Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս
19.11.2013 | 12:23

Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:

Բենջամին Բրիտտենը ծնվել է Լոուստոֆթում 1913-ի նոյեմբերի 22-ին` երաժշտության սուրբ բարեխոս Սեսիլիայի տոնին: Կոմպոզիտորի մայրն անչափ հպարտանում էր այս փաստից և այն համարում ճակատագրի բարեխոսություն` հույս հայտնելով, որ իր որդին Բախից, Բեթհովենից և Բրամսից հետո դառնալու է «Բ» տառով սկսվող ազգանունը կրող կոմպոզիտորների աստղաբույլի չորրորդ անդամը: Եվ, իսկապես, դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը, 1965-ին Բենջամին Բրիտտենը և օպերային երգիչ Փիթեր Փիրսը ժամանել են Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերով կազմակերպվել է «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը: Հայաստան կատարած այցելությունից հետո կոմպոզիտորը գրել է. «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»:
Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված ցուցահանդես տեղի կունենա այսօր ժամը 14.00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նոյեմբերի 22-ին Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս, իսկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կցուցադրվեն Բրիտտենին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ