Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«ՀՀ նախագահի խոսքն ասնավանի չէ՞»

«ՀՀ նախագահի խոսքն ասնավանի չէ՞»
17.10.2014 | 17:23

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում, հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական նիստն այսօր սպասվածից այլ՝ անսպասելի ընթացք ստացավ: Բանն այն է, որ միջնորդություններով հանդես եկան փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Արա Զաքարյանը: Ինեսա Պետրոսյանը միջնորդեց, որպ վերսկսվի դատաքննությունը և ցուցադրվի մի տեսաերիզ, որը կապացուցի իր պաշտպանյալների անմեղությունը: Նա վկայակոչեց նաև տասը հազար քաղաքացիների ստորագրություններ, որոնք նշել էին, որ այսօր բանտերում են նրանք, ովքեր պայքարում են մեր երկրի անկախության և ազատության համար: Ինեսա Պետրոսյանն ասաց, որ այդ կարևոր տեսաերիզն իր ձեռքի տակ է հայտնվել ուշացումով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ նոր ապացույցներ են ձեռք բերվել այդ տեսաերիզով, որոնք կարող են օգտակար լինել գործի համար: Նա մերժեց փաստաբանի միջնորդությունը: Ինեսա Պետրոսյանն էլ «լույս սփռեց» իր միջնորդության վրա՝ նշելով, որ տեսաերիզը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում հնչեցրած այն հայտարարությանը, թե Շանթ Հարությունյանն ու իր համախոհները հանցագործներ են: Փաստաբանը պահանջեց վերսկսել դատավարությունը և հարցաքննել երկրի նախագահին:

Փաստաբան Արա Զաքարյանն էլ իր հերթին միջնորդեց, որ բավարարեն Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը:
«Միգուցե երկրի նախագահին հայտնի են տեղեկություններ, որոնք էական են, միգուցե նախագահն դեպքի օրը եղել է այդ տարածքում»,- այսպես հիմնավորեց Արա Զաքարյանը: Նա հավելեց, որ երկրի նախագահի խոսքում առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման օրինակներ, ուստի և՝ պահանջեց, որ նրան հրավիրեն և հարցաքննեն որպես վկա: Փաստաբանի հայտարարությունն ուղեկցվեց դահլիճից հնչող բուռն ծափահարություններով:
Շանթ Հարությունյանն էլ պահանջեց, որ Սերժ Սարգսյանը գա և բացատրություններ տա: Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին խոստացել էր որպես դրանց խոչընդոտ վերացնել իրեն: Բոլոր ամբաստանյալները միացան փաստաբանների միջնորդությանը, որը դատավորը մերժեց:
«Այսինքն՝ նշանակում է, որ ՀՀ նախագահի խոսքն ասնավանի չէ՞»,- տեղից ռեպլիկ նետեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:
Ինեսա Պետրոսյանն էլ դատավորին հորդորեց մինչև վերջ մնալ այն կարծիքին,
որ պաշտոնատար անձանց խոսքը հիմք չէ: Արա Զաքարյանն էլ հայտարարեց, որ երկրի նախագահի խոսքում առկա է անմեղության կանխավարկածի խախտում և պնդեց, որ դատավորը պետք է միջնորդի այդ խոսքերի համար հարուցելու քրեական գործ:
Շանթ Հարությունյանն էլ միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանին իր այն խոսքերի համար, որ հայ-ռուսական հարաբերություններում սեպ են խրում հասարակական կազմակերպությունները և դրանց պետք է ոչնչացնել: Նա նշեց, որ դեսպանը, որպես օտար երկրի ներկայացուցիչ, միջամտում է ՀՀ ներքին գործերին:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ անդրադարձավ մեղադրող կողմի այն հայտարարությանը, որ եթե իրենց ձեռքին կային պայթուցիկներ, ուրեմն զբաղվում էին խուլիգանությամբ:
«Իմ ձեռքին ապահովիչ էլ կար, ուրեմն բռնաբարությա՞մբ էի զբաղվում այդ օրը»,- հարցրեց Վարդան Վարդանյանը, ինչն էլ հարուցեց դատավարության մասնակիցների ծիծաղը:
Դատական նիստն ընդմիջվեց կես ժամով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ