Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ

Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ
17.10.2013 | 12:15

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան: «Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս: Այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկում էին, թե որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և որն է դրանց լավագույն պատասխանը: Ֆորումի մասնակիցները համաձայնության եկան մի հարցի շուրջ, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում: Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն, ինչը նշանակում է, որ երիտասարդներին պետք է տրամադրվեն մտածողության նոր գործիքներ:
Կառավարության ղեկավարի համոզմամբ` բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, սկսած մանկապարտեզից-դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս: «Եթե դուք բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ժամանակակից հասարակության հիմքը համալսարաններն են, որոնց շուրջ պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ»,- դիմելով համաժողովին ներկա ուսանողներին` նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում:
Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից:

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ