Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռեալ սպառնալիքը Ռուսաստանն է

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռեալ սպառնալիքը Ռուսաստանն է
24.05.2018 | 12:14

Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահի ծրագիրը, բրեկզիտի նման, ցնցումների պատճառ դարձավ մայր ցամաքում: Իրանն ու Իսրայելը մշտապես մոտենում են լիամասշտաբ պատերազմի, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում ուժերի վերադասավորման:

Փորձագետները Վաշինգտոնում քննարկում են` ի՞նչ անել, ինչպես 2012-ին, երբ ԱՄՆ-ն ազդեցիկ խաղացող էր: Բայց հիմա 2018-ն է, և այդ տարածաշրջանում Մոսկվան զբաղեցրել է Վաշինգտոնի տեղը, որ առանցքային փաստ է, թեպետ բանավեճերում չեն հիշատակում: Չափազանց շատ ժամանակ հատկացնելով միջուկային գործարքին, որ արդեն չկա, մենք անտեսում ենք առավել կարևորը` մենք պայքարում ենք ոչ Իրանի ու ոչ էլ նույնիսկ Մերձավոր Արևելքի հետ, մենք պայքարում ենք Ռուսաստանի հետ: Քանի դեռ ԱՄՆ-ում լուրջ չեն վերաբերվում ռուսական սպառնալիքին, ԱՄՆ արտաքին քաղաքականության աղետի համապատկերում, որի մեղավորը մենք ենք, Մոսկվային ենք զիջելու Մերձավոր Արևելքի նշանակալից մասը: Ես երեք ամիս անցկացրել եմ Իսրայելում, շատ իսրայելցիներ կարծում են, որ Իրանի հետ պատերազմն անխուսափելի է: Իսրայելի կարմիր գծերը պարզ են` իրանական զորքերի կամ զինատեսակների բացակայություն Սիրիայում: Նույնքան պարզ են Իրանի պայմանները` Թեհրանը ցանկանում է Մերձավոր Արևելքում գերակայող պետություն դառնալ: Այս գործոնները և իրադարձությունների այսպիսի զարգացումը կոնֆլիկտի երաշխիք են, վերջին ամիսներին աննախադեպ է լարումը: Մերձավոր Արևելքում կարևոր խաղացողն արդեն ԱՄՆ-ը չէ, այլ Ռուսաստանը: Պուտինը վերահսկում է այդ վառոդով տակառը ավելի, քան պատրաստ են ընդունել ԱՄՆ փորձագետները: Ո՞վ Իսրայելին ասաց` «հանգիստ», երբ սիրիական զորքերը խփեցին F-16-ը: Ռուսաստանը: Ո՞վ Իրանին ասաց դադարեցնել հակաիսրայելական հռետորաբանությունը, որ անկանխատեսելի էր հետևանքների մեջ: Ռուսաստանը: Ո՞վ Իսրայելին ասաց` դադարեցնել ավիահարվածները Սիրիային: Ռուսաստանը: Ո՞վ Իրանին ասաց` «հանգստացիր», երբ գրոհի ժամանակ 7 զինծառայող կորցրեց: Ռուսաստանը: ՈՒ՞մ հետ էր Նեթանյահուն հանդիպում անցած շաբաթ, որ ստիպի Իրանին կանոններով գործել: Ռուսաստանի: Ռուսաստանը նույնիսկ խոստացել է պաշտպանել Իսրայելը Իրանի հարձակումից: Ինչու՞ է Իսրայելը դիմում Ռուսաստանին` երկրի, որ պաշտպանում է նրա մահացու թշնամուն` Իրանին: Որովհետև Իսրայելը խելամիտ խաղացող է, առաջնորդվում է ռեալ քաղաքականության սկզբունքներով և երբ բախվում է էքզիստենցիալ սպառնալիքի, ինչպես Իրանը, դառնում է անսկզբունքային ու նենգ: Երուսաղեմը գիտի, որ Մոսկվան կարող է ազդել Թեհրանի վրա, իսկ Վաշինգտոնը` չի կարող: Ոչ պակաս կարևոր է (և չի հերքում ամերիկացիների մեծամասնությունը), որ Իսրայելը շատ կապված է Ռուսաստանի հետ ու խոր արմատներ ունի այնտեղ: ԱՄՆ-ը միակ երկիրը չէ, որ «հատուկ հարաբերություններ» ունի հրեական պետության հետ: Դեռ 1990-ականների սկզբին Իսրայելն ընդունեց մեկ միլիոն ռուսաստանաբնակ հրեաների, որի արդյունքում մի քանի տարում բնակչությունը 20 %-ով աճեց: Այսօր Իսրայելում երկրորդ լեզուն ռուսերենն է ու իսրայելական խոշոր El Al ավիաընկերության ինքնաթիռները օրը երկու անվայրէջք չվերթ են կատարում Մոսկվա: Շատ իսրայելցիներ ունեն ռուսաստանյան անձնագրեր և Պուտինի բարեհաճությունը ստանալու համար Նեթանյահուն ծախսում է նույնքան ժամանակ, որքան Թրամփի: Այդ մերձեցումը սնուցվում է ամերիկյան ու իսրայելական հրեաների խզումով, որ արտահայտվեց 2018-ի Genesis մրցանակին (որ հայտնի է իբրև «հրեական Նոբելյան մրցանակ») Նատալի Պորտմանի հայտարարած բոյկոտով: Պորտմանը ծնվել է Երուսաղեմում և դեմ է այն պահվածքին, որ կառավարությունը դրսևորում է պաղեստինցիների նկատմամբ: ՈՒ նա միայնակ չէ: Ռուսաստանն ավելի ու ավելի շատ է վերածվում ոչ միայն ԱՄՆ-ի հակառակորդի, այլ` թշնամու: Իրանի միջուկային գործարքը երկրորդական հարց է: Խնդիրը Ռուսաստանն է: Մոսկվան չի պատրաստվում հեռանալ և Վաշինգտոնին մի կողմ է մղել: Եվ դա մեկ կուսակցության խնդիրը չէ, դա ԱՄՆ-ի խնդիրն է: Ի՞նչ անել:

Առաջին` ԱՄՆ-ը պետք է հակադարձի ռուսական ազդեցությանը այդ տարածաշրջանում: Դա ենթադրում է գործողություններ ոչ սառը պատերազմի տրամաբանության մեջ, որ հիմնված է ով` ում սկզբունքին, անհրաժեշտ է ավելի նուրբ քաղաքականություն, ճկուն: Նախ զրկեք Ռուսաստանին իր գործընկերներից, օրինակ` Թուրքիայից, որ մի քանի դար տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ: Հետո անցեք Եգիպտոսին, որ միշտ Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն է ունեցել, բայց նրա ճամբարին չի պատկանում (դեռ): Առաջ անցեք Պուտինից Լիբանանում, որ նոր է ղեկավարություն ընտրել: Այնտեղ ոչ բոլորն են գոհ, որ Իրանն ու Ռուսաստանը գերակա դիրքերի են ձգտում: Պետք է ընդլայնել ԱՄՆ-ի օրակարգը` չսահմանափակվելով ահաբեկչության դեմ պայքարով, միայն այդ պայքարը չի ստիպում ղեկավար ունենալ ու նրան հետևել:

Երկրորդ` մենք պետք է կրճատենք հնարավորությունները, որ Ռուսաստանը կարող է օգտագործել: Իրաք ներխուժելու ժամանակներից ԱՄՆ-ը բևեռացնող ու ապակայունացնող ուժ է: Մենք ենք հասցրել նրան, որ Պուտինը դարձել է իր ուժերին չափազանց վստահ միջնորդ կոնֆլիկտային իրավիճակներում, որի հետևանքով Նեթանյահուն մեկնում է ոչ թե Վաշինգտոն, այլ` Մոսկվա: Դա նշանակում է, որ տարածաշրջանում գործընկերների հետ պետք է աշխատել, ոչ թե նրանց հրահրել, երբ կոնֆլիկտի մեջ են, ինչպես վարվում է Թրամփի վարչակարգը` տեղափոխելով դեսպանատունը Իսրայելում: Դրա փոխարեն ԱՄՆ-ը պետք է գլխավորի գործունեությունը, որ ուղղված է ճգնաժամերը կոնֆլիկտի, կոնֆլիկտները` ճգնաժամի վերածելը կանխելուն: Պուտինի իշխանությունը հնարավոր է թուլացնել` զրկելով նրան տարածաշրջանում խաղաղության հաստատման միջնորդի դերից:

Երրորդ` արեք այն, ինչ լավ է ստացվում Ռուսաստանի մոտ` ճնշում գործադրեք այլ վայրերում: Գուցե Ռուսաստանը կենտրոնացել է Մերձավոր Արևելքում, որովհետև նրան չեն շեղում համառ ու ագրեսիվ սատելիտ պետությունները: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է նորից սկսեն աջակցություն ցույց տալ սատելիտ պետություններին, ինչպես արել ենք սառը պատերազմի շրջանում: Դա չի նշանակում հիբրիդային պատերազմներ վարել ուրիշի ձեռքով: Հակառակը` նշանակում է պաշտպանել մարդու իրավունքները և աջակցել հակակոռուպցիոն նախաձեռնությունները պետություններում, որ Ռուսաստանի մարիոնետներն են: Հարկադրեք Մոսկվային անհանգստանալ իր ներքին ճակատի համար և նա ստիպված կլինի քիչ ժամանակ հատկացնել Մերձավոր Արևելքով զբաղվելուն:

Շոն ՄԱԿՖԵՅՏ, CNBC, ԱՄՆ

Հ.Գ. Սեպը սեպով են հանում տրամաբանությունը նոր չէ քաղաքականության մեջ, առճակատման hard power-ի փոխարեն նպատակներին soft power-ով հասնելը` ևս: Բայց դա Թրամփի մասին չէ ու նրա համար չէ: Առաջարկված տարբերակով իրավիճակի փոփոխության համար նախ և առաջ Մայք Պոմպեոն պետք է հրաժարվի իր 12 կետերից, որ բացահայտ ագրեսիա են պարունակում Իրանի դեմ, իսկ դա նշանակում է պետքարտուղարի պաշտոնանկություն` Ռեքս Թիլերսոնը անակնկալ` Աֆրիկայում պաշտոնական այցի ժամանակ, պաշտոնանկվեց, որ փոխվի Մերձավոր Արևելքում ու հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը շեշտը դնում է Պարսից ծոցի արաբական այն պետությունների վրա, որոնց միլիարդներով զենք է վաճառում ու ուզում է փոխարենը գնել նրանց կառավարելիությունը: Իսկ Իսրայելին կողքին պահելու համար բավական էր ցուցադրական քաղաքականությունը` մայրաքաղաք ճանաչել Երուսաղեմը ու դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 1806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ