Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գիրք ծաղկանցը»` մնջախաղի պետական թատրոնում

«Գիրք ծաղկանցը»` մնջախաղի պետական թատրոնում
07.11.2013 | 14:07

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայացնում է «Գիրք ծաղկանց» բեմադրությունը` ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն վիպակի:

Մեկ ժամ տևողությամբ միմոդրաման պատկերում է միջնադարյան հայկական բարձրաքանդակը` Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի միֆական կերպարներով, որոնք խորհրդանշում են չորս ավետարանիչներին: Բարձրաքանդակը կենդանանում է` պատմելու գրքի ու գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների և նրանցում տեղ գտած աստվածային մանրանկարների մասին: Փոքրիկ պոետը ծանոթանում է հայոց այբուբենին և սկսում գրել ծաղիկների մասին իր գիրքը: Ժամանակը հոսում է: Գիրքը բուժում է փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը: Երիտասարդ կինը բացահայտում է գրքի խորհուրդը: Գիրքը իր մշտական հանգրվանն է գտնում սրբազան գրապահոցում` Մատենադարանում:
Ներկայացման բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է, կոմպոզիտորը` Վահան Արծրունին:
Դերերում` Յուրի Կոստանյան, Նաիրա Եդիգարյան, Մարգարիտա Առաքելյան, Շուշան Սարգսյան, Ինա Հախնազարյան, Մերի Կիրակոսյան:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ, գրականագետ Կարինե Ռաֆայելյանը բեմականացման առիթով ասաց, որ բովանդակային աղերսներն այստեղ այնքան շատ չեն, որքան մթնոլորտն է հիշեցնում «Գիրքր ծաղկանցը», այսինքն` մեր համաժողովրդական պաշտամունքն է առ գիրք, նրա անցած ճանապարհը և բազում դեգերումներից հետո հանգրվանումը Մատենադարանում:
«Այս ստեղծագործության մեջ ես տեսա հայկական մանրանկարչություն, հայ բեմարվեստ, հայ կինոարվեստ, և՛ Փարաջանովին տեսա, և՛ Ժիրայր Դադասյան բեմադրիչ արվեստագետին տեսա, և, իհարկե, Դեմիրճյանին,- ասաց նա:- Ամեն ինչ ժեստերի, երաժշտության լեզվով է մատուցվում, այստեղ տեքստ էլ չկա, որ մենք բովանդակային աղերսների մասին խոսենք: Գործը ստեղծված է ուղղակի Դեմիրճյանի հենքով: Վահան Արծրունու երաժշտությունը շատ համահունչ է թեմային, շատ պլաստիկ են արտիստները, և ընդհանրապես, դասական այս գործի անունը ոգեղեն մթնոլորտի առկայություն է ապահովում դահլիճում: Ցավոք, այն հանիրավի մոռացության է մատնված»: Կարինե Ռաֆայելյանը նշեց, որ երջանկահիշատակ Լևոն Անանյանը շահագրգիռ էր, որ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցը» և «Քաջ Նազարը» ներմուծվեն հանրակրթական ծրագիր, Ժիրայր Դադասյանը նրան նույնպես ասել է, որ կողմնակից է այդ նպատակին:
Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում «Գիրք ծաղկանցի» առիթով ասել էր. «Գրականությունը մեզ համար առիթ է, ըստ էության, մենք ինքներս ենք ստեղծում դրամատուրգիան, մնջաղաղում մենք ենք հեղինակը: Նա, ով ծանոթ է «Գիրք ծաղկանց» ներկայացմանը և վիպակին, կտեսնի ինչ-որ ներքին կապ, բայց ոչ վերարտադրություն: Այսինքն, մնջախաղը ոչ թե բեմականացում է, այլ տվյալ գրական գործի ներքին ազդեցության, տրամաբանության վերարտադրությունն է` այս տեսքով: Մնջախաղը չունի պատրաստի դրամատուրգիա, չի գրվում, մարմինն ինքն է ստեղծում դրամատուրգիան, և ներկայացումը ձևավորվում է աշխատանքի մեջ»:
Նշենք, որ «Գիրք ծաղկանցի» հերթական բեմադրությունը կկայանա այսօր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ