Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռադիո Այգը» փարոս է ունկնդրի համար»

«Ռադիո Այգը» փարոս է  ունկնդրի համար»
01.11.2013 | 11:45

Դեռևս Երևանում առիթ էի ունեցել ծանոթանալու հալեպահայ Շաքե Մանգասարյանի հետ, ով, ինչպես հետո պարզվեց, Դուբայում գործող «Ռադիո Այգ» օնլայն ռադիոկայանի հիմնադիր տնօրենն է: Նա ռադիոկայանի համար հայ կատարողների ձայնասկավառակներ էր գնում: «Ռադիո Այգը» ողջ օրվա ընթացքում, բացի հաղորդաշարերից, նաև տարբեր երաժշտական ճաշակ ունեցող ունկնդիրներին ներկայացնում է հայ և օտարերկրացի կատարողներին: Ինչպես մեր ծանոթության ժամանակ տիկին Շաքեն վստահեցրեց, ռադիոկայանի ձայնադարանը պարբերաբար նորացվում է:
Ես նրան հանդիպեցի նաև ԱՄԷ-ում, որտեղ էլ մանրամասն ներկայացրեց «Ռադիո Այգի» գործունեությունը: Իմ այն հարցին, թե ինչու է ընտրվել օնլայն ռադիոկայանի տարբերակը, տիկին Շաքեն պատասխանեց. «Մեծ ցանկություն ունեմ, որ «Ռադիո Այգը» հեռարձակվի FM կամ AM ալիքներով, բայց դրա համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Փորձեցինք ֆինանսավորման աղբյուրներ գտնել, սերտեցինք այս ոլորտի պահանջները: Առայժմ «Ռադիո Այգը» դրսից չունի ֆինանսավորում, նրա գործունեությունը ֆինանսավորվում է միայն մեր անձնական միջոցներով: Օնլայն տարբերակն ավելի մատչելի է: Սա ոչ կոմերցիոն կայան է, բացի այդ, այսպես ավելի հասանելի ենք սփյուռքի բոլոր գաղթօջախներում և հայրենիքում»: Տիկին Շաքեն հավելեց, որ եթե համագործակցության առաջարկներ լինեն, սիրով կընդունեն: Նրանք պատրաստ են այդ համագործակցության բերած եկամտի մի մասը նվիրաբերելու մանկատներին, ծերանոցներին, կարիքավորներին:
«Ռադիո Այգը» վերջերս տոնեց իր գործունեության երկամյակը, և բազմաթիվ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները վկայում են, որ այն սիրելի է դարձել մեծ լսարանի համար: Հետաքրքիր է, թե ինչպես է նրանց հաջողվել գրավել ունկնդիրներին, ապահովել կայուն լսարան: «Նախքան «Ռադիո Այգը» մենք ունեինք կոնտակտային ցանց, որով տեղեկացրինք մեր մասին: Այս հարցում մեզ օգնեց նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված էջը , որն այսօր 2671 հետևող ունի: Մենք քսանչորս ժամ եթերում ենք: Սա մարտահրավեր է մեզ համար և զոհողություններ է պահանջում: Ես և իմ գործընկերները գնում ենք այդ զոհողությանը, որ օգտակար լինենք ներկա և ապագա սերունդներին, եթերը հարստացնենք ականջ շոյող հաղորդաշարերով և երաժշտությամբ: ՈՒնկնդրին, ի տարբերություն հեռուստադիտողի, դժվար է գրավել և պահել ռադիոընդունիչի մոտ»: Նա նաև ավելացրեց, որ եթերային ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում ունկնդիրների նախընտրությունները. ոմանց միայն հաղորդաշարերն են հետաքրքրում, ոմանց՝ միայն երաժշտությունը: Բացի այդ, հաշվի են առնվում նաև սփյուռքի տարբեր գաղթօջախներում գործող ժամային գոտիները, փորձում են օրվա տվյալ ժամին համապատասխան երանգ հաղորդել եթերին: «Մեր առաջընթացը կարճ ժամանակում նախանձելի էր: Գոհ ենք, մենք ունենք մեր մշտական լսարանը»: Հաղորդաշարերից յուրաքանչյուրը հեռարձակվում է ֆիքսված օրը և ժամին, ինչն ունկնդրին ստիպում է սպասել տվյալ հաղորդաշարին: Հաղորդաշարերը և ընդհանրապես «Ռադիո Այգի» եթերը ապահովում է տասը հոգուց կազմված աշխատակազմը, որոնց մեծ սիրով ներկայացրեց տիկին Շաքեն, նաև շնորհակալություն հայտնեց բոլորին՝ նվիրված և անշահախնդիր աշխատանքի համար: Բայց, բնականաբար, ողջ եթերի պատասխանատվությունը ծանրացած է հիմնադրի ուսերին: Ինչ վերաբերում է հաղորդաշարերին, ապա ամեն երկուշաբթի ուղիղ եթերում ունկնդիրը կարող է լսել պատմաբան և քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Կարապետ Մոմջյանի՝ «Մեր ազգին հուզող հարցեր» հեղինակային հաղորդաշարը, որը վարում է Արամ Բեքարյանը, իսկ ամեն չորեքշաբթի ուղիղ եթերում կարող է լսել «Պատմական հարցեր՝ սկսած հայ ժողովրդի ծագումից» հաղորդաշարը: Այն վարում է հեղինակը՝ Կարապետ Մոմջյանը: Ամեն հինգշաբթի Մաշտոց Չոբանյանն ունկնդրին ծանոթացնում է «Աստվածաշունչ մատյանին», Անդրանիկ Սեֆերյանն էլ ներկայացնում է Արևմտյան Հայաստանի մեր ակունքները: ՈՒնկնդիրը կարող է լսել նաև Շաքե Մանգասարյանի պատրաստած լրաքաղը և հեղինակային «Դոկտոր Այգ Կլինիկ» խորագրով հաղորդաշարը, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է պատասխանել իրեն տրվող հարցերին, ինչի հիման վրա հեղինակը հոգեբանական թեստի միջոցով տվյալ անձի վերաբերյալ հանգում է որոշակի եզրակացության: Կայքէջում գործում է նաև ռադիոակումբ, որի անդամները կարող են հարցեր ուղղել միմյանց և «Ռադիո Այգին» կամ պարզապես հաղորդակցվել միմյանց հետ:
«Ռադիո Այգը» նաև ուշադրություն է դարձնում օտար լեզուների ուսուցման ռադիոտարբերակին: Սա հետաքրքիր փորձարարական նախագիծ է, որի հեղինակը Շաքե Մանգասարյանն է, ով, ի դեպ, սովորել է ԵՊՀ ռոմանա-գերմանական ֆակուլտետում, տիրապետում է մի քանի լեզուների, և հենց լեզուների հանդեպ անսահման սերն էլ ստիպել է նրան կյանքի կոչել այս նախագիծը: Անձամբ վարում է իսպաներենի, հունարենի դասընթացները: Ի դեպ, այստեղ մեծ սիրով և գրկաբաց ընդունում են համագործակցության առաջարկները: Շուտով «Ռադիո Այգով» անգլերենի ուսուցիչը սեփական դասավանդման ծրագրով կվարի անգլերենի ուսուցման դասընթացները, կլինի նաև ֆրանսերենի ուսուցում: Տիկին Շաքեն ռադիոկայանի գլխավոր առանձնահատկություններից մեկը համարում է այն, որ բոլոր հաղորդաշարերը ուղիղ եթեր են հեռարձակվում:
Մեր զրույցի ավարտին հարցրի, թե սերտ համագործակցություն կա՞ Դուբայի և Հյուսիսային էմիրությունների, Աբու Դաբիի ազգային վարչությունների, ՀՀ դեսպանության և «Ռադիո Այգի» միջև: Նրա խոսքով՝ թեև բոլոր այս մարմինները տեղեկացված են իրենց գործունեության մասին, սակայն առայժմ չկա համագործակցություն, բայց հույս հայտնեց, որ ապագայում անպայման կփորձեն համագործակցության եզրեր գտնել: Իրենք անձամբ շատ ուրախ կլինեն դրա համար:
Նա նաև շնորհակալություն հայտնեց «Իրատես de facto»-ի՝ Աբու Դաբիում գործող թղթակցական կենտրոնին՝ իրենց աշխատանքը լուսաբանելու համար և հրաժեշտից առաջ հորդորով դիմեց ունկնդրին. ««Ռադիո Այգը» փարոս է: Այն ունկնդրելով կլուսավորվես մտքերով, հոգով, մշակույթով, ժառանգությամբ: Մեզ միանալով կքաջալերես «Ռադիո Այգի» գոյությունը»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ