Իրական պատմություն է (հիմնավոր պատճառներով անուններ չեմ հիշատակում)։
Տարիներ առաջ էր։ Նոր էի ընդունվել ՀՀ ՊՆ զինվորական ծառայության։
Մի օր, այն տարիներին հայտնի թերթի լրագրող ընկերուհիս «ձեռքի հետ» վճարովի գործ առաջարկեց. խմբագրել իր համակուրսեցի ընկերուհու հոր բանաստեղծությունների գիրքը։ Համաձայնեցի։ Պայմանավորվեցինք, որ գիրքը հնարավորինս կարճ ժամկետում` տպագրության պատրաստ պիտի հանձնեմ պատվիրատուին, քանի որ հայրը ծանր հիվանդ էր և ուզում էր գիրքը տպագրված տեսնել։
Հարցրեցի, իսկ ինչու՞ ինքը չի անում, պատասխանեց, որ չի կարող ընկերուհուց փող վերցնել։
Եվ կարծես իմիջայլոց ասաց, որ ընկերուհին Հայաստանում գործունեություն ծավալած ինչ֊որ ամերիկյան անլեգալ կրոնական֊քարոզչական կազմակերպության անդամ է, որ «մեծ֊մեծ փողեր» են ստանում արտերկրից։
Նկատելով իմ զարմանքն ու տարակուսած հայացքը` ասաց, որ կարող եմ չանհանգստանալ, վտանգավոր մարդ չէ։
Աշխատակազմի զինվորը, որ նաև ծրագրավորող էր, խոստացավ օգնել` էջադրելու գիրքը։ Աշխատակազմի ղեկավարից թույլտվություն խնդրեցի գործն անել աշխատավայրում` աշխատանքային օրվա ավարտից հետո։
Այն տարիներն էին, որ համակարգիչը նոր֊նոր էր մուտք գործել մեր առօրյա կյանք։
Պայմանավորված ժամկետում գործն ավարտեցինք։ Տպարանում հանդիպեցինք գրքի պատվիրատուին։ Գիրքը` կրիչով, հանձնեցինք տպարան, վճարեց պայմանավորված գումարը`
100 $ (այն տարիներին փոքր գումար չէր) և խնդրեցի տպագիր մեկ օրինակ փոխանցել մեր ընդհանուր ընկերուհու միջոցով։
Այսօրվա պես հիշում եմ այդ օրը։
Զինվորի համար թույլտվություն էի խնդրել, որ միասին գնանք տպարան։
Գումարը դրեցի տաբատիս աջ գրպանը։ Տպարանից շատ չհեռացած` ճանապարհին ձեռքս տանում եմ գրպանս, որ գումարը տեղափոխեմ դրամապանակիս մեջ, գումարը չկա։ Ես ու զինվորը մոլորված նայում ենք իրար։ Երկուսս էլ անհարմար վիճակում ենք հայտնվել։ Այս ի՞նչ առեղծված էր. ախր, տվեց գումարը, ախր, դրեցի գրպանս։ Չերկարացնեմ։ Ձեռնունայն ու զարմացած վերադարձանք ՊՆ։
Այդ օրերին ՊՆ սոցվարչությունից մեր գեներալի աշխատակազմի զինծառայողներին ինչ֊որ գումար էին հատկացնելու։ Հիմա հստակ չեմ էլ հիշում` ի՞նչ առիթով։
Զարմանալի զուգադիպություն էր` հաջորդ օրը զանգահարեցին, որ գնամ ստանալու։
Մեծ դժվարությամբ, աղաչանք֊
պաղատանքով, մի կերպ համոզեցի զինվորին, որ իր կատարած աշխատանքի համար համաձայնի` վճարեմ, որ հոգիս գոնե թեթևանա։ Ախր, իմ աչքի առաջ` շատ էր չարչարվել։ Բավականին գրագետ, կիրթ, դաստիարակված տղա է, բարեկիրթ ընտանիքից, շփվում էինք հարազատի պես։
Եվ, ի վերջո, երկու տարի նույն աշխատասենյակում էինք նստում։
Եղած «պարգևավճարը» հալալ կիսվեցինք։
Բավականին ժամանակ անց այդ օրվա բոլոր մանրամասները քննարկեցինք ընկերուհուս հետ։ Զարմանալի էր. ոչինչ չասաց։
Ժամանակ անց հերթական արձակուրդին պիտի մեկնեի ճամփորդության` Իտալիա։
Բաժանվելիս ընկերուհիս 100 $ տվեց, ասաց` իր կողմից` անվերադարձ։ Այդպես էլ չհասկացա` ինչու՞ տվեց։
...Բազում տարիներ են անցել։ Այս մշուշոտ, առեղծվածային պատմությունը մտքիցս դուրս չէր գալիս։
Ինչու՞ եմ հիմա հիշել։ Ասեմ. օրեր առաջ` գիրք նվիրելու օրվա առիթով գրապահարանում գիրք էի փնտրում` այդ գիրքը աչքովս ընկավ։
...Չգիտեմ` այս ամենը պատահական իրողությունների շարա՞ն էր, զուգադիպությու՞ն, թե՞ ինձ անհասկանալի մի ուրիշ բան։
Այդպես էլ մինչ օրս առեղծված է։ Նույնիսկ անհարմար էի զգում բարձրաձայնել։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ.
Խնդրում եմ զգուշորեն արձագանքել այս անմեկնելի, պատրանք հիշեցնող առեղծվածին։
Հազիվ եմ ինքս ինձ համոզել, որ զուգադիպած պատահականությունների շարան էր, թեև հոգուս խորքում չեմ հավատում, որ պատահականություն է։ Ինչ֊որ սատանայական բան կար կարծես, որ այդպես էլ առեղծված֊հանելուկ մնաց։
Այսքան պատահականությու՞ն։
...Իսկ գիրքը գրքի տոնի առիթով հաջորդ օրը փողոցում նվիրեցի պատահած առաջին իսկ ծանոթի. ուսերիցս ասես մի ծանր բեռ ընկավ։
Հիմա մտերիմ ընկերուհիս` Մարինեն, կկարդա գրառումս ու մտքում կասի. «Ինչքան տարօրինակ բան կա աշխարհում, քեզ հետ կպատահի...»։