավար Ժիլ Սիմեոնին: Մինչև խորհրդարանում ընտրվելը նա Իվան Կոլոնի փաստաբանն էր, որ պրեֆեկտի սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել: Ժան Գի Թալամոնին արարողությանը չի մասնակցել` ասելով, որ իր «քաղաքական անցյալը» թույլ չի տալիս: Թալամոնին գործակցել է ազգայնականների ընդհատակյա խմբերի հետ: Անցյալ դարում Կորսիկայում 45000 ահաբեկչություն է եղել (հիմնականում նյութական վնասներ հարուցելով), որի պատասխանատվությունը ստանձնել է Կորսիկայի ազգային ազատագրության ճակատը: 2014-ին նրանք հայտարարեցին, որ ավարտում են զինված պայքարը և սկսում են քաղաքական պայքար: 2017-ին ազգայնականները Կորսիկայում գերակշիռ մեծամասնություն ստացան տեղական ինքնակառավարման մարմիններում:
RFI


Հ.Գ. Էմանուել Մակրոնն արեց այն քայլը, որ այդպես էլ չի կարողանում անել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը` մեկնել Կատալոնիա: Բանակցել ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի հետ: Ֆրանսիացին պատրաստ է բանակցել, իսպանացին` ոչ: Գուցե իսկապես անհատներն են պատմությունը գրում: Կա տարբերություն` Կատալոնիան ուզում է անկախանալ Իսպանիայից, Կորսիկան անկախություն չի ուզում Ֆրանսիայից: Բայց կատալոնացիներին անկախության մղել է Մադրիդի քաղաքականությունը և անջատականների թիվն ավելացնում է Մարիանո Ռախոյը: Իսկ Եվրամիությունը շարունակում է Իսպանիայի ներքին գործը համարել միջազգային ասպարեզում ընդունված երկու սկզբունքների բախումը` ազգի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության: Ջայլամի նման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ