Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանական առյուծի հարվածները «Փոքր Շեյթանին»՝ Իսրայելին (տեսանյութեր)

Իրանական առյուծի հարվածները «Փոքր Շեյթանին»՝ Իսրայելին (տեսանյութեր)
18.06.2025 | 12:12

«Մեծ Շեյթանը» («Մեծ Սատանան»), ըստ Իրանի հոգևոր գործիչների բնորոշման, ԱՄՆ- ն է: Հունիսի լույս 13- ի գիշերն իր դեմ չհայտարարված պատերազմ սկսած Իսրայելի հրթիռառմբային հարվածներից մեկ օր չանցած, Իրանը, ինչպես արդեն հայտնի է, սկսել է Իսրայելում ռազմական թիրախների ուղղությամբ իրականացնել իր «Ճշմարտացի խոստում 3» հատուկ ռազմագործողությունն՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիայի. այս մասին հայտնել Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույն օրը երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի դեմ սկսվում է «Ճշմարտացի խոստում 3» պատասխան գործողությունը և խոստացել հարվածներ հասցնել Իսրայելի «տասնյակ ռազմական թիրախների և ավիաբազաների» ուղղությամբ:

«Իրանի ԻՀՊԿ- ն ավերիչ ու ճշգրիտ պատասխան է տալիս սիոնիստական ռեժիմի տասնյակ թիրախներին հարվածներով, այդ թվում՝ ռազմական կենտրոններին, ավիաբազաներին՝ իրականացնելով «Ճշմարտացի խոստում 3» գործողությունը»,- նշված է ԻՀՊԿ- ի հայտարարության մեջ, որը մեջբերել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը:

Հարվածներ են հասցվել են նաև Թել Ավիվին, որտեղ վնասվել են բազմաթիվ շենքեր։ Ինչպես հաղորդել է իսրայելական «Ynet» պարբերականը, տեղամասերից մեկում բավական մեծ վնաս է գրանցվել, այնտեղ բռնկվել է հրդեհ: «The Times of Israel»- ը գրել է քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի և ևս մեկ շենքի վնասման մասին:

Սկզբնական շրջանում Իրանի կողմից հրթիռների արձակման 3 ալիք է արձանագրվել։ Առաջին երկուսում, իսրայելական գնահատմամբ, արձակվել է մոտ 150 հրթիռ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է երկրում 9 հարվածի մասին, ինչը նշանակում է, որ բալիստիկ հրթիռներից առնվազն ինը հասել են իրենց թիրախներին: Այնուհետև ԻՀՊԿ- ն հայտարարել է տասնյակ ավիաբազաների և այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին:

Հարկ է ընդգծել, որ Իրանական հենց առաջին հարվածների հետ մղմանը միացել են ԱՄՆ- ի զինված ուժերը՝ աջակցություն ցուցաբերելով Իսրայելին։ Ամերիկյան զորքերն ակտիվորեն մասնակցում են պաշտպանական գործողություններին, ինչը հաստատվում է իսրայելցի պաշտոնյաների աղբյուրի կողմից: Իսրայելի և ԱՄՆ-ի բանակների համատեղ գործողությունները ցույց են տալիս ռազմական համագործակցության բարձր մակարդակ հակամարտության սրման ընթացքում:։

«Իրանն անցել է բոլոր կարմիր գծերը՝ համարձակվելով հրթիռներ արձակել Իսրայելի խիտ բնակեցված քաղաքացիական շրջանների ուղղությամբ,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։- Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և երաշխավորում ենք, որ վարչակարգը շատ բարձր գին կվճարի իր հանցավոր գործողությունների համար»:

Երկակի ստանդարտների առումով Կացի լկտիությունը սահմաններ չունի, քանի որ, ստացվում է, որ Իսրայելին կարելի է հրթիռներ արձակել Թեհրանի խիտ բնակեցված քաղաքացիական շրջանների ուղղությամբ, իսկ Իրանին չի կարելի նույն կերպ վարվել Իսրայելի ուղղությամբ:

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Ura.ru- ի փոխանցմամբ, հայտարարել էր Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմի մեկնարկի մասին: Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Իրանի դեմ, սակայն տուժած կողմի զինված ուժերը պատրաստ են հակահարված տալ թշնամուն: Նման հայտարարությամբ էր հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդը։

Իրանական «Tasnim News Agency» լրատվական գործակալությունը մեջբերել է գերագույն առաջնորդի խոսքը. «Նրանք (Իսրայելը) չպետք է մտածեն, որ իրենք հարված են հասցրել, և դրանով ավարտված է։ Ոչ, նրանք պատերազմ են սկսել։ Մենք թույլ չենք տա նրանց խուսափել պատասխանատվությունից այն մեծ հանցագործության համար, որը նրանք կատարել են»:

Իրանն Իսրայելի ագրեսիան պատերազմի փաստացի հայտարարում է համարել:

«Այդ վայրագությունները պետական ահաբեկչության բացահայտ գործողություն են… այդ գործողությունները հավասարազոր են պատերազմ հայտարարելուն»,- Ura.ru- իփոխանցմամբ , հայտարարել է ՄԱԿ- ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի անդամների առջև:

Իրավանիի խոսքով՝ Իսրայելի գործողությունները սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Հունիսի 13-ի լույս 14- ի գիշերը, կեսգիշերից րոպեներ անց ռուսական լրատվամիջոցներում հայտնվեցին Թել Ավիվի վրա իրանական հրթիռների զանգվածային հարձակման կադրերը:

Ըստ իրանական լրատվամիջոցների հաղորդման, Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Կադրերը հրապարակում են նաև Իսրայելի պարբերականներն ու բնակիչները, որոնք հետևում են երկնքում Իսլամական Հանրապետության հրթիռներին Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի դիմակայությանը: Տեսագրություններից մեկում երևում է, որ Իրանի հրթիռները հարվածել են Թել Ավիվի հնագույն հատվածին՝ Յաֆֆոյին։

Իրանը մոտ 15 րոպեի ընթացքում 3 հրթիռային համազարկ է կատարել Իսրայելի ուղղությամբ (ամեն մի համազարկի ընթացքում արձակվել են բազմաթիվ հրթիռներ). այս մաին, Ura.ru- ի փոխանցմամբ, հայտնել է իսրայելական «Ynet» լրատվական պորտալը:

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հավաստմամբ, իրանական հրթիռները 2 անգամ հարվածելեն Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին:

«Իսրայելի պաշտպանության նախարարությունը երկրորդ անգամ թիրախ է դարձել»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

«Հարձակման է ենթարկվել Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանը Թել Ավիվում,- հայտնել է «Shot» տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով համապատասխան տեսանյութը:-Ամբողջ քաղաքը ծխի մեջ է իրանական հրթիռային հարձակումից հետո»:

Թել Ավիվում մի քանի մարդ փլատակների տակ է հայտնվել այն շենքի փլուզումից հետո, որի վրա իրանական հրթիռ է ընկել. այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ականատեսներին, որոնք համապատասխան կադրեր են հրապարակել սոցիալական ցանցերում: Դեպքի վայրում աշխատում են ռազմական և արտակարգ ծառայությունները:

Թել Ավիվի բնակչին հաջողվել է շատ մոտ տարածությունից նկարահանել հրթիռի հարվածը: Թել Ավիվում նկարահանել են Իրանից արձակված քաղաքային շենքերից մեկի վրա հրթիռի ընկնելու պահը: Միջադեպի կադրերը սոցցանցերում տարածել են դեպքի ականատեսները։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է բարձրահարկ շենքի վերին հարկում գտնվող տղամարդը նկարահանումն իրականացնում պատուհանից։ Նա մեկնաբանում է փողոցում տեղի ունեցածը։ Ինչ- որ պահի մոտակայքում հզոր պայթյուն է լսվում, և հայտնվում է պայծառ բռնկում: Կադրերում երևում է հարվածային ալիքից կոտրված ապակին: Հարվածից հետո պատուհանից հստակ երևում են թանձր սև ծխի քուլաները։ Լսվում են նոր պայթյուններ և գործարկվում են ավտոմեքենաների հակաառևանգման համակարգերը։

Իրանական «Tasnim News Agency» լրատվական գործակալության տեղեկացմամբ, իրանցի զինվորականները հունիսի 13- ին խոցել են Իսրայելի երկու ռազմական ինքնաթիռ, իսկ օդաչուներից մեկին գերի են վերցրել: Իրանի նկատմամբ իսրայելի ագրեսիայից հետո փոխադարձ հարվածներն ուժեղացել են, ինչը հանգեցրել է նոր զոհերի և ավերածությունների երկու երկրների խոշոր քաղաքներում։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հանցագործություն է անվանել Իսրայելի հարվածներն Իրանին և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագիր» է սպասվում: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդից պահանջել է դատապարտել Իսրայելի գործողությունները և միջոցներ ձեռնարկել՝ հայտարարելով Նաթանզում միջուկային օբյեկտին հարվածելուց հետո աղետի ռիսկերի մասին: Նա նշել է, որ Իսրայելի հարվածները ՄԱԿ- ի կանոնադրության խախտում են, և Թեհրանն իրավունք ունի պատասխանել դրանց: Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտին հասցված վնասի մասին։

ՄԱԿ- ը և ՆԱՏՕ- ն մտահոգություն են հայտնել իրավիճակի վերաբերյալ, Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄԷ- ն և Ռուսաստանը դատապարտել են հարձակումները, իսկ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին հետագա հարվածներով ու մեծ զոհերով: Իսրայելի և Իրանի դիմակայությունը սկսվել է դեռևս 1979 թվականին և շարունակվել վերջին 50 տարիների ընթացքում։ Փորձագետների կարծիքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը թևակոխում է ձգձգվող հակամարտության փուլ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերը՝ հոդվածում առկա ակտիվ հղումներում և այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=ZvY4TFhYo5c https://www.youtube.com/watch?v=E-juy9vkIZI https://www.youtube.com/watch?v=aj7wwHYCjOw https://www.youtube.com/watch?v=9DK8ICkg9QA https://www.youtube.com/watch?v=jHSzTh7d4hU


Դիտվել է՝ 160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ