Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ է գծագրվում Մադրիդի «Ռեալում»

Ի՞նչ է գծագրվում Մադրիդի «Ռեալում»
15.01.2013 | 12:06

Ավարտվեցին եվրոպական ֆուտբոլային առաջնակարգ տերությունների առաջնությունների հերթական հանդիպումները: Ինչպես միշտ, կար ցանկացած ճաշակի խաղ, իսկ դրանցից մի քանիսը` անսպասելի ռեժիսուրայով, չսպասված հանգուցալուծումներով: Սակայն ընթերցողը թող անակնկալի չգա, եթե մենք այս նյութում գերազանցապես ծանրանանք Մադրիդի «Ռեալի» վրա, իսկ մնացած խաղերը ներկայացնենք զուտ վիճակագրական տվյալներով, այն էլ` նյութի վերջում: Հավատացեք` նման մոտեցման համար ավելի քան հիմնավոր պատճառ կա, ու այն լոկալ բնույթի չէ:

«ՓԱՐՍԱԴԱՆԻ ՈՐԴԻ ՄՈՒՐԱԴԸ»
Այնքան էլ շատ ժամանակ չի անցել, որ հասցնեիք մոռացության տալ ֆուտբոլային տարվա նշանավոր իրադարձություններից մեկը` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, որին Ժոզե Մոուրինյոն չմասնակցեց քթի տակ գավաթային կարևորագույն խաղ ունենալու պատճառով կամ հիմնավորմամբ:
Հասկանալի է` սա նրա վարկածն է: Սակայն այդ ո՞վ է այս աշխարհի գերագույն միամիտը, որ հավատա Գյուլնազ տատի հեքիաթներին:
Բոլորին էլ ավելի քան հայտնի է, թե ինչու չգնաց:
Չգնաց, որովհետև հրաշալի գիտեր` որքան էլ ընտրյալ եռյակի մեջ է, «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգն իրեն չէր բաժին հասնելու: Իսկ եթե իրեն բաժին չէր հասնելու, ի՞նչ` հասներ Ցյուրիխ, որ ծափահարեր Բոսկեի՞ն, թե՞, որ ավելի ստորացուցիչ տարբերակ է, Գվարդիոլային:
Հասկանում ե՞ք` ինչ եք ասում. ուրեմն ինքը` «Փարսադանի որդի Մուրադը», գնար հասներ Ցյուրիխ, ու իրեն ասեին` «նիե՜՞տ»:
Լա՜վ: Ընդունենք, որ ես փոքր-ինչ չափազանցում եմ, իրականում նա այդ աստիճանի ամբիցիոզ չէ և իր անձնականի համար չէ, որ տապակվում է: Հիմք` վերը հիշատակված գավաթային խաղի բացառիկ կարևորությունը:
Ընդունենք: Սակայն այստեղ միջանկյալ նշենք, որ Մոուրինյոյի փաստարկին այնքան էին «լրջորեն» հավատացել մրցանակաբաշխության կազմակերպիչները, որ իրենք էլ իրենց արհամարհելուն պատասխանել էին դիվանագիտության չափազանց լուրջ լեզվով: Հիշո՞ւմ եք Բոսկեի ու Գվարդիոլայի խնդուն դեմքերի կողքին Մոուրինյոյի մտահոգ դեմքով ու հրացայտ հայացքով լուսանկարը` ամբողջովին նվիրված «Սելտայի» հետ սպասվելիք դարակազմիկ հանդիպումից առաջ նրա ունեցած մտահոգություններին ու տագնապներին: Բա ի՞նչ` կարծում եք` վիրավորանքին վիրավորելով չէի՞ն պատասխանելու, թե նոր տուն բերած հարսի պես լռելու էին:
Ինչևէ:
Իր Ցյուրիխ չգնալով ու «Սելտայի» հետ գավաթային հանդիպմանը բացառիկ կարևորություն տալով` խոստովանենք, որ Մոուրինյոն արժանավայել հաշվով շահեց խաղը (4:1-ը կատակ հաշիվ չէ)` «Ռեալը» դուրս բերելով քառորդ եզրափակիչ:
Այո, մրցակցի նկատմամբ «Ռեալի» հաղթանակը հնարավոր դարձավ շնորհիվ Մոուրինյոյի կախարդանքի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այդ նույն մեծ քուրմն իր հզոր կախարդանքով անատամ գտնվեց առաջնության հետնապահի` «Օսասունայի» հետ խաղում` բավարարվելով 0:0 արդյունքով:
Խաղն ինչու ավարտվեց այդպե՞ս:
Կարծում եք` նրա համար, որ առաջնությունը համարում է ավարտվա՞ծ:
Միամիտ չլինեք ու ոչ էլ ձեզ զուր մի կերակրեք «խաղ է, ամեն ինչ էլ կլինի» փիլիսոփայությամբ:
Խաղն այդպես ավարտվեց, որովհետև հանդիպմանը ներկա չէր իսպանական ֆուտբոլին շունչ ու արյուն տվող պորտուգալական մյուս հզոր ուժը` քրմապետի հոգևոր զավակ Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ առանց պորտուգալացի հարձակվողի, նրա կայուն համոզմամբ, «Ռեալը» միթևանի թռչուն է:
Մանրամասնե՞մ, թ՞ե ինքներդ գլխի կընկնեք, թե այս խաղն ի՛նչ դեմարշ էր և ո՛ւմ դեմ էր ուղղված կամ թե ինչ մեսիջ էր Եվրոպայում բնավորված աշխարհի արաբական կողմերի ներկայացուցիչներին` իրենց ՊՍԺ-ներով կամ Եվրոպայում գտնվող, սակայն Եվրոպայից ամեն ինչով առանձնացող կղզի երկրի հրեական աշխարհը ներկայացնող քսակատերերին:
Իսկ այն, որ Մոուրինյոն տեղից անակնկալ վեր է թռչում ու, գնդակը խլելով, հարվածում է մրցավարների ուղղությամբ, եղածը մի ընկալեք որպես իսպանացի մրցավարներին ուղղված հարված: Այն պարզապես գրանցեք նրա բնավորության իմպուլսիվությանը: Որ նա մտնում է խանութ ու ոտքով հարվածում է հաճախորդին, դա մի գրանցեք որպես շարքային իսպանացուն կամ իսպանական հասարակությանն ուղղված հարված: Գրանցեք, արդեն գիտեք, նրա ինչի հաշվեմատյանին: Որ նա պարբերաբար թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ բախման մեջ մտնելով (ընդ որում` ոչ միայն սեփական ակումբի), նրանց նկատմամբ կամայականություններ թույլ տալով խաղում է նրանց, ակումբի (ակումբների) ղեկավարության ու այս երկուսի հետ մեկտեղ իսպանացի ֆուտբոլասերների նյարդերի հետ` դրանց լրջորեն մի նայեք: Արդեն գիտեք` դրանք որպես ինչ ընդունել ու որտեղ գրանցել:
Չգիտեմ, ձեզ համար ինչպե՞ս, սակայն ինձ համար միանշանակ է` մրցաշրջանի ավարտին Մոուրինյոն կլքի «Ռեալը», ու ակումբի ղեկավարությունը կվճարի նրա բացթողնման գինը: Գուցե ես սխալվում եմ, սակայն թողեք մնամ իմ կայուն սխալ համոզմունքին` հավատալով, որ, որքան էլ բարձրակարգ մասնագետ է Մոուրինյոն, ակումբի ղեկավարությունը հանուն նրա չափից ավելի զիջումների է գնացել և չի շարունակի անվերջ զիջման քաղաքականությունը: Կամ, ծայրահեղ դեպքում, երկար չի շարունակի:
Ինձ համար միանշանակ է մի ուրիշ բան էլ: Եթե ակումբն այսօր ավելի քան ինտենսիվ Ֆալկաո է փնտրում, փնտրում է Կավանի կամ երրորդ այլ հարձակվող, ովքեր խաղային ձեռագրով, եթե չասենք` Ռոնալդու են, ապա գոնե գոլային զգացողությամբ նրան են հիշեցնում, ուրեմն ինչ-որ բան լրջորեն այնպես չէ:
Եվ այդուհանդերձ, Մոուրինյոն «Ռեալից» հեռանալու դեպքում կաշխատի ամեն ինչ անել հնարավորինս մեծ աղմուկով:
Աղմուկ ասելով` մենք նկատի ունենք դուռը ոչ թե մեծ շրխկոցով, այլ շռնդալից փակելը: Ճիշտ է, այդ շռնդոցի մեջ դժվար մտնի առաջնությունում հաղթելը, սակայն որ ամեն ինչ կարվի երկրի գավաթին ու Չեմպիոնների լիգայի գավաթին մադրիդռեալյան գրանցում տալու համար, կասկած չկա: Սա, եթե կուզեք իմանալ, երևի ոչ այնքան սեփական կարևորությունն ու անփոխարինելիությունը ցույց տալու համար, որքան սեփական գինը բարձրացնելու: Համենայն դեպս, անվիճելի է մի բան` թե ինչն ինչի համար կարվի, միևնույն է, շահողը մնում է մեծն ֆուտբոլը, որը, ի դեպ, հետաքրքիր է նաև իր անդրկուլիսյան կողմերով:

ԵՎ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԳՐԱՆԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իր վերջին երեսունյոթ տարվա պատմության մեջ «Մանչեստր Սիթին» արտագնա խաղում առաջին անգամ հաղթեց «Արսենալին»: Հաղթական է ավարտել հանդիպումը նաև Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեստր Յունայթեդը», որը 2:1 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ: Մրցանակային եռյակում շարունակում է մնալ և «Չելսին»: Այն հյուրընկալվելիս 4:0 հաշվով գերազանցել է «Սթոք Սիթիին»:
Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնը» «Մալագային» նրա իսկ հարկի տակ հաղթել է 3:1 հաշվով (գոլերից մեկի հեղինակը Մեսին է): Օգտվելով Մադրիդի «Ռեալի» «սայթաքումից»` մայրաքաղաքային մյուս թիմը` «Աթլետիկոն», ի հաշիվ «Սարագոսայի» նկատմամբ հասած առավելության (2:0), ավելի է ամրապնդվել երկրորդ հորիզոնականում` նրանից ունեցած միավորների տարբերությունը հասցնելով յոթի:
«Պարմայի» հետ արտագնա խաղում միավոր կորցնելով (1:1)` «Յուվենտուսը» երկրորդ տեղում ընթացող «Լացիոյից» (սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Ատալանտային») արդեն երեք միավոր հեռավորության վրա է: Երրորդն այստեղ քառասուն միավոր ունեցող ու «Լացիոյից» ընդամենը երկու միավորով հետ մնացող «Նապոլին» է, որը հյուրընկալելիս 3:0 հաշվով առավելության է հասել «Պալերմոյի» նկատմամբ:
Ֆրանսիայի առաջնությունում քառասունմեկ միավորով առաջատարը «Լիոնն» է, որը արտագնա խաղում հաղթել է «Տրուային» (2:1): Նրան կարող էր հավասարվել «Մարսելը», եթե առավելության հասներ «Սոշոյի» նկատմամբ: Սակայն վերջինս բավական անհյուրընկալ գտնվեց (3:1): Այստեղ երկրորդ հորիզոնականը երեսունինը միավորով զբաղեցնում է ՊՍԺ-ն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ