ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հուդաներ և անաստվածներ

Հուդաներ և անաստվածներ
08.07.2025 | 10:51

(Պայքար, պայքար՝ իմ ձևով)

1922 թ․ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պաշտոնապես տեղեկացրեց, որ ցեղասպանվել են 1200 քահանաներ ու եպիսկոպոսներ։ Անշուշտ, այս տվյալը նախնական էր ու թերի՝ Արևմտյան Հայաստանից ոչ-ամբողջական տեղեկություններ ստանալու պատճառով, և, բացի այդ, Օսմանյան Թուրքիայում քեմալականները դեռևս իշխանության չէին հասել։

1925 թ․ Խորհրդային Հայաստանում, իշխանության թելադրանքով, սկսեց լույս տեսնել «Ազատ յեկեղեցի» ամսագիրը։ Խմբագիրն էր հուդա Մեսրոպ ավագ քահանա Մելյանը՝ Բաթումի հայոց եկեղեցու նախկին հովիվը, գրեթե բոլոր հեղինակները հանդես էին գալիս կեղծանուններով, բայց ստույգ հայտնի են մեկ եպիսկոպոսի և երկու վարդապետների անուններ։ Թե ժամանակ ունենամ, վերջիններիս առանձին կանդրադառնամ, ասեմ միայն, որ դրանցից մեկը սրբալույս կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին, որ իր գրություններում անվան կողքին գործածում էր նաև Վշտալի մականունը, մեղադրեց «մէկ միլիոն ժողովուրդ կոտորելու» մեջ։ Սրանք բոլորը Վեհափառի կողմից կարգալույծ արված հուդաներ էին, որոնցից մեկը տարիներ անց, զառամյալ հասակում, մեղանչանքների համար թողություն ստանալու համար ծնկների վրա քայլեց դեպ Էջմիածին, բայց չներվեց, իսկ մյուսը «Հայոց եկեղեցին որպես քաղաքական գործոն» վերնագրով գրքույկ հրատարակեց՝ տեսական հենք առաջարկելով իշխանության ապագա բռնությունների համար։

Իսկ ի՞նչ էր չորս տարի քարոզում ամսագիրը․ նշեմ հիմնական կետերը՝ «Ազատ եկեղեցական եղբայրություն» անվամբ ազատ ու նոր եկեղեցու հիմնում, Հոգևոր Գերագույն խորհրդի լուծարում, ծառայություն մատուցող հոգևորականների ապրուստի ու եկամուտների ավանդական ձևի վերացում՝ նշանակելով որոշակի աշխատավարձ, կաթողիկոսի փոփոխություն՝ Գևորգ Ե վեհափառի փոխարեն նշանակելով Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանին։ Այսպիսով փորձ էր արվում հոգևոր իշխանությունը վերածելու պարզ ու հլու խորհրդային հիմնարկի։

Այստեղ մի նուրբ խորամանկություն կար՝ հուդաները հայտարարում էին, որ իրենք «հավատավոր քրիստոնյաներ են» և պայքարում են ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու, այլ՝ եկեղեցու կառավարչաձևի դեմ, ինչը բավարար չէր խորհրդային իշխանության համար։ Այդ իսկ պատճառով 1928 թ․ «Ազատ յեկեղեցուն» փոխարինեց «Անաստված» ամսագիրը։ Սա արդեն միանգամայն նոր շրջափուլ էր՝ անհաշտ պայքար կրոնի դեմ առհասարակ, որին իրենց մասնակցությունը բերեցին Ստ․ Զորյանը, Ն․ Զարյանը, Գ․ Մահարին, Դ․ Դեմիրճյանը, Լեռ Կամսարը և այլք։ Այսպիսի մտավորականների «ծափողջյունների» ներքո անաստվածների խմբակներ ստեղծվեցին քաղաքներում, գյուղերում, գործարաններում, կոլտնտեսություններում, աշխատավորական կոլեկտիվներում։ Հիմնվեց նույնիսկ անաստվածների թատերական խումբ և «Անաստվածների միություն», որի կենտրոնական խորհրդի նախագահն էր ոմն Մինաս Սարգսյան։

Ամսագիրը դադարեցրեց գոյությունը 1934-ին, որովհետև քարոզչական տեսակետից ավարտել էր առաքելությունը, հող նախապատրաստելով ստալինյան ահասարսուռ «սպիտակ ջարդի» համար։

Այժմ զուգահեռ տանեմ մերօրյա հայաստանյան իրականության հետ։

Երբ Գլխավոր անաստվածը հայտարարում է, թե ինքը «հավատավոր քրիստոնյա» է՝ բարբաջում է հերթական մոլորեցնող սուտը։ Երբ դաշնակից որոնելով հայտարարում է, թե քահանաներն իր եղբայրներն են ու ժխտողական պատասխան ստանում, կալանավորում է երկու արքեպիսկոպոսների և լույսաշխարհ նետում կարգալույծ արված հուդա-վարդապետների։ Երբ հռչակում է, թե պետք է վեհարանից դուրս բերի Գարեգին Բ կաթողիկոսին, հարց է ծագում՝ ո՞ր վեհարանից, հնի՞ց, որ կառուցել է բոլոր ժամանակների մեծագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը, թե՞ նորից, որ կառուցել է ներկայիս Մանթաշյանց Սամվել Կարապետյանը և որին ինքը կալանավորել է։

Այժմ Գլխավոր անաստվածն իր օրապահիկով վճարվող «մտավորականների» աջակցությամբ նոր Եղիշե սրբազան է փնտրում, բայց այդպիսին չի՛ք, վկա՝ Նվիրապետական աթոռների հստակ դիրքորոշումը։

Նա ընթանում է բոլշևիկների ուղով և չի՛ հաջողելու, վկա՝ Պատմությունը։

Հ.Գ.

Ինչու՞ գրեցի այս ամբողջը։ Ես շարքային հայ քրիստոնյա եմ և «իմ ձևով» պաշտպանելով հավերժական Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, ես պաշտպանում եմ իմ գոյաբանական էությունը, իմ սկզբունքները, ի վերջո՝ ծնողներիս պարգևած անունս, որ ժառանգել եմ թոռանս:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ