Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Կաթողիկոսն ընդունել է հայրապետական կրթաթոշակակիրներին

Կաթողիկոսն ընդունել է հայրապետական կրթաթոշակակիրներին
09.02.2015 | 16:47

Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակին»:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին խրախուսելու նախաձեռնությունը Հայ Եկեղեցու և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական քայլերից է:
Հանդիպմանը Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է կրթաթոշակակիրներին: Այնուհետև իրենց սրտի ու երախտագիտության խոսքն են ասել ուսանողները` միաժամանակ Նորին Սրբությանը վստահեցնելով, որ Հայ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը պարտավորեցնող է և ավելիով նպաստելու է իրենց ուսումնառությանը:
Այնուհետև երիտասարդներին իր օրհնության ու գնահատանքի խոսքն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով «Հայրապետական կրթաթոշակը»:
Նորին Սրբությունը ուրախությամբ ողջունել է կրթության ոլորտում առաջադիմություն ցուցաբերած սաներին և վստահությամբ նշեց, որ լիահույս է` մրցանակակիր լինելը, լավագույն ուսանողի պատիվը կրելը պիտի քաջալերանք լինի, որպեսզի նրանք նույն ջանասիրությամբ շարունակեն գիտելիք ամբարել և իրենց մասնագիտական հմտություններով հետագայում մեծ օգտակարություն բերեն հանրությանը:
Ամենայն Հայոց Հայրապետը նկատել է, որ այցը Մայր Աթոռ առիթ կհանդիսանա գեղեցիկ անդրադարձում կատարելու իրենց անձերին ու նպատակներին և կծառայի կամքի առավել զորացմանը` հնարավորություն ընձեռելով նաև հաղորդ դառնալու մեր պատմության փառավոր անցյալին:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու ՀՀ տարբեր կրթական հաստատությունների միջև ձևավորված սերտ կապերին և համատեղ ձեռնարկներին, որոնք դրական ներգործություն են ունենում ուսանողության ոգու և նկարագրի կերտման պատասխանատու առաքելության վրա:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ