ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ճակատագրով դատապարտվածները

Ճակատագրով դատապարտվածները
13.05.2014 | 12:17

Իսպանիայի առաջնության ավարտին մնաց մեկ տուր: Առաջատար եռյակի որոշման հարցում մինչև վերջին պահը լարվածությամբ նրա հետ ոտք գցեց միայն մի առաջնություն՝ անգլիականը: Այն էլ այն տարբերությամբ, որ կղզեբնակների լավագույն եռյակն ի հայտ եկավ բավական ուշ, իսկ թերակղզում ամեն ինչ հայտնի էր ի սկզբանե՝ գրեթե առաջնության առաջին խաղերից:

Եվ այսպես՝ վերջին տուրից առաջ «Աթլետիկոն» ունի 89, «Բարսելոնը»՝ 86, «Ռեալը»՝ 84 միավոր: Միավորների պաշարն այսպիսին չէր լինի, եթե չլինեին եռյակի վերջին երեք տուրերի «խենթությունները»: Ընդ որում՝ դրանցում հավասարապես «գժվեցին» բոլորը՝ անհասկանալիորեն ու անհավատալիորեն կորցնելով ոսկու գին ունեցող միավորներ: Մենք դրանց չենք անդրադառնա, քանի որ ընթերցողն ավելի քան լավատեղյակ է կատարվածից: Արդյունքում ունենք մի իրավիճակ, որտեղ չեմպիոնության համար կարող է պայքարել ընդամենը երկու թիմ՝ «Աթլետիկոն» ու «Բարսելոնը», և առավել հետաքրքրականն այն է, որ կողմերը հարաբերությունները պարզելու են դեմ առ դեմ հանդիպումում:
Ամբողջության մեջ տարվա ընթացքում այս երկու թիմերի հանդիպումներին եկեք չանդրադառնանք, բայց և աչք էլ չփակենք վերջին երկուսի վրա, որոնք եղան Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում: 1:1, ապա և 1:0 արդյունքները «Բարսելոնի» առաջ փակեցին կիսաեզրափակիչ տանող ճանապարհը, իսկ այդ հաջողությունից ոգևորված «Աթլետիկոն» ճանապարհին «ծամեց» նաև Մոուրինյոյի «Չելսիին» ու եզրափակչում բախվելու է «Ռեալի» հետ: Ի՞նչ եք կարծում՝ չափազանց հետաքրքիր չէ՞, որ առաջինը կոչվելու համար Սիմեոնեի թիմը ներքին առաջնությունում ձեռնոց է նետելու «Բարսելոնին», նույն առաջինը կոչվելու համար Չեմպիոնների լիգայում «գրկախառնվելու» է «Ռեալի» հետ: Սակայն այստեղ մի շատ լուրջ հարց կա, որին ցանկության դեպքում անգամ դժվար է մատների արանքով նայել: «Նոու Կամպում» «Բարսելոնի» հետ չեմպիոնական մարտից մեկ շաբաթ անց լինելու է նույնքան չեմպիոնական մարտ «Ռեալի» հետ: Մեկ շաբաթվա ընթացքում երկու «կատաղած» մարտի ուժ կունենա՞ «Աթլետիկոն», թե ստիպված կլինի կողմնորոշվել առաջնայնության հարցում: Դժվար թե գտնվի մեկը, որ կարող է այս հարցին հստակ պատասխանել: Բնականաբար՝ բացի Սիմեոնեից, ով արդեն իսկ ապացուցել է, որ, ի դեմս իրեն, ֆուտբոլային աշխարհը ձեռք է բերել առաջին մեծության մարզչի, որ պակաս աստղային թիմով կարող է առաջին մեծության խաղ ցուցադրել:
Եթե նկատեցիք, մի կողմ թողած կատալոնյան ակումբի նկատմամբ ունեցած անթաքույց համակրանքը, մենք խնդիրը դիտարկեցինք բացառապես «Աթլետիկոյի» դիրքերից: Սակայն եկեք հենց այստեղից անկողմնակալությունից անցնենք կողմնակալությանը, բայց ոչ այն տրամաբանությամբ, որ ագռավի ձագն իր համար ամենասիրունն է: Նախ՝ մենք ագռավ չենք, երկրորդ՝ «Բարսելոնը» ագռավի ձագ չէ ¥մարդս որքան կույր պիտի լինի ագռավին առյուծի հետ շփոթելու համար¤։ Կարծում եմ, հասկացաք, որ խոսքս հավասարապես երկու դեպքերի համար է ասված: Դե, արդ, քանի որ հասկացել եք, շարունակեմ: Հաղթանակը «Բարսելոնին» բերում է չեմպիոնություն նույն այդ հավասար միավորների դեպքում: Սա մրցաշրջանը ակնհայտորեն ձախողած Տատա Մարտինոյի համար հավասարազոր կլինի դեմքը որոշակիորեն փրկելու ուղղությամբ քայլ կատարելուն, թեպետ այն բոլոր դեպքերում չի նշանակում, որ հարկադրված չի լինելու կատալոնյան ակումբը լքել: Եթե մի փոքր պատկերավորություն հաղորդենք խոսքին, կարող ենք այսպես արտահայտվել՝ Տատան «Բարսելոնի» հագով կոստյում չեղավ. ակնհայտորեն այն նեղ էր կարված ինչպես փորի, այնպես էլ ուսերի հատվածում: Հարկավ տխուր է, սակայն այս է դառը իրականությունը:
Մի երկու խոսք էլ կատալոնյան ակումբի ապագա հնարավոր մարզչի մասին: Ըստ շրջանառվող լուրերի, ակումբում կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի, ու որպես այդպիսին է դիտարկվում «Սելտայի» քառասուներեքամյա մարզիչ Լուիս Էնրիկեի թեկնածությունը: Վերջինիս ֆուտբոլասերը պիտի որ հավասարապես հիշի ինչպես Մադրիդի «Ռեալում», այնպես էլ կատալոնյան ակումբում ունեցած խաղերից: Հարկավ կարելի է ավելի մանրամասն խոսել Էնրիկեի մասին, սակայն եկեք սպասենք նշանակմանը, նշանակում, որ նրան միանգամից տեղափոխում է թոփ մարզիչների շարք: Բա ի՞նչ եք կարծում՝ «Բարսելոն» կարող է մարզել ամե՞ն մեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ