Հայկական ազգային պարարվեստն ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանում: Հայկական պար ասելով՝ այսօր շատերը հասկանում են խնջույքների և հարսանիքների ժամանակ հնչած «տաշի-տուշին»: Սակայն այսօր էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր շարունակում են պահպանել և ներկայացնել հայկական ազգագրական պարը:
Մոտ մեկ ամիս առաջ սփյուռքահայ ուսանողների խորհրդի հոգեբանական ակումբի կողմից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, մեկնարկեց ազգային պարերի դասընթացը: Դասընթացի նպատակն էր ազգային պարերի միջոցով սփյուռքահայ երիտասարդներին մոտեցնել դեպի հայրենիքի հզոր արմատները, փոխանցել ազգային ոգի, ուժ, հպարտություն:
Գլխավոր պարուսույցը «Մարաթուկ» համույթի պարուհի Նաիրուհի Մնացականյանն էր: Մոտ մեկ ամիս սփյուռքահայ երիտասարդները պարուսույցների հետ նախքան պարը սովորելը, համառոտ ծանոթանում էին պարի ծագումնաբանությանը, իմաստային նշանակությանը, այնուհետև սկսում պարել:
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ վերջին հանդիպումը, որի ժամանակ երիտասարդները սովորեցի «Յարխուշտա» պարը: Այնուհետև նրանք պարեցին ամբողջ ամսվա ընթացքում սովորած պարերը:
Պարերի ակտիվ մասնակիցներից Ռազմիկն այս դասընթացը շատ արդյունավետ է համարում, քանի որ ազգային պարեր սովորելուց բացի, նա նաև ձեռք բերեց նոր ընկերներ. «Պարերը սովորելուն զուգընթաց այս ամիսն ինձ համար լավ ժամանցի և կատակներով լի ամիս էր»:
Վերջում սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց պարուսույցներին իրենց պատրաստակամության, ցուցաբերած աշխատանքի և հոգեբանական ակումբի այս նախաձեռնությանը սատարելու համար:
Անուշիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ