Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմին Թ. Վեգների խզմալյանական մեկնաբանումը ցնցեց գերմանացի հանդիսատեսին

Արմին Թ. Վեգների խզմալյանական մեկնաբանումը ցնցեց գերմանացի հանդիսատեսին
04.10.2013 | 11:33

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Բոխում քաղաքում ցուցադրվեց «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարանի» հիմնադիր անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Թ. Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը: «Կայսերական Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» թեման գերմանացի և այլազգի մտավորականների հետ Բոխում համալսարանական քաղաքում քննարկելու համար անվանի ռեժիսորին այստեղ էին հրավիրել «Քվերենբուրգ գրադարանի ընկերներ» (համալսարանական կենտրոնի գրադարան) կազմակերպությունը, «Արմին Թ. Վեգներ ընկերությունը» և Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» գիտամշակութային միությունը: Ֆիլմի ցուցադրման համար իր դահլիճը սիրով տրամադրել էր Բոխումի պատմության կենտրոնական արխիվը: Խզմալյանի այս ֆիլմը արդեն թարգմանվել է բազում լեզուներով: Այն 2012 թ. Եվրոպայի Հայկական համագումարի կողմից (պատասխանատու` Ժիրայր Քաջավյան) թարգմանվեց նաև գերմաներեն և ցուցադրվեց Քյոլնում ու Մայնի Ֆրանկֆուրտում: Այնպես որ, ֆիլմն արդեն մեծ արձագանք էր գտել Գերմանիայում, որի վառ ապացույցն էր Բոխումի լեփ-լեցուն դահլիճը: Բոխում կատարած հայ մտավորականի այցին և քաղաքային արխիվի փաստագրական ֆիլմերի դահլիճում ֆիլմի ցուցադրմանն ու քննարկմանը լայնորեն արձագանքեցին քաղաքային ու մարզային թերթերը (Westdeutsche Allgemeine Zeitung, WAZ 19.09.2013, 25.09.2013; Ruhr Nachrichten 24.09.2013 և այլն), ինչպես նաև Բոխումի ռադիոն (Radio Bochum -98.5, 25.09.2013) և համացանցային բազմաթիվ լրատվամիջոցներ: Ցուցադրմանն ու դրան հաջորդող քննարկմանը ներկա էին Բոխումի և Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի զանազան քաղաքներից ժամանած հայ, գերմանացի, լեհ, ռուս, պարսիկ, ասորի, պաղեստինցի արաբ, քուրդ, լազ, դերսիմցի և հրեա մտավորականներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Բելգիայից: Երեկոյի բացումը կատարեց «Արմին Թ. Վեգներ ընկերության» նախագահ ՈՒլրիխ Քլանը:
Ֆիլմն ավելի քան հուզիչ է: Այն պատմում է գերմանացի զինվորական բուժաշխատող, քնարերգու, գրող-հրապարակախոս և լուսանկարիչ Արմին Թ. Վեգների մասին: Հայոց ցեղասպանության ականատեսն ու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանը, չնայած Օսմանյան կայսրության արգելքներին, վտանգելով իր կյանքը, լուսանկարում է հայ ժողովրդի ոչնչացման դաժան տեսարանները և, ինչպես ինքն է գրում, «ուզում է իր լուսանկարներով գոնե ինչ-որ չափով օգտակար լինել հայ ազգին»:
Ֆիլմը պատմում է, թե ինչն էր Առաջին համաշխարհային պատերազմի իրական պատճառը: 20-րդ դարի սկիզբը բնորոշվում է գիտության թռիչքներով և տեխնիկական նոր նվաճումներով, ինչը պահանջում էր վառելիքի նոր աղբյուրներ: Օսմանյան նավթը Գերմանիա ներմուծելու համար Գերմանիային հարկավոր էր Բեռլին-Բաղդադ երկաթուղին, որն էլ կառուցելու համար հարկավոր էին հարյուր հազարավոր բանվորներ, գերադասելի էին հայ, որը Օսմանյան կայսրության ամենաաշխատունակ և գյուղատնտեսապես զարգացած ազգն էր: Գերմանիան ծրագրում է ճամբարների կառուցում բանվորների և նրանց ընտանիքների համար: Օսմանյան կայսրությունն ընդունում է Գերմանիայի այս առաջարկը, իհարկե, այլ նպատակներով: Մեծ Բրիտանիան, գերմանա-թուրքական համատեղ գործունեությամբ մտահոգ, դադարեցնում է թուրքերի նկատմամբ իր ջերմ քաղաքականությունն ու սկսում է աջակցել Սերբիայի, Հունաստանի և Բուլղարիայի ազատագրմանը: Օսմանյան կայսրությունը իր ողջ չարությունը թափում է երկրի քրիստոնեական փոքրամասնությունների, առաջին հերթին հայերի վրա: Թուրքերն օգտագործում են Առաջին համաշխարհային պատերազմը, ինչպես նաև Գերմանիայի մշակած հայերի տեղահանման պլանները, բայց ոչ թե Գերմանիայի մեծ երազանքը կատարելու, այլ հայերի զանգվածային կոտորածը կազմակերպելու համար: Հայերի տեղահանումները վերածվում են դաժան ցեղասպանության: Ցեղասպանություն, որը մինչ այսօր Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլոց կողմից դեռ չի ճանաչվել:
Ֆիլմը ցուցադրում է Արմին Թ. Վեգների լուսանկարները, որոնք այս ցեղասպանության անհերքելի փաստարկներն են: Ֆիլմում ընթերցվում են նաև գերմանացի գործչի հայտնի բաց նամակն ԱՄՆ-ի նախագահին, թեմային առնչվող նրա գրական աշխատանքները... Ռեժիսորի գնահատմամբ` Արմին Թ. Վեգների գործունեությունն անգնահատելի է հայ ժողովրդի համար:
«Արմին Թ. Վեգները փրկեց Գերմանիայի և ողջ աշխարհի պատիվը: Ես ստեղծել եմ այս ֆիլմը ոչ թե հայերի, այլ Գերմանիայի և ողջ աշխարհի համար: Արմին Թ. Վեգները, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը փրկեցին իրենց սերունդը»,- ասում է Տիգրան Խզմալյանը ֆիլմի ցուցադրումից հետո: Ֆիլմում հնչում է Արամ Խաչատրյանի հանրահայտ երաժշտությունը:
Ֆիլմից հետո հյուրերը վայելեցին Կոմիտասի «Կռունկը» Հայաստանի Հանրապետությունից ժամանած ջութակահարուհի և երգչուհի Անի Պիվազյանի փայլուն կատարմամբ:
Ֆիլմն իրոք ցնցեց հյուրերին: Շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Ազդվելով ֆիլմում ներկայացվող սահմռկեցուցիչ տեսարաններից, գերմանահայ ներկաներից ոչ ոք ֆիլմից հետո չկարողացավ ստանձնել թարգմանչի գործը: Հյուրերը ստիպված էին ռեժիսորի հետ քննարկումները վարել անգլերեն:
«Ես չեմ ընդունում «գերմանական մեղք» հասկացությունը,- ասում է ռեժիսորը։- Սա մեծ հոգեբանական խնդիր է: Սա բարոյական խնդիր է: Դա շատ ցավագին են ընդունում գերմանացիները, որովհետև նրանք գիտակցում են իրենց դերը: Ես նախընտրում եմ խոսել ոչ թե «գերմանական մեղքի» մասին, այլ այն մարդկանց, ովքեր փրկեցին Գերմանիայի պատիվը»:
Տիգրան Խզմալյանը խոսեց նաև Ադրբեջանի իրականացրած բարբարոսության մասին: «Գենոցիդը կրկնվեց այն պարզ պատճառով, որ մենք հայ ենք: Մինչ այդ ես չէի հասկանում, թե ինչ է հայ լինելը: Հասկացա, որ ես էլ կարող էի սպանվել»: Հարցին, թե կգա՞ արդյոք այն օրը, երբ աշխարհի հեռուստատեսությունը կցուցադրի Վեգների մասին ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց. «Այդ օրը եկել է: Կառավարությունը կորցրել է տեղեկատվության մենաշնորհը։ Մենք անցնում ենք հեռուստատեսային դարից համացանցային դար: Նայում են այն, ինչ ուզում են, և այնտեղ, որտեղ ուզում են: Ֆիլմն ապրում է իր սեփական կյանքով»։
Տխուր երեկոն ավարտվեց լավատեսական նոտայով. Անի Պիվազյանը գերմաներեն կատարեց Շտրաուսի «Mein Herr Marquis»-ը: Այս շնորհակալական կատարումը նվիրվեց Վեգների հիշատակին:
Սեպտեմբերի 27-ին Տիգրան Խզմալյանի երկու այլ ֆիլմեր` «Արարատ-73» և «Շախմատը կամ արքայի մահը», ցուցադրվեցին Համբուրգում` հայ երիտասարդական «Կիլիկիա» միության ու Համբուրգի հայ համայնքի ջանքերով:
Այժմ Տիգրան Խզմալյանը պատրաստում է իր հաջորդ` «Թագուհիներ հայոց» ֆիլմը։ Այս առիթով նա պատմաբան Ազատ Օրդուխանյանի ուղեկցությամբ այցելեց Քյոլնի Սուրբ Պանթալիոն եկեղեցում ննջող, ազգությամբ հայ, 10-րդ դարում Գերմանիայի թագուհի Թեոֆանուի գերեզմանը, որն իր իմաստուն քաղաքականությամբ մեծ դեր է խաղացել Գերմանիայի և առհասարակ Եվրոպայի պատմության մեջ:
Այն հարցին, թե որն է իր նկարահանած ֆիլմերից ամենահարազատը, նա պատասխանեց. «Այն, ինչ հիմա եմ անում: Կանայք ցանկացած ազգի մեջ վերնախավ են: Իսկ քանի որ մենք յուրահատուկ ազգ ենք, մեր կանայք եզակի երևույթ են»:
Ֆիլմը պատրաստ կլինի 2013-ի վերջին: Հավանական է Տիգրան Խզմալյանի այցը Գերմանիա 2014 թվականին, այս անգամ, բնականաբար, հայ կնոջը մեծարող իր նոր ֆիլմով:


Զինա ԳՅՈՒՐՋՅԱՆ-ՎԱՅԼԱՆՏ
Բոխում, Գերմանիա

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ