Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Եկեղեցական ներկայացուցչական ժողովի հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Եկեղեցական ներկայացուցչական ժողովի հայտարարությունը
22.09.2014 | 12:38

Սեպտեմբերի 18-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Ժողովի ավարտին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Փառք և գոհություն ենք հայտնում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ սեպտեմբերի 18-21-ին առիթն ունեցանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, թեմերից, հայրապետական պատվիրակություններից համախմբվելու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, մասնակցելու Եկեղեցական-ներկայացուցչական Ե ժողովին:
Մեծապես կարևորելով եկեղեցական-ներկայացուցչական ժողովների դերը Հայոց Եկեղեցու վարչակազմակերպական կյանքի կանոնակարգման, Հայոց Եկեղեցու և հայ հավատացյալների առջև ծառացած բազում մարտահրավերների քննարկման, լուծումների առաջադրման և հաղթահարման գործում` գոհունակությամբ ենք արձանագրում անցնող տարիների ընթացքում ժողովի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես Հայոց Եկեղեցու թեմական ուղենշային կանոնադրության փաստաթղթի մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության պատրաստության և տարբեր ժողովական կառույցների համակարգման, եկեղեցական կյանքում առկա խնդիրների վերհանման ուղղությամբ: Արձանագրելի է, որ եկեղեցական, ազգային և հայրենի մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին լուծումներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք նաև, որոնք պիտի հաղթահարենք միասնական կամքով և հանձնառությամբ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման շեմին ենք, երբ մեր Եկեղեցին պիտի կատարի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Պատմական այս հանգրվանում միասնական ոգով արդարության մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, և ազգեր ճանաչեն և դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը` դրանով իսկ կանխարգելելով նման ոճրագործությունների կրկնությունը մարդկության կյանքում: Մեր ժողովրդի պատմության այս տարեթիվը պետք է աշխարհասփյուռ հայորդիներիս համար առիթ դառնա միասնության` անկախ մեր անձնական հայացքներից ու կարգավիճակից` մեր հայացքը նորովի հառելու Հայրենիքին, այն զորացնելու և նրանով զորանալու, և ծաղկեցնելու հայոց կյանքը հանուր աշխարհում:
ՈՒրախությամբ ենք հաստատում, որ տարեցտարի հոգևոր կյանքի աշխուժություն է նկատվում Հայրենիքում և աշխարհասփյուռ մեր համայնքներում, հուսադրող է հատկապես նոր սերնդի գործուն մասնակցությունը եկեղեցական տարբեր կառույցներում: Միևնույն ժամանակ անհանգստությամբ և մտահոգությամբ ենք արձանագրում առկա մարտահրավերների և խնդիրների մասին` կարևորելով հատկապես հայկական ինքնության և նկարագրի պահպանությունը, մայրենի լեզվի իմացության խթանումը, ազգային-հոգևոր արժեհամակարգի կենսագործումը և հայորդիների լիարժեք մասնակցությունն ազգային-եկեղեցական կյանքին:
Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի պիտի ունենա Մյուռոնօրհնության սրբազան արարողություն: Վստահ ենք, որ ազգային-եկեղեցական կյանքի կարևոր այս իրադարձությունն իր համախմբող խորհրդով վերստին նոր խանդավառություն ու ոգի պիտի հաղորդի աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Այսօր համայն հայության ուշադրությունը կրկին սևեռված է Արցախ աշխարհի սահմանների և սահմանամերձ բնակավայրերի վրա, ուր շարունակվում է լարված մնալ իրավիճակը: Ցավոք, վերջին շրջանում Հայրենիքի պաշտպանության համար նաև հայորդիներ զոհվեցին` իրենց անձնազոհությամբ փաստելով հայ զինվորի քաջարի, հաղթական և աննկուն ոգին: Խոնարհում ենք բերում նրանց լույս հիշատակի առջև, աղոթում նրանց հոգիների խաղաղության համար և մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին այն հաստատ համոզմամբ, որ իմացյալ մահով նրանք հավերժացան և իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի և նրա գալիք պայծառ օրվա: Մեր քաջալերությունն ենք բերում հայրենի սահմանները պաշտպանող մեր զինվորներին` մաղթելով նրանց զորավոր կամք և խաղաղ ծառայություն: Մեր զորակցությունն ենք հայտնում նաև հայրենի իշխանություններին` Ղարաբաղյան հակամարտությունը, հակառակ Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպվող սադրիչ գործողությունների, բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու ձգտման մեջ:
Այսօր, ամենքիս շարունակում է անհանգստացնել Սիրիայում ու Իրաքում տիրող պատերազմական իրավիճակը և հայության ծանր կացությունը Մերձավոր Արևելքի երկրներում: Խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի և Իրաքի ժողովուրդների կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար` մենք, որպես աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ներկայացուցիչներ, պիտի շարունակենք հնարավոր աջակցությունը ցուցաբերել Սիրիայի և Իրաքի ժողովրդին, մեր քույրերին և եղբայրներին` հաղթահարելու դժվարին պայմանները:
Մտահոգված ենք նաև ՈՒկրաինայում տիրող ծանր կացությամբ և աղոթում ենք փոխըմբռնման ոգով խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար: Աղոթում ենք, որ Աստծու օգնականությամբ և միջազգային հանրության գործուն ջանքերով օր առաջ Մերձավոր Արևելքում հաստատվի խաղաղությունն ու համերաշխությունը, Սիրիայում, Իրաքում և ՈՒկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքները հավատով և լավատեսությամբ հաղթահարեն առկա խնդիրներն ու դժվարությունները:
Դարերի բազում դժվարությունները վերապրած Միածնաէջ Ս. Տաճարում մասնակցությամբ Ս. Պատարագին ՀՀ Անկախության տոնին ամենքս մեր ծառայանվիրումի ուխտն ենք վերանորոգում հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` աստվածային նախախնամական զորակցությամբ ազգային-եկեղեցական անդաստանում ավելի արդյունավորելու մեր անսակարկ սպասավորությունն ու առաքելությունը: Կոչ ենք ուղղում նաև մեր ժողովրդի բոլոր զավակներին` գործուն մասնակցություն բերել հայրենի մեր երկրի շենացման սրբազան գործին, համախմբվել մեր Ս. Եկեղեցու սրբազան հավատքի շուրջ, պահպանել ու շենացնել հայ կյանքն ու ինքնությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում` ամենուր:
Թող խաղաղության Աստված լինի հովանավոր և զորավիգ մեր ու աշխարհի բոլոր ժողովուրդներին այսօր, միշտ և հավիտյանս»:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ