Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ցեղասպանության վերաբերյալ գրքերն արժանանում են թուրք ընթերցողների ուշադրությանը

Ցեղասպանության վերաբերյալ գրքերն արժանանում են թուրք ընթերցողների ուշադրությանը
28.11.2013 | 18:45

«Էդիթ պրինտ» հրատարակչությունն ընթերցողին է ներկայացնում Ցեղասպանության վերաբերյալ վեպեր ու վիպակներ: Լույս է տեսել Էդուարդ Խաչիկյանի «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» գիրքը, մոտ օրերս լույս կընծայվեն Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Հովիկ Վարդումյանի «Եթե մոռանաս, կանիծեմ» գրքերը: Թեմային վերաբերող պատմվածքներ ևս կան, որոնք դեռևս հրատարակության պատրաստ չեն: Հայ ընթերցողին այս թեմայով գրված գրքերն արդեն առանձնապես չեն հետաքրքում: Դրանք թարգմանելն ու դրսում ներկայացնելը դժվար են հրատարակիչների համար, քանի որ կապված են մեծ ծախսերի հետ: Այս մասին irates.am-ի հետ զրույցում ասաց հրատարակչության տնօրեն ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, նշելով, որ դրանք դրսում վաճառում են էլեկտրոնային տարբերակով` տարբեր կրիչների համար: «Անպայման չէ, որ տպագիր գրքի տեսքով լինի, կարևորը գաղափարն է, որն իրագործվում է»,- ասաց նա:

Ցեղասպանության թեմայով գրքերը ընդգծված ուշադրության են արժանանում թուրք ընթերցողների շրջանում: «Էդիթ պրինտ»-ի հրատարակած «Արարատի մյուս կողմում» գիրքը հրատարակվել է չորս լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն: Վերջինս թարգմանվել ու հրատարակվել է թուրքական հրատարակչության նախաձեռնությամբ` «Էդիթ պրինտ»-ի թույլտվությամբ:
Զրուցակիցս փաստում է, որ Թուրքիայում մեծ է հետաքրքությունը ոչ միայն Ցեղասպանության թեմայի, այլ առհասարակ Հայաստանի վերաբերյալ գրքերի նկատմամբ:
«Ցուցահանդեսներից մեկի ժամանակ ես թուրքերեն ներկայացրել էի Ցեղասպանության թեմայով Հայկ Ղազարյանի գիրքը, շատերն էին հետաքրքվում, մի մասնը ասում էր` չի եղել Ցեղասպանություն, տարբեր կարծիքներ էին հայտնում, բայց մեծ մասամբ ինտելիգենցիան ավելի հակված է, որ ընդունվի Ցեղասպանությունը: Պետական կողմնորոշումը, սակայն, ինչպես գիտենք, լրիվ հակառակն է»,- ասաց Մկրտիչ Կարապետյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ