Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ն չգիտի ինչպես պարտվել և փորձում էր մարտով հանձնվել

ՀՀԿ-ն չգիտի ինչպես պարտվել և փորձում էր մարտով հանձնվել
03.05.2018 | 10:16

Այսօր Երևանում ու մարզերում անհնազանդություն չի լինելու, վերադարձեք, եթե կստացվի, ձեր նորմալ կյանքին: Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրության երկրորդ փուլում ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի խնդիրը գործնականում լուծված է, բայց սրանք բանավոր հայտարարություններ են: Անհրաժեշտ է վաղը անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր, համապատասխան փաթեթ և, ի վերջո, ՀՀԿ խմբակցության հայտարարությունից հետո ավելի մանրամասն տեղեկանալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումների մասին»:

Մայիսի 1-ի փորձը հուշում էր` հավաստիանալ, որ ՀՀԿ-ի հայտարարությունները երաշխավորված են: Փորձը հուշում էր չվստահել. «Մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք: Տեսականորեն կարող են իրադարձություններն այնպես զարգանալ, որ վաղը օրվա երկրորդ կեսին անհրաժեշտություն լինի հավաքվել: Տեղյակ կպահեմ, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ նորմալ ընթացավ, մենք պատրաստվում ենք վարչապետի ընտրություններին: Բոլոր դեպքերում վարչապետի ընտրությունների օրը հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»` նախազգուշացրեց նա:


Դատելով ՀՀԿ խմբակցության իրարամերժ որոշումներից` Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հիմքեր ունի: Տպավորությունը, որ ՀՀԿ-ն ինքն էլ չգիտի ի՞նչ է անում ու ինչու՞, ստեղծում են ՀՀԿ-ի քայլերը` սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից մինչև երեկվա որոշումը: Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալու, ինչու՞ ձերբակալվեցին ԱԺ պատգամավորները: Եթե Կարեն Կարապետյանին վարչապետի թեկնածու չէին առաջադրելու, ինչու՞ լիազորեցին իրենց անունից բանակցել: Եթե մայիսի 2-ին հայտարարելու էին, որ մայիսի 8-ին Հայաստանը պիտի վարչապետ ունենա և քվեարկելու են ԱԺ խմբակցությունների 1\3 ձայներն ունեցող թեկնածուին, մայիսի 1-ի թատրոնն ինչի՞ համար էր:


Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Աժ հատուկ նիստում ՀՀԿ-ի պատգամավորների պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ. «Առաջինը՝ հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու, որ ժողովուրդը փոխելու է կարծիքը իմ և մեր շարժման մասին: Դա չաշխատեց: Երկրորդ՝ նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեին ժողովրդին, և հնարավոր կլիներ սադրանքներ կազմակերպել, դա նույնպես չաշխատեց: Երրորդը՝ հույս ունեին իրենց դեմ քվեարկելով՝ ժողովուրդը կհուսահատվի, թան էլ չէ, փրթած մածուն ձեզ»:
Գուցե: Բայց ավելի շատ ու ավելի շուտ` ՀՀԿ-ն պարզապես չգիտի ինչպես պարտվել և փորձում էր մարտով հանձնվել: Արժանապատիվ: Այն դեպքում, երբ ՀՀԿ-ի արժանապատվությունն այլևս միայն իրենց է հետաքրքրում: Ու դա ողբերգություն է` մարդկային ու կուսակցական: Նրանք իսկապես չեն հասկանում ու չեն պատկերացնում` ի՞նչ է կատարվում: Գործում են իներցիայով: Խարխափելով: Ջերմոցային պայմաններից անապատ նետված հազվագյուտ բույսի նման: Բայց անապատը ինքն իրեն չի ստեղծվել: ՀՀԿ-ի համար սկսվում է իսկական կուսակցական կյանքը և առերեսումը իրական կյանքի ու ճշմարտության հետ: Ո՞վ կդիմանա, ո՞վ կհեռանա: Կերևա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակից, որ գուցե շատ ավելի մեծ անկնկալներ է ունենալու, քան եղել է երբևէ ՀՀԿ-ի պատմության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ-ն` ՀՀԿ, ակնհայտ է, որ քաղաքական դաշտը լուրջ ու սկզբունքային մաքրման կարիք ունի: Առավելևս, եթե Սահմանադրությունը չփոխվի ու Հայաստանը մնա խորհրդարանական հանրապետություն, Հայաստանին պետք են իսկական կուսակցություններ և իսկական ընտրություններ: Ինքնիշխանության վերականգնման առաջին քայլը իշխանության ներքին լեգիտիմությունն է:

Դիտվել է՝ 2706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ