Եթե թույլը չհասկացավ, որ հզորների ստրատեգիայի ածանցյալ իր հնարավոր ստրատեգիայի հիմնական դրույթը պետք է լինի ջրաղացաքարերի արանքը չընկնելն ու նրբորեն մտածված չեզոքություն պահպանելը, ապա նրա գործերի վատ ընթացք ստանալու հավանականությունը կտրուկ կբարձրանա։
Եվ եթե, դրանից բացի, նույն թույլը իրեն երևակայի մեծ ստրատեգ և մտածված կերպով ու ինչ-որ դոնդողանման հույսեր փայփայելով, ընկնի ջրաղացաքարերի արանքը, ուրեմն աղետը պատրաստ է։
Ու, եթե այդ թույլը նաև պետական մակարդակի որոշումներ կայացնող եղավ, ուրեմն՝ թող ու փախի։
Ընդհանրապես, պատմականորեն թույլերին հատուկ է «շուստրի» ու միայն իրենց հասկանալի քայլերով տարբեր մեծության փոսեր ընկնելը։
Պարզապես մենք այս ուղղությամբ անգերազանցելի ենք, ու ոչ մեկը չի կարող մեզ հետ մրցել ո՛չ շուստրիության, և ո՛չ էլ փոսի մեծության հարցում։
Երբ պետական կյանքը իջնում է «տղեքով մի կտոր հաց ուտելու» մակարդակին, վաղ թե ուշ այդ պետական կյանքը այլևս չի լինի։
Գավառական «շուստրի» պարզունակությունն ու լուրջ պետականությունը անհամատեղելի բաներ են։
Մարդկանց կյանքի ու ճակատագրի հետ կատակ անելու վերջը շատ վատ է լինում, մի բան, որի փորձն ունենք։
Պավել Բարսեղյան