Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարզպետների «ապստամբությունը» և վարչապետի լռությունը

Մարզպետների «ապստամբությունը» և վարչապետի լռությունը
21.01.2019 | 14:00

Մամուլում միմյանց են հաջորդում հրապարակումները Հայաստանի մարզպետների տարեմուտի առատաձեռնության մասին, որ հաջորդեց Երևանի քաղաքապետի որոշմանը` պարգևատրումների մասով:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց հետո չի մոռացել մյուսներին: hetq.am-ը տեղեկացնում է, որ մարզպետը 2018-ի դեկտեմբերի 24-ի 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն պարգատրել է 104.5% դրույքաչափով: Գարիկ Սարգսյանն «քայլող» մարզպետներից է:


Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018-ի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով` հայտնում է asparez.am-ը: Մարզպետը առաջին` N 317 Ա կարգադրությունը կատարել է` ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «ՀՀ 2017-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով սահմանված ֆոնդի տնտեսված միջոցների առկայությունը: Երկրորդ` N 318-Ա կարգադրությունը կատարել է ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբացեղնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «ՀՀ 2017 -ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների առկայությունը: 317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն, 3 տեղակալներին, 3 տեղակալների օգնականներին, 2 խորհրդականին, 2 օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին և ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու: 318-Ա կարգադրությամբ մարզպետը նույն օրը դրամական պարգեւատրմամբ խրախուսել է նորից նույն` 22 անձանց, այդ թվում` իրեն, սակայն այս անգամ դրամական պարգևատրմամբ խրախուսել է պաշտոնային դրույքաչափի 15.34 տոկոսի չափով: Նա «չքայլած» մարզպետ է:
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել։ Գումարի ընդհանուր չափը` 1 321 405 ՀՀ դրամ` ըստ Shamshyan.com-ի:


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական պարգևատրումներ է տվել` ըստ «Հետք»-ի: Ռոմանոս Պետրոսյանը 2018 -ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որով մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից: Այդ կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել.
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 334 դրամ
Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 334 դրամ
Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 334 դրամ
Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 938 դրամ
Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 938 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 625 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 625 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 625 դրամ
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 384 դրամ
Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը և Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը և ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր գումարը` 5 792 728 դրամ: Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանը, Վասակ Վարդանյանը և Լարիսա Մադոյանը նշանակվել են 2018-ի հունիսին և մինչև պարգևատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է երեքուկես ամիս: Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգևատրվածների ցանկում է նաև ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մեկուկես ամիս:


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, որ մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է: Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափ), իսկ մյուսներին՝ 0,5756: Մարզպետի ամսական աշխատավարձը կազմում է 661 400 դրամ, նույնքան էլ պարգևատրում է ստացել, իսկ մարզպետի տեղակալների աշխատավարձը 529 120 դրամ է, և յուրաքանչյուրը պարգևատրվել է 304 561 դրամի չափով: Այս կարգադրությամբ պարգևատրման ընդհանուր գումարը 1 718000 դրամ է:
Եթե հավատանք մարզպետներին, որ պարգևատրումները կատարվել են աշխատավարձի խնայման հաշվին, միայն 3 մարզում` Վայոց ձորի, Կոտայքի ու Արմավիրի, խնայվել է 8832133 միլիոն դրամ: Ինչպե՞ս: Սա չի՞ նշանակում, որ նվազագույնը աշխատավարձի ֆոնդը սխալ է հաշվարկված:


Հրապարակումները, թերևս, շարունակվեն և պարզվի, որ բացի 5 մարզպետներից ու Երևանի քաղաքապետից, նույնատիպ հրամաններ են տվել նաև մնացած 5 մարզպետները: Պնդումը, որ պարգևատրումներն իրականացվել են օրենսդրության և իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան, ինչպես պարգևատրվել են պետական հատվածի բազմաթիվ աշխատակիցներ, ՏԻՄ-երի համայնքային ծառայողներ ու դպրոցների և բուժհաստատությունների հազարավոր աշխատակիցներ, ձևական ու անբարո է` «13-րդ» աշխատավարձ ստանալու համար մարդը գոնե 12 ամիս աշխատած պետք է լինի` օրենքի պահանջով, իսկ պարգևատրվածները ընդամենը մի քանի օր «քայլել» են ու նշանակվել իբրև հեղափոխական կադրեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բնավ հակահեղափոխական չլինելով, պարգևատրողների ու պարգևատրվածների բարոյական կերպարի մասին վատ ոչինչ չմտածելով` մտածենք ՀՀ պետական բյուջեի մասին: Եվ հարցի` կոռուպցիան վերացե՞լ է, թե՞ ռեբրենդինգի է ենթարկվել և հիմա օրենքի կատարման անվան տակ իրենք իրենց կաշառում են պաշտոնյաները: Հարկատուների հաշվին: Նիկոլ Փաշինյանը չի՞ ցանկանում լայվով բացատրել` ինչու՞: Չի՞ ցանկանում ոչ մեկին ասֆալտին «պառկցնել» ու պատերով տալ:

Դիտվել է՝ 2515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ