Մի երկու տասնամյակ առաջ ոչ ոքի մտքով չէր անցնի, թե այս «գլոբալիզացման դարը» մենք կդիմավորենք եթե ոչ կրոնական պատերազմների բոցերում, ապա առնվազն դավանաբանական լուրջ դիմակայությունների պայմաններում։ Եվ որ բոլոր քաղաքական վայրիվերումներն ու արյունալի ակտերը` սկսած Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաների ջարդերից և վերջացրած Հյուսիսային Նորվեգիայի կղզիներից մեկում «տևտոնների հաշվեհարդարով», կներկվեն միջնադարյան «հավատի արշավների» մռայլ երանգներով, որոնց վերջը չի երևում, և բնավ հայտնի չէ, թե ինչով դրանք կավարտվեն։ Ամբողջ աշխարհում քրիստոնեահրեական աշխարհայացքի և քաղաքակրթության եվրոպական նորմերի բազմադարյան տարածումից հետո մենք այժմ բախվում ենք «մահիկի» կատաղի հակահարձակմանը։ Այդ երևույթը նոր չի ծնունդ առել, բայց եթե առաջ, հավանաբար, «քաղաքականապես կոռեկտ» եվրոպացիները համեստորեն նախընտրում էին չխոսել, ապա նոր հազարամյակի առաջին տասնամյակի ավարտին ամեն ինչ բացահայտվել է, և աշխարհում տեղի ունեցող օբյեկտիվ փոփոխությունները լռության մատնել չեն կարող անգամ ամենահամառ «համամարդկային» ազատականները։ Եվ բանն այստեղ այն չէ, որ դարն սկսվել է «երկվորյակ երկնաքերների» ավերակների վրա, և նույնիսկ ոչ այն, որ «շահիդ» բառը տեղ է գտել բոլոր ժողովուրդների բառապաշարում։ Նոր դիմակայությունը դեմ է առնում ավելի առօրեական, անգամ խիստ շարքային գործընթացների, և քանի որ խնդիրները խաչվում են միլիոնավոր հասարակ մարդկանց կյանքի հետ, ուստի դրանք ավելի խոր են, ավելի ահավոր ու նաև ավելի նուրբ` տարաշխարհիկ պատճառներով. մարդիկ աշխարհում տարբեր են, ավելին, ամենևին չեն ուզում միանման լինել։ Եվ հարցն արդեն այն չէ` կպահպանվի՞ ինչ-որ «բաբելոնյան աշտարակ», գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ մարդիկ մնան դրա փլատակների տակ։
Նոր իրողություններին առաջիններից մեկը բախվեց Եվրոպան, որտեղ երկար ժամանակ թվում էր, թե ապահով ապրուստի ակնկալիքով այստեղ եկած մարդիկ անպայման պետք է դառնային «արևմտյան նախագծի» կողմնակիցներ։
Եվ այսպես, 90-ականների կեսերին ի հայտ եկավ նոր «եվրոպական արժեք»` «բազմամշակութայնությունը»։ Այն, եթե հասարակ լեզվով ասելու լինենք, ազդարարում է, որ բոլոր մշակույթները հրաշալի ու կարևոր են, և Շվեդիա կամ Հոլանդիա եկած յուրաքանչյուր ներգաղթյալ իրավունք ունի պահպանելու իր ազգի հին ու բարի ավանդույթները։ Դե, իսկ եթե որևէ մեկը չի հասկանում, օրինակ, թե ինչ երջանկություն է արաբուհու համար, որ իր եղբայրն իրավունք ունի սպանելու իրեն` ամուսնական անհավատարմության համար, կամ ինչ երջանկություն է վեցամյա սոմալեցի տղեկի համար, երբ իրեն առանց անզգայացման, հենց խոհանոցի դանակով թլպատում են, ուրեմն նա ֆաշիստ է, ավանդատյաց և, ընդհանուր առմամբ, «միասնական մարդկության» թշնամի։ Եվ որ պակաս կարևոր չէ, հարկավոր է հանգիստ հանդուրժել, որ պետական նպատակով (փաստորեն աշխատավոր գերմանացու, ֆրանսիացու, բելգիացու փողերով) ապրելը և 5-10 երեխա ունենալը (որը երեխա չէ, այլ բազմանալու միջոց) «ընչազուրկ նոր եվրոպացիների» արտոնությունն է։
Բայց Հին աշխարհամասում քաղաքացիները սովոր են ապրելու օրենքի կանոններով և նույնն ակնկալում էին նոր հարևաններից։ Սակայն բոլոր փորձերը` հարկադրելու գաղթականներին Եվրոպայում ապրելու Մարդու իրավունքների հռչակագրի կամ, գոնե, սահմանադրության համաձայն և ոչ թե շարիաթի կանոններով, առաջ են բերել ոչ միայն մերժում, այլև ագրեսիա։ Աշխարհամասի «իսլամականացման» թվեր ու փաստեր չենք բերի, այդ մասին շատ է գրվել, այդ թվում` մեր կողմից։ Բայց նշենք, որ, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, դեռ վերջերս անշրջելի թվացող գործընթացն սկսել է խափանումներ արձանագրել։ Եվրոպայում անցկացված վերջին հարցումներն անխտիր ցույց են տվել, որ ներգաղթի դեմ հանդես եկող գործիչները վայելում են բնակչության շատ ավելի մեծ աջակցությունը, և որ ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև քաղգործիչներին պարզ է դառնում, որ բազմամշակութայնությունն ընդհանուր ոչինչ չունի ավանդական եվրարժեքների հետ։
Շուտով Եվրոպայի խոշոր տերությունների, փաստորեն, բոլոր ղեկավարներն սկսեցին Անգելա Մերկելի օրինակով բացականչել. «Այդ փողերը լիովին ձախողվե՛լ են»։ Նրանք սկսեցին վարչական և օրենսդրական խոչընդոտներ հարուցել «ժողովուրդների վերաբնակության» ճանապարհին (սկանդինավյան երկրների ներգաղթի քաղաքականությունը, որն անգամ որոշ չափով մեղմացվել է Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկություններից հետո, ավելի շատ իներցիայի բացառություն է)։ Ավելին, իսլամական երկրները, դժվար է պատկերացնել, սկսեցին «մատակարարել» «իսլամական կանոնների» ավելի համառ ջատագովներ։ Գերմանիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում սկսեցին արտաքսել մարդատյաց իմամներին, ովքեր հայտարարում էին` «սեփական կնոջը ծեծելը թույլատրվում է Ղուրանով, և դա միանգամայն բնականոն երևույթ է»։ Այնուհետև ֆրանսիական իշխանություններն սկսեցին հետաքրքրվել նաև քաղաքական իսլամի գործիչներով։ Այսպես, վերջերս հայտնի դարձավ, որ փարիզյան արվարձաններից մեկի մզկիթի իմամը մոտ ժամանակներս կարտաքսվի Ֆրանսիայից։ Նա իր քարոզներում մահմեդականներին բազմիցս կոչ է արել փողը չպահել բանկերում, քանի որ դրանք հրեաներինն են, բացահայտորեն արտահայտվել է ի պաշտպանություն շարիաթի օրենքներով մահապատժի կիրառման (օրինակ` անհավատարիմ կանայք պետք է քարկոծվեն) և հանդես է եկել Ֆրանսիայի տարածքում խալիֆայության ստեղծման օգտին։
Բացի «բազմամշակութայնության սնանկացման» թվարկված պատճառներից, հարկ է նշել ևս մեկ հանգամանք, որը փլուզումը դարձնում է ավելի հիմնավոր. Արևմուտքում սկսվել է կենսամակարդակի և տնտեսական աճի անկման երկարատև շրջան, և դա գաղթականների դուրսմղման բնական պայմաններ է ստեղծում։ Մինչև վերջերս աշխատուժի ներհոսքն օգտակար էին համարում տնտեսական աճի պահպանման համար, իսկ այժմ Եվրոպայում, ամենայն հավանականությամբ, գործազրկության և աշխատավարձի կրճատման օրեր են սպասվում։ Դե, ուրեմն, դժվար չէ ենթադրել, որ գրոշներով աշխատել ցանկացողներն ավելի ու ավելի շատ կլինեն նաև բնիկների շրջանում, իսկ տասնյակ միլիոնավոր մահմեդականներ դուրս կմղվեն աշխատաշուկայից և կհայտնվեն դժվարին ընտրության առջև` կա՛մ վերադառնալ աղքատ ու անկայուն հայրենիք, որտեղ նրանց ոչ ոք չի սպասում, կա՛մ ընկնել արագ ուծացման երկանքի բերանը։ Այնպես որ, ընդհանուր առմամբ այս ամենը պարզորոշ ցույց է տալիս, որ Հին աշխարհամասում եվրոպական ու մահմեդական մշակույթների խաղաղ գոյակցության վերջը գալիս է։
Իսկ ի՞նչ վիճակ է Ռուսաստանում, չէ՞ որ այստեղ Արևմուտքն ու Արևելքը, առաջին հայացքից, ներդաշնակորեն գոյակցել են դարեր ի վեր։ Վերջերս իր ծրագրային հոդվածում Վ. Պուտինը կարծիք հայտնեց, որ աշխարհում գաղթի հոսքը կվարարի, ինչը կփոխի աշխարհամասերի նկարագիրը, և շատ երկրների չի հաջողվի ներձուլել գաղթականներին։ Նա արձանագրում է, որ շատ երկրներում ձևավորվում են ներփակ ազգային-կրոնական համայնքներ, որոնք «ոչ միայն ուծացվել, հարմարվել անգամ չեն ուզում»։ Ի պատասխան այդ վարքագծի, աճում է այլատյացությունը բնիկների շրջանում, ընդ որում կշիռ են ստանում ծայրահեղական ուժերը, լրջորեն հավակնելով պետական իշխանության, և «առաջարկվում է խոսք բացել ձուլման հարկադրելու մասին` ներգաղթի կարգի կտրուկ կոշտացման և դադարեցման ենթատեքստով»։ Ռուսաստանում, նրա կարծիքով, չնայած արտաքին նմանությանը իրավիճակն այլ է։ Անդրադառնալով ռուսական պետության կազմավորման ու զարգացման պատմությանը, Պուտինը հանգում է այն հետևությանը, թե ներկա ազգային և ներգաղթային խնդիրներն ուղղակիորեն կապված են ԽՍՀՄ-ի, իսկ ավելի ստույգ, պատմական` մեծ Ռուսաստանի փլուզման հետ, որն իր հիմքերը դրել է դեռ 18-րդ դարում։ «Երկրի փլուզմամբ մենք հայտնվեցինք քաղաքացիական պատերազմի շեմին, իսկ առանձին հայտնի տարածաշրջաններում նաև անցանք այդ շեմը, ընդ որում, հենց ազգային հողի վրա։ ՈՒժերի գերլարվածությամբ, մեծ զոհերի գնով մեզ հաջողվեց մարել այդ օջախները։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե խնդիրը լուծված է»,- նշում է նա։
Ո՞րն է ելքը` ըստ Պուտինի։ Նա գրում է, որ «ուծացման ձուլահնոցը» խափանումներ է տալիս, իսկ բազմամշակութայնացումը, որը ժխտում է ներմիավորումն ուծացման ճանապարհով և բացարձակի աստիճանի է բարձրացնում «փոքրամասնության տարբերվելու իրավունքը», բավարար չափով չի հավասարակշռվում «բնիկների նկատմամբ քաղաքացիական, վարքագծային և մշակութային պարտականություններով»։ Եվ, իբրև զրահ, Պուտինը մեջբերում է 20-րդ դարի հայտնի մտածող Իվան Իլյինի խոսքերը. «Օտար արյունն» անհնար է խեղդել, հարկավոր է բոլորին թույլ տալ աղոթել յուրովի, աշխատել յուրովի, իսկ լավագույններին ներգրավել պետական ու մշակութային շինարարության մեջ»։ ԽՍՀՄ-ում, ինչպես համոզված է ՌԴ վարչապետը, գաղափարական միատարրության պայմաններում կար մշակութային ինքնատիպության պահպանման ուղի, միշտ հաշվի էին առնվում հանրապետությունների ազգային մշակութային պահանջմունքները։ Նրա առաջարկության իմաստն այն է, որ ազգային պետություններում առավելագույնս պահպանվեն դաշնության տարրերը, մարդիկ համախմբվեն «ինքնատիպ քաղաքակրթության», նախնիների ժառանգության հիմքի վրա, որն անհրաժեշտ է պահպանել ներկա տեսքով։ Այսինքն, առաջարկվում է մարքսիզմ-լենինիզմի կոնկրետ գաղափարախոսությունը փոխարինել, օրինակ, «եվրասիականության» մտահայեցողական գաղափարով։ Եվ ինչո՞վ է այն զիջում բազմամշակութայնությանը, որի մայրամուտի մասին ազդարարում է Պուտինը։
Այդ երկու հակասական տեսությունները պատասխան, կարծես, չեն տալիս։ Պուտինը չի կարծում, թե ազգամիջյան հարաբերությունների խնդիրներն են հակամարտությունների հիմքը։ Նրա համոզմամբ` սոցիալական դժգոհություններն ազգային բնույթ չունեն և սոսկ ազգամիջյան հարաբերությունների շղարշով են պատված։ Նա համարում է, որ այդ խնդիրների լուծման գլխավոր եղանակը պետության կարգավորող և պատժիչ գործառույթների ուժեղացումն է, ինչպես նաև համակողմանի դաստիարակչական աշխատանքը, հատկապես կրթության համակարգում։ ՈՒ թեև ռուս ժողովրդին պետականակազմ կարգավիճակ է վերագրվում, Ռուսաստանի մասին խոսվում է որպես «ռուսական պետականության» մասին, ընդգծվում է ռուսական մշակութային գերակայությունը, նա հրաժարվում է մարդկանց նոր ընդհանրության` «ռուսաստանցիների ազգի» ստեղծումից։ Ըստ էության, նա կարծում է, որ ազգային պետության հայեցակարգը Ռուսաստանին պիտանի չէ։ Սակայն հարկ է նկատել, որ բազմամշակութայնության ճգնաժամն Արևմուտքում ամենևին էլ ազգային պետության ճգնաժամ չէ։ Ավելին, բազմամշակութայնությունը հենց շեղումն է հասարակության ազգայնականացման քաղաքականությունից, երբ փոքրամասնությունները հաղորդակցության մեջ են մտնում մեծամասնության հետ` իրենց արժեհամակարգը ենթարկելով բնակության երկրի ընդհանուր արժեքներին։ Եվ հենց հասարակության միասնության ապահովման ոլորտում ի հայտ եկած անկումն է ստացել «բազմամշակութայնության ճգնաժամ» անվանումը, որին տրամաբանորեն հետևում է ազգայնականության և ազգի միասնության սոցիալական տեխնոլոգիաների վերածնունդը։ «Մշակութային քաղաքականություն, որը բոլոր մակարդակներում` դպրոցական դասագրքերից մինչև պատմական վավերագրականություն, ձևավորեր պատմության ընթացքի միասնության այնպիսի ընկալում, որի համաձայն, ամեն ազգի ներկայացուցիչ, ինչպես և «կարմիր կոմիսարի» կամ «սպիտակ սպայի» սերունդ, իր տեղը տեսներ, իրեն զգար որպես Ռուսաստանի հակասական, ողբերգական, բայց մեծ պատմության ժառանգորդ»,- ասում է վարչապետը։ Բայց սրանք ընդամենը իրականությունից հեռու, գեղեցիկ, բայց ներկա իրավիճակում բացահայտորեն թույլ իրագործելի խոսքեր են։ Եվ պարզ է դարձել, որ այն, ինչ Եվրոպայում ենթակա է պահպանման և խառնումից ու միջակացումից փրկման, Ռուսաստանում, ընդհակառակը, միշտ եղել է շաղախված, իսկ մշակութային ինքնատիպությունը կարող էր լինել զուտ գավառական, ինքնուրույն գոյությունից զուրկ։ Եվ ինչ էլ ասելու լինեն, հատկապես ընտրություններից առաջ, մինչև հիմա Ռուսաստանի հասարակական կյանքի և նրա պետական հաստատությունների գործունեության վրա առաջին հերթին ազդեցություն է գործում «ձուլահնոցի» տրամաբանությունը, ինչպիսին էր Խորհրդային Միությունը, որը խորհրդային մարդ էր դրոշմել։
Ինչպես երևում է, այդ «հնոցը» մնացել է ռուսների գլխում, թեև դրա կրակը վաղուց է մարել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից