Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որպեսզի ԳՄ-ն չհիշվի միայն համագումարներով

Որպեսզի ԳՄ-ն չհիշվի միայն համագումարներով
20.10.2013 | 14:06

Այսօր Գրողների միության արտահերթ համագումարն է: Եթե կյանքից անժամանակ չհեռանար ԳՄ նախագահ Լևոն Անանյանը, մեկ էլ չորս տարի հետո էինք հիշելու այս միության մասին:

ԳՄ համագումարները միշտ էլ անցել են աղմկոտ, երբեմն՝ նաև սկանդալներով են ուղեկցվել: Եղել է համագումար, որի ժամանակ լրագրողի ֆոտոապարատն են ուզեցել ջարդել ԳՄ նախկին քարտուղար Աբգար Ափինյանի կողմնակիցները:

Չնայած իր աղմկարարությանը, արդեն երկու տասնամյակ է, ինչ լսում ենք, որ ԳՄ-ն, ինչպես նաև՝ ստեղծագործական մյուս միություններն իրենց սպառել են, նրանք Սովետի մնացուկներ են, պետք է լուծարվեն: Ասվում է, գրվում է, խոսվում է, բայց ստեղծագործական միությունների նախագահ դառնալու, այդ միությունների ընձեռած արտոնություններից օգտվելու համար շարունակում են իրար գլուխ ջարդել, միմյանց հետ թշնամանալ:

Ժամանակակից գրողներին եթե հարցնես՝ իրենք իրենց անձնական կապերն օգտագործելով են մեկնում արտերկիր, մասնակցում այնտեղ գրական հանդիպումների, գրական կապեր ստեղծում, թարգմանվում, ճանաչում ձեռք բերում արտերկրում: Նրանցից ոչ բոլորն են Գրողների միության անդամ:

Գրական մամուլի մասին էլ կարծես թե քչերն են հիշում: Այսօր անգամ ընթերցասեր, գրականությանը մոտ կանգնած մարդիկ չգիտեն, թե որն է, օրինակ, «Գրական թերթ»-ի առաքելությունը, ով է նրա ընթերցողը, ովքեր են այնտեղ տպագրվում, իսկ խորհրդային իշխանության տարիներին որպես այլակարծության «օազիս» ներկայացող «Գարուն» ամսագրի մասին հասցրել են մոռանալ:

Վերջին տասնամյակում գրական կյանքի նորամուծություններից է «Արտասահմանյան գրականություն» հանդեսը, որը տպագրում է բնագրից հայերեն թարգմանված օտար հեղինակների գրական գործերը: Սակայն այս հանդեսն իր տեղը գրական կյանքում հաստատեց բացառապես նրա խմբագիր Սամվել Մկրտչյանի ջանքերի ու կապերի շնորհիվ, որովհետև Գրողների միությունը նրան աջակցություն չի ցուցաբերում:

Եթե Գրողների միությունն անհրաժեշտ է, առաքելություն ունի հետխորհրդային իրականության մեջ, ապա նա պետք է առաջինը զբաղվի գրական մամուլին աջակցելով, տաղանդավոր գրողներին ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելով, ոչ թե իր անդամների թիվը կրկնապատկելով-բազմապատկելով, նրանց տարեկան մեկ անգամ Ծաղկաձորի հանգստյան տան անվճար ուղեգիր տրամադրելով:

Եթե Գրողների միությունն իսկապես զբաղվի իր բուն գործով, ապա, կարծում ենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, գրողին կկարողանանք տարբերել գրամոլից, ճանապարհ կբացվի տաղանդավորի համար, ԳՄ-ին տրված սուղ միջոցներն էլ կծառայեն գրական կյանքը բնական հուն տեղափոխելուն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ