Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ցանկալի է, որ Կոմիտաս-Ֆրանսիա թեման ավելի շատ արծարծվի»

«Ցանկալի է, որ Կոմիտաս-Ֆրանսիա թեման ավելի  շատ արծարծվի»
03.10.2014 | 13:28

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Կոմիտաս. հայտնի և անհայտ» խորագիրը կրող ցուցադրություն: Ներկայացված ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ կամ հազվադեպ է ներկայացվել:
«Առաջին անգամ հանրության ուշադրությանն ենք ներկայացնում Կոմիտասի ազգականների խմբանկարի պատճենը: Բնօրինակը պահպանվում է Կոմիտասի հեռավոր ազգականների մոտ: Լուսանկարի պատճենը նրանք ուղարկել են էլեկտրոնային փոստով,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի վարիչ, երաժշտագետ ՄԱՐԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ:- Կոմիտասի ազգականների ներկայացրած պատմությունն ու տրամադրած նյութերը գալիս են հերքելու տարածված այն կարծիքը, թե Կոմիտասը եղել է որբ, անտերության մատնված երեխա, փողոցներում թափառելով, երգելով հաց է մուրացել»: Կոմիտասին, մոր մահից հետո, տատիկի և հորաքրոջ հետ խնամել է հորեղբոր ընտանիքը: Հորեղբոր կինը` Զմրուխտ Սողոմոնյանը, ում աղջիկը` Մարիկը, Կոմիտասի հասակակիցն էր, նրան կերակրել, մայրություն է արել: Կոմիտասն իր ամեն մի նոր հաջողությունից հետո լուսանկար է ուղարկել ազգականներին: Ցուցասրահում ներկայացված է Մարիկին ուղարկված լուսանկարներից մեկի շրջերեսը` Կոմիտասի մակագրությամբ:
Առաջին անգամ ցուցադրվում են անվանի երաժշտի ինքնակենսագրությունների երեք տարբերակները միաժամանակ: Ձեռագրից երևում է, թե ինչքան բծախնդիր է եղել իր աշխատանքի, իր ամեն մի բառի նկատմամբ:
Իսկ ահա ներկայացված «Թուրքական եղանակներ» ժողովածուում տեղ գտած երգերի բոլոր հեղինակները հայ են:
«Նրա ծննդավայրում` Կուտինայում, արգելված էր հայերենը, դպրոցում հայերեն տառաձևերը սովորում էին, բայց կարդում ու գրում էին թուրքերեն»,- պարզաբանեց Մ. Մուշեղյանը, նշելով, որ Կոմիտասի ծնողները լավ երգել են, նաև հորինել են երգեր: Կոմիտասը հավաքել է թուրքալեզու քաղաքի երգերը, այստեղից էլ ժողովածուի անվանումը` «Թուրքական եղանակներ»:
Առաջին անգամ ցուցադրվում է հատված նրա «Սասնա ծռեր» և «Անուշ» անավարտ օպերաներից:
Կոմիտասյան ցուցադրությունը չորս մասի է բաժանվում, կապվում է չորս քաղաքների հետ` Կուտինա, Վաղարշապատ, Բեռլին, Փարիզ: Փարիզյան բաժնում ցուցադրվում են «Ավրորա» թերթից մի հատված Կոմիտասի նշանավոր համերգի մասին, 1907-ին Փարիզում արված լուսանկարը Արշակ Չոպանյանի հետ և այլ նյութեր: «1906 թվականը նշանավոր էր նախ նրա հանրահայտ համերգներով, որ ֆրանսիացիների բնորոշմամբ, սենսացիա են առաջացրել Ֆրանսիայում,- ասաց Մ. Մուշեղյանը:- 1907-ին արդեն նա կրկնել է համերգը պատվերով: Շատ ֆրանսիացի երաժիշտներ Կոմիտասի համերգների, նրա հետ շփման ազդեցության տակ անդրադարձել են հայ ժողովրդական երաժշտությանը, ոմանք մշակել, գործիքավորել են կոմիտասյան երգերը: Ես տեղեկություն չունեմ` դրանք կատարվե՞լ են Ֆրանսիայում, թե՞ ոչ, մեզանում երբեք չեն կատարվել, ցանկալի կլիներ, որ գոնե այս տարի ներկայացվեին երաժշտասերներին: Առհասարակ, ցանկալի է, որ Կոմիտաս-Ֆրանսիա թեման ավելի շատ արծարծվի»:
Առաջին անգամ է ցուցադրվում նաև Պողոսյան վարժարանում Կոմիտասի լուսանկարը ուսուցիչների հետ` արված 1911-ին, Կոմիտասի աշակերտներից երեքի` Բարսեղ Կանաչյանի, Վարդան Սարգսյանի և Միհրան Թումաճյանի ջանքերով կազմված 400 երգիչներից բաղկացած երգչախմբի լուսանկարը, որն արվել է 1919-ին` Պոլսի համերգից հետո: Քիչ ցուցադրված մասունքներից է նաև Կոմիտասի բրոնզաձույլ մահադիմակը:
«Կոմիտաս-145» հոբելյանի շրջանակում բացված ցուցադրությունը հանրության դատին կներկայացվի մինչև դեկտեմբեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ