ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սահմանները և կանոնները սուրբ Թադեոս առաքյալի, որ տրվեց ՈՒրֆա քաղաքում, բնակիչներին լուսավորելու համար

Սահմանները և կանոնները սուրբ Թադեոս առաքյալի, որ տրվեց ՈՒրֆա քաղաքում, բնակիչներին լուսավորելու համար
31.03.2023 | 08:31

(սկիզբը` այստեղ)


ՀԱՐՑՈՒՄ` ԺԱ -Եթե ձեռնադրվածներից մեկը հետո է գարշվում, ի՞նչ է պարտավոր անել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե եպիսկոպոսը մեկին ձեռնադրի և մարդն ուղիղ էր, ապա շնացավ կամ գողացավ կամ այլ ինչ վատթարը գործեց, այնպիսին հիմնովին հանվի քահանայական շնորհից և նշանից, քանի որ նրան այլևս անհնար է քահանայանալ, այլ դրսում տասնհինգ տարի պիտի ապաշխարի, ապա երբ եկեղեցի մտնելուն և սուրբ պատարագի հաղորդությանը արժանանա, թող մնա եկեղեցու այլ զինվորների մեջ և անհնար լինի նրա համար այլևս բեմ ելնել, եկեղեցում կարդալ կամ սաղմոս ասել` մինչև իր մահվան օրը, քանզի պղծեց և ոտնակոխեց սուրբ ամուսնությունը:
Թող եպիսկոպոսը չհամարձակվի նմանին վերականգնել, քանզի հնար չէ նմանին այլևս քահանա լինել:
Իսկ եթե եպիսկոպոսը հանուն կաշառքի կամ բարեխոսության կամ մերձավորության այնպիսիին քահանայության հրաման տա, դատաստանի օրը վրեժներ պիտի առնվի նրանից` աններելի տանջանքներով:

ՀԱՐՑՈՒՄ` ԺԲ- Ամուսնացյալ քահանան, որ կամենում է պատարագ մատուցել, ինքն իրեն ինչպե՞ս պատրաստի:
ՊԱՏԱՍԽԱՆ- Ամուսնացյալ քահանաները, այն ժամանակ, երբ կամենան պատարագ մատուցել, մինչև պատարագի մատուցման օրը երեք օր հրաժարվեն իրենց կանանցից: Որովհետև եթե առաջավորության հացը քահանաներին առանց նախապես քննելու և նրանց սրբության մեջ գտնելու չի տրվում, որչա՞փ ևս առավել պարտավոր է նրանց սուրբ լինել, երբ երկնավոր պատարագ են մատուցում:
Եվ պարտավոր են սուրբ լինել որպես Աստծո սպասավորներ, ահով և դողով նրա առաջ, որպեսզի արժանանան անմահ կյանքին:

ՀԱՐՑՈՒՄ` ԺԳ- Իսկ անձամբ ինքը` քահանան ինչպե՞ս պիտի պատրաստվի պատարագին:
ՊԱՏԱՍԽԱՆ- Եթե մեկը կուսությամբ է քահանայություն ընդունել, այնպիսին լինի տքնող և պահեցող: Իսկ այն օրը, որ կամենում է պատարագ մատուցել, պատրաստ լինի ողջ գիշեր տքնությամբ, սուրբ խորհրդի մեջ անցկացնել և առանց կեղծավորության, որովհետև Աստծո հետ է խորհրդի մեջ մտնում:

ՀԱՐՑՈՒՄ` ԺԴ- Արժա՞ն է, որ քահանան երդվի:
ՊԱՏԱՍԽԱՆ- Այն քահանան, որ երդվեց, նրան պետք չէ քահանայության մեջ թողնել, որովհետև Բանն Աստծո արհամարհեց:

ՀԱՐՑՈՒՄ` ԺԵ- Որպե՞ս է պարտավոր, որ լինի քահանան:
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է քահանային աղքատասեր լինել, քաղցր խոսքով, խորհուրդներ տվող, մեղանչածներին ապաշխարության ուղղորդող, պահքերով և աղոթքներով ապրող, կոչվածներին արքայության արժանացնող:
Որ Քրիստոսի երևալու ժամին էլ ամենքից առնի անթառամ պսակը, որ նրա համար երկնքում է պատրաստվում:

ՀԱՐՑՈՒՄ` ԺԶ -Նա, ով հավատացյալ և մկրտված է և ընկավ մեղքերի մեջ, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Նրանք, որ մի անգամ մկրտված են ի Քրիստոս, երբեք չլինի թե մեղքերով ընկնեն, այլ իրենց կյանքը վարեն Աստծուն հաճելի, չհարբեն, չերդվեն, չբամբասեն, այլ լինեն որպես Աստծո ժողովուրդ՝ առանց որևէ կեղծավորության։

ՀԱՐՑՈՒՄ` ԺԷ- Նա, ով շնացել է՝ ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե քրիստոնյաներից մեկը՝ այր, թե կին, շնացավ, իր հանցանքն ապաշխարի եկեղեցուց դուրս՝ երեք տարիներ. տքնելով պահեցողության ու աղոթքների մեջ, լուծումը լինի շաբաթ, կիրակի օրերին և տերունական տոներին, մինչև երեք տարիների լրանալը, ապա չորրորդ տարվա մեջ նոր արժանի լինի հաղորդության։
Եվ ով որ գողանա՝ նույն պատուհասը կրի։ Իսկ եթե նույն մեղքերը ավելացնեն, կրկին նույն ժամանակով և ընթացքով է ապաշխարությունը։

ՀԱՐՑՈՒՄ` ԺԸ- Նա, որ շնանալուց հետո որդեծնությունը վիժեցրել է, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե քրիստոնյաներից որևէ մեկը շնացել և հետո որդեծնությունը վիժեցրել է՝ Աստծուց երկյուղելը ոչինչ համարելով, քանի որ իր շնության և հղիության մասին մարդկանց չհայտնեց, այնպիսիները բազում հառաչանքներով պիտի ապաշխարեն մարդասպանների աստիճանում։

ՀԱՐՑՈՒՄ` ԺԹ- Նա, որ իր սերմն է մարմնից հոսեցնում, պղծվում է օնանիզմով, ի՛նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Եթե մեկը անժուժկալաբար ինքն իրեն լլկում և իր մարմնից սերմ է հոսեցնում, այնպիսին պիղծ է և ապաշխարի շնացողների հետ և եթե հավելյալ նույն գործն անի՝ կրկին ապաշխարի:
Նմանները ձեռնադրության արժան չեն։

ՀԱՐՑՈՒՄ` Ի- Նա, որ արվի հետ է պղծվում, այնպիսիի համար ինչ է սահմանված։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե որևէ մեկը պղծվում է արվի հետ, այնպիսին իր կյանքի բոլոր օրերում պիղծ է, նա եկեղեցուց դուրս պիտի ապաշխարի և երբ ժամանակը որոշվի՝ այդժամ միայն հաղորդվի։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԱ- Եթե ամուսնացածներն են շնանում, ի՞նչ են պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Թե մեկը առնակին էր ու շնացավ, նա պիտի եկեղեցուց դուրս տասներկու տարի ապաշխարի` արտասուքներով և ամենայն սրբապահությամբ։
Վեց տարին անցնելուց հետո՝ շաբաթ, կիրակի, և տերունական տոներին կատարի լուծումը և տարվա երրորդ մասը պահք պահի, ապա եկեղեցի մտնի ու հաղորդվի։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԲ- Կախարդի հետ որպե՞ս վարվել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Կախարդի վրա ուրացողներին վերաբերվող կանոններն են։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԳ- Նա, որ շնանա, երեխա ունենա և երեխային սպանի, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Նա, որ շնացել, մանուկ է ունեցել և իր մանկանն սպանել է, մինչև իր մահվան օրը ապաշխարի և իր մեռնելուց առաջ միայն հաղորդություն ընդունի։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԴ- Չորեքշաբթի և ուրբաթ օրերը որպե՞ս է արժան պահքը պահել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան է, որ քրիստոնյաները չորեքշաբթի և ուրբաթ օրերին պահք պահեն և աղոթեն, քանի որ մեր Տիրոջ չարչարանքների օրերն են։
Հարկ է տրտում արցունքներով հիշել Նրա խոնարհությունը՝ գոհանալով Նրանից, որ եկավ և իր չարչարանքներով փրկեց մեզ։
Պահել մինչեւ ժամը իննը։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԵ- Ո՞րպես կատարել Աստվածային տոները։
ՊԱՏԱՍԽԱՆ- Այն ժամանակ, երբ հավատացյալները տերունական տոները կատարեն, նախ և առաջ ի պատիվ և ի սպաս տոնին մեկ շաբաթ պահք պահեն և ապա տոնակատարեն։
ՀԱՐՑՈՒՄ` ԻԶ- Որպե՞ս է արժան սուրբ քառասունքը պահել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Հավատացյալները սուրբ քառասունքը պահեն սրբությամբ՝ շաբաթով և կիրակիով հանդերձ, այն ժամանակ, երբ հասնեն Տիրոջ չարչարանքների օրվան՝ տքնանքների մեջ լինեն և անդադար աղոթեն, այդ օրերին թող որ ոչ մի ժպիտ և ոչ մեկի երեսին չերևա, այլ ըստ մեր Տիրոջ՝ միայն արցունքներ, և ապա կենարար պասեքը կատարեն եև ցնծան մեր Տիրոջ հառնելով։ Նրան աղոթքների մեջ փառավորելով, որ մեզ փրկեց իր Հարությամբ և տվեց մեզ որ վերնայիններին լինենք երգակից։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԷ- Նա, որ պղծվում է անասունների հետ, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Նա, որ պղծվում է անսունների հետ, քանի տարեկան որ է, այդքան մնա ունկնդիր, հետո հինգ տարի ձեռքի տակ, ապա նոր մտնի եկեղեցի՝ ժողովրդի մեջ և վախճանվելիս՝ հաղորդվի։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԸ- Նա, որ Քրիստոսին ուրանա և զղջալով հետ դառնա, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Իր կյանքի բոլոր օրերում ապաշխարի արցունքներով, պահեցողություններով, աղոթքներով, տնանկներին տուրքեր տալով և վախճանվելու ժամանակ հաղորդվի։

ՀԱՐՑՈՒՄ` ԻԹ- Ով իր կամքով մարդ է սպանել, ի՞նչ է պարտավոր։
ՊԱՏԱՍԽԱՆ- Տասնհինգ տարի մնա ունկնդիր, ապա հինգ տարի՝ ձեռքի տակ և ապա անձից ելնելով միայն հաղորդվի։
ՀԱՐՑՈՒՄ` Լ- Նրանք, որ մեկ մոր կաթով են սնվել, բայց միմյանց օտարներ են, նրանց արժա՞ն է արդյոք ամուսնանալ։
ՊԱՏԱՍԽԱՆ- Արժան չէ, քանի որ ծնողը և սնուցողը նույնն է։

ՀԱՐՑՈՒՄ` ԼԱ- Եթե ազգականները ամուսնանան, ի՞նչ պետք է անել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Անհրաժեշտ է նրանց բաժանել և ծանր ապաշխարություն կարգել, քանի որ այդ ոչ թե ամուսնություն է, այլ հարակա պոռնկություն և Արարչի անեծքի տակ են գտնվում։

ՀԱՐՑՈՒՄ` ԼԲ- Նա, որ ընկերոջ սահմաններն է հափշտակում, ինչի՞ է արժան։
ՊԱՏԱՍԽԱՆ- Ինչպես որ Աստծո հրամանով Մովսեսը գրեց՝ թող որ նրա վրա իջնեն բոլոր անեծքները և նզովյալ լինի թե իր կյանքի մեջ և՛ թե մահվան։

Այս ամենը հանձնարարելուց հետո սուրբ Թադեոս առաքյալը ժողովրդին ասաց.

-Հայրեր և եղբայրներ, որ ձեր անձերը Տիրոջը հանձնեցիք, այս ամենը, որ հանձնարարեցի, ձեզ համար օրենքներ լինեն և այլոց համար էլ նույնը լինեն, որ աշխարհ են գալու ձեզանից հետո:
Արդ հաստատուն մնացեք այն ամենի մեջ, որ ինձանից լսեցիք: Այս հանձնարարականների սահմաններից երբևէ չանցնեք և այդ բարի կլինի ձեզ համար ու երկար կյանք կունենաք:
Այս խոսքերը ձեզ հիշատակ թող մնան և մի մոռացեք ձեր աղոթքներում:
Իսկ այլ կարգավորություններ ձեզ կսովորեցնի Ադդեն, կփոխանցի ձեզ այն ամենը, որ ինձանից լսեց, ըստ այն կարգերի, որ կարգեցին Տիրոջ եղբայր առաքյալները: Խաղաղությամբ պահեցեք և պահպանեցեք այդ ամենը չարի բոլոր փորձություններից:
Խաղաղությունը ձեզ հետ:
Այս օրենսդրությունը ես` Թադեոս առաքյալի աշակերտ Զաքարիան գրի առա այնպես, ինչպես նրանից լսեցի:
Եվ գրի առա Քրիստոսին բոլոր հավատացողների համար:
Նրան փա՛ռք հավիտյա՜նս, ամե՛ն:

Արևելահայերենի փոխադրեց`
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3876

Մեկնաբանություններ