Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քամելեոն սուլթանի հռոմեական «արձակուրդները»

Քամելեոն սուլթանի հռոմեական «արձակուրդները»
10.02.2018 | 09:01

Ինչ կգրեն թուրքական թերթերը իրենց պայծառափայլ նախագահի Իտալիա այցի հաջողությունների մասին, թող մնա իրենց պրոֆեսիոնալ մակարդակի և գրաքննության որակի վրա: Իտալացիները նրան անվանել են «քամելեոն սուլթան»: Ռեջեփ Թայիբ Էրդողանը, այցելելով Իտալիա, փորձեց գայթակղել երկրին՝ օգնություն խնդրելով ԵՄ անդամակցության հարցում` գրում է իտալական Corriere della Sera-ն: Այդ խնդրանքն այնքան էլ վստահության արժանի չէ` Էրդողանն ինքը չի հավատում: Նաև այն պատճառով, որ գիտի` Եվրոպան չի կարող ընդունել մի երկրի, որը բանտարկում է յուրաքանչյուրին, ով չի մտածում այնպես, ինչպես իրենց նախագահը: Էրդողանը հույս ուներ իր կողմը թեքել ընտրությունների նախօրեին իտալական որոշ կուսակցությունների, բայց այդ քայլը ծիծաղելի է քաղաքականապես թեկուզև շփոթված, բայց ոչ հիմար Իտալիայում: Էրդողանի և
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման մասին Corriere della Sera-ն գրում է, որ Հռոմի պապն Էրդողանին չափազանց խորհրդանշական նվեր մատուցեց՝ բրոնզե մեդալիոն, որի վրա «խաղաղության հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի հրեշին»:

«Սուլթանը փորձեց Հռոմի պապի դրական տրամադրվածությունը շահել՝ վկայակոչելով Երուսաղեմի կարգավիճակի հարցում ընդհանուր դիրքորոշումը, բայց ի պատասխան լսեց անկեղծ խոսքեր մարդու իրավունքների և սիրիական Աֆրինում քրդերի նկատմամբ ռմբակոծությունների մասին»,- գրում է Corriere della Sera-ն:
Il Sole 24 Ore-ն «Էրդողանի հետ երկխոսությունը հնարավոր է, բայց պետք է հարգել մարդու իրավունքները» հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահի այցը Հռոմ ուղեկցվեց Թուրքիայում ճնշումների և քրդերի դեմ հարձակման պատճառով բողոքի ցույցերով և ոստիկանական ուժեղացված վերահսկողությամբ։ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի հետ հանդիպման օրակարգում է եղել օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը՝ հստակ վկայակոչելով լրագրողների և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների գործողությունների ազատությունը: Իտալիան շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա` արտակարգ դրությունը հանելու համար: Թուրքիայի նախագահի այցը ներքաղաքական արձագանքներ էլ է ստացել: «Ես ամաչում եմ, որ Իտալիան ընդունում է արյունոտ ծայրահեղական ռեժիմի, փաստացիորեն իսլամիստական երկրի ներկայացուցչի»,-Il Sole 24 Ore-ն մեջբերում է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության նախագահ Ջորջիա Մելոնիի խոսքերը:


La Stampa-ն գրում է, որ Էրդողանը չէր եկել Իտալիան իր հմայքով գրավելու համար: Հռոմում իր հանդիպումների ընթացքում նա ընտրել է անկեղծության ճանապարհը և նույնպիսի անկեղծության է հանդիպել: Իտալիայի նախագահի հետ հանդիպումը նկարագրվել է որպես «անկեղծ և հարգալից», որ թարգմանվում է` Էրդողանն ու Սերջիո Մատարելան հակառակ կարծիքներ են հայտնել Սիրիայի և մարդու իրավունքների վերաբերյալ: Նույնն է եղել վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի հետ հանդիպմանը, երբ անդրադարձ է կատարվել Սիրիայում քրդական բնակավայրերի վրա թուրքական ռազմական հարձակմանը: Իտալիայի նախագահը քաղաքավարի, բայց առանց զիջումների վերահաստատել է եվրոպական դիրքորոշումը` սահմանին ոստիկանական գործողությունները չեն կարող վերածվել խաղաղ բնակչության ռմբակոծման: Վարչապետ Ջենտիլիոնին էլ հասկացրել է Էրդողանին, որ լրագրողների և ՀԿ-ների ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակումը լավ նշան կլիներ մարտին կայանալիք Թուրքիայի և ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ:


La Repubblica-ն նույնպես անդրադառնում է Էրդողանի այցի ընթացքում անցկացված բողոքի ցույցերին։ Բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև: Հռոմում, Վենետիկում, Նեապոլում քրդական համայնքի կազմակերպած ցույցերի ժամանակ ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել Աֆրինում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունից։

La Repubblican-ն գրում է, որ «սուլթան» Էրդողանն անակնկալի է եկել այցի ընթացքում իրեն ցուցաբերված սառնությունից: Երկրի նախագահ Սերջիո Մատարելան և վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել են իրավունքների, ազատությունների պաշտպանությանը և Սիրիայում պատերազմին: Այցի քաղաքական մասը չի բավարարել Էրդոդանի սպասելիքները: Էրդողանի և Հռոմի պապի միջև հարաբերությունները նախկինում էլ հարթ չեն եղել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունների առնչությամբ Թուրքիայի նախագահի կոշտ արձագանքի պատճառով: Թուրքիայի նախագահը կոշտ էր արձագանքել հայտարարություններին, Թուրքիան անգամ հետ է կանչել Վատիկանից իր դեսպանին: Հետո, սակայն, գերակայել է «սուլթանի» քաղաքականությանն իրատեսական հայացքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչու՞ էր Էրդողանը որոշել, որ համաեվրոպական շղթայում Իտալիան է թույլ օղակը, որտեղ կարող է պաշտպանություն ու ըմբռնում գտնել, որը չկա Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հունաստանում: Ինչու՞ նա չի դիմում Արևելյան Եվրոպայի երկրներին, որ տարբեր պատճառներով դիմակայում են Արևմտյան Եվրոպային Եվրամիության ներսում: Դարձյալ շահերի՞ բախում կա, թե՞ սովոր չէ թույլերին ապավինել: Հռոմն ասաց` ոչ: Հռոմյան ակնկալիքները չարդարացան: Դեպի Բրյուսել ճանապարհը Անկարայից պիտի սկսել` Էրդողանը դա չի ընկալում և չի ընկալելու ի պաշտոնե` 2019-ի նախագահական ընտրություններից առաջ: Նա չի կարող հանուն ժողովրդավարության «կորցնել» ազգայնականներին: Ժողովրդավարները չեն հավատա, ազգայնականները չեն ների:

Դիտվել է՝ 1959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ