ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Խիղճը պետք է լինի հասարակական կյանքի զարգացման նախահիմքը

Խիղճը պետք է լինի հասարակական կյանքի զարգացման նախահիմքը
17.03.2015 | 10:48

Մարդկության համաշխարհային պատմության հազարամյակներում որևէ պետական-քաղաքական գործիչ չի փորձել ժողովրդին կառավարելու գլխավոր գործիք դարձնել խիղճը. եթե հնարավոր լիներ Աստծուն հարցնել. «Կարելի՞ է մարդկանց կառավարել խղճի գործոնով», ապա նա կպատասխաներ. «Ես հենց դա էի առաջարկել մարդկանց իմ որդու միջոցով, բայց կառավարիչներից ոչ մեկը այն չկիրառեց»:

Ցավոք, ամենուրեք իշխանությունները, նաև Հայաստանում, ընդօրինակել են մարքսիզմի տնտեսագիտական բանաձևը, այն է` «հասարակական կյանքի զարգացման բազիսը տնտեսությունն է, իսկ մնացյալները վերնաշենքն են»: Մարդկության պատմության գոնե վերջին երկու հարյուրամյակի փորձը ակնհայտորեն ապացուցել է, որ բոլոր պետությունները, որոնք առաջնորդվել են այդ սկզբունքով, վաղ, թե ուշ կործանվել են: ԽՍՀՄ-ը, ի վերջո, փլուզվեց, որովհետև չարագործ ճիզվիտը և նրա վիժվածքը հասարակական կյանքի զարգացման բազիս էին դարձրել տնտեսությունը` «սոցիալիզմ գումարած էլեկտրիֆիկացիա հավասար է կոմունիզմ». նրանք աղբանոց էին նետել մարդկային խիղճը, հակառակ պարագայում գոնե պետք է հայտարարեին` «մարդկային բարոյական կերպարով սոցիալիզմ գումարած էլեկտրիֆիկացիա հավասար է կոմունիզմ»: Բայց մարդկության այդ դահիճները 70 տարի խորհրդային ողջ հասարակությունը մանկուրտացրել էին, զրկել ինքնուրույն մտածելու, չարիքի դեմ ըմբոստանալու, պայքարելու, համատարած կեղծիքը, կաշառակերությունը, քծնանքը, մատնություններն ու դավերը մերկացնելու, բացահայտելու քաղաքացիական պատասխանատվությունից, մարդկային բնածին խիղճը, բարությունը, արժանապատվությունը, մարդասիրությունը դարձրել էին կոմունիստական սնանկ գաղափարներին անհամապատասխան կատեգորիաներ: Եվ պատահական չէ, որ այդ բարոյազուրկ հասարակությունում միլիոնավոր անմեղ քաղաքացիներ տանջամահ արվեցին տեղական նկուղային բանտերում, սիբիրյան սարսափելի գուլագներում: Իսկ եթե խիղճը լիներ հասարակական կյանքի բազիս, ապա այսօր Ռուսաստանում, որը խորհրդային երկրի ժառանգորդն է, այլևս չէին պաշտի ժողովուրդների դահիճներին` Լենինին ու Ստալինին. փոխանակ տանջամահ արված միլիոնավոր հայրենակիցներին համազգային հուշարձան կանգնեցնեն Մոսկվայում, Պետերբուրգում, Սիբիրի նախկին գուլագների տարածքներում, բնակչության 19 տոկոսը, 1998 թ. հարցումների համաձայն, Ստալինի գործունեությունը դրական է գնահատել. 2002-2003 թթ., Պուտինի նախագահության տարիներին, այն կազմել է 53 տոկոս և այդպես է մնացել մինչև 2008 թ.: 2009 թ. Մոսկվայի մետրոյի «Կուրսկի» կայարանի վերականգնված նախասրահում նորից երևաց Ստալինին փառաբանող գրություն` «Մեզ կյանք է տվել Ստալինը` ժողովրդի նկատմամբ իր հավատարմությամբ»: Նույնիսկ նախատեսվում էր հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակի առթիվ Մոսկվայում և Պետերբուրգում ցուցադրել Ստալինին պատկերող պաստառներ. իհարկե դրանից հրաժարվեցին, բայց Ստալինի դիմանկարները գովազդի ձևով երևացին գլխավոր պողոտաներով ընթացող ավտոբուսներում:
Իսկ ինչո՞ւ այդպես եղավ. որովհետև ի սկզբանե հասարակությունը չի դաստիարակվել, բարեկրթվել խղճի մտոք, քրիստոնեական բարոյականությամբ, հակառակ պարագայում իրենց կյանքից ընդմիշտ պետք է դուրս մղեին ոչ միայն Ստալինին, այլև Լենինին` իր դամբարանով` որպես միլիոնավոր քաղաքացիների դահիճների: ՈՒրեմն հասարակական կյանքի բազիսը պետք է խիղճը լինի` իր ածանցյալներով` բարությամբ, ազնվությամբ, մարդասիրությամբ, արժանապատվությամբ:
Ցավոք, Հայաստանի նորանկախ հանրապետության այրերն էլ հասարակական կյանքի զարգացման բազիս դարձրին տնտեսությունը, այն պարագայում, երբ հայ մարդը մշտապես եղել է իր խղճի, բարության, մարդասիրության գերին և աշխարհի ցանկացած ծագում բարիք է արարել միայն` դառնալով էլիտար սերմացու աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Իսկ ինչո՞ւ մեր փոքրիկ հայրենիքը քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական այսպիսի խառնաշփոթի մեջ է: Պատճառն ակնհայտ է. մեր նորելուկ պետությունը ի սկզբանե խիղճը չի դարձրել հասարակական կյանքի զարգացման բազիս, և հետևանքը եղավ այն, որ 1990-ական թթ. ցուրտ ու խավար տարիներին հայտարարվեց` խիղճը տնտեսագիտական կատեգորիա չէ, և թղթյա վաուչերներով առուծախի ու վայրագ թալանի ենթարկվեցին երկրի ողջ ունեցվածքն ու գույքը: Ձևավորվեց օլիգարխիկ անխիղճ համակարգ, ավարի ենթարկված մի երկիր, ուր տեր ու տնօրինություն էին անում, իշխանությունների հովանավորությամբ ասպատակում, թալանում, չհնազանդվող ազնիվ մարդկանց գնդակահարում տեր-սահակյանական ավազակախմբերը, իսկ միլիոնավոր հայրենակիցներ դարձել էին աղքատ-խնդրատուներ:
Ոչտնտեսագիտական կատեգորիայից` խղճից զրկված իշխանությունների և մոլորված-հուսահատված հասարակության ճգնաժամը ի վերջո հանգեցրեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի` հայոց պատմության ամենաամոթալի ողբերգություններից մեկին, որի համար իշխանական լծակները ոչ մի պատասխանատվություն չկրեցին, ոչ ոք հրաժարական չտվեց` որպես խղճի պարտք, ոչ ոք չպատժվեց:
Հենց այդ խղճի բացակայությունն էր, որ հասարակությունը ապրեց 2008 թ. մարտի 1-ը, ողբերգություն, որը կարող էր կանխվել, եթե առաջին նախագահը ժամանակին հայտնվեր մոլորված-մոլեգնած հասարակության առջև և նորից հնչեցներ` «թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի». եթե երկրորդ նախագահի խիղճն արթուն լիներ և ոչ մի գնով թույլ չտար որևէ մեկի կյանքի թելը կտրել. եթե մի քանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, որոնք այսօր պարզապես չքմեղանում են, անկառավարելի հասարակությանը ավելի չհրահրեին` իրավապահներին ծեծելու, զինաթափելու անխիղճ, հրճվալից, «հոգիս փառավորվեց» անազնիվ կոչերով:
Եվ այսօր «ձայն բարբառո հանապատի» է հնչում «խիղճը որպես հասարակական կյանքի բազիս» գաղափարը, երբ վերհիշում ես, թե ինչպես էր առաջին նախագահը տարիներ շարունակ իր հրահրիչ ելույթներով երկիրը անվանում ավազակապետություն, իշխանությունների գործունեությունը` թաթար-մոնղոլական արշավանք, մոռանալով, որ հենց իր իշխանության տարիներն էին իսկական ավազակապետություն, երբ իր հովանավորությամբ և Վանո Սիրադեղյանի օրհնությամբ տերսահակյանական ավազակախմբերը անպատիժ ասպատակում էին քայքայված երկիրը, ահաբեկում հյուծված, հուսահատված ժողովրդին, օգնում նորաթուխ օլիգարխներին միլիարդներ դիզել, դղյակներ կառուցել` ժողովրդի արյան ու արցունքի ֆոնի վրա:
Ազնիվ չէ հռչակագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածը, և ներկա նախագահին ուղղված բաց նամակը, որոնցում «ամենագետի», «իմաստունի» ոճով հայտարարում է` հռչակագիրը չի համապատասխանում միջազգային իրավունքներին, իսկ պատմական արդարությունն էլ վերացական հասկացություն է. այսպիսի մարդկանց համար է ասել Լև Տոլստոյը` «Ահավոր է մարդկանց այն տեսակը, որը ցանկանում է միշտ ճիշտ դուրս գալ: Այդպիսիները պատրաստ են դատապարտելու անմեղներին, սրբերին, տեր Աստծուն` միայն թե իրենք միշտ ճիշտ դուրս գան»:
ՈՒշագրավ է, որ առաջին նախագահը առաջարկում է հռչակագիրը վերանայել, նորից քննարկել և դրան մասնակից դարձնել իր տխրահռչակ խորհրդականին` Ժիրայր Լիպարիտյանին և ավազակապետության ժամանակների գործընկերոջը` Վանո Սիրադեղյանին: Ոչ ոք չի մոռացել, դա հաստատել են նաև իրավապահ մարմինները, որ տեր-սահակյանական ավազակախմբերը երկիրն ասպատակում էին Սիրադեղյանի օրհնությամբ. ուրեմն նա բարոյական ի՞նչ իրավունք ունի զբաղվելու ազգային գործերով:
Իսկ ո՞վ է Լիպարիտյանը. Պարոնը 2012 թ. հունիսին Բաքվում մասնակցում էր միջազգային կոնֆերանսին: Չնշեմ նրա մի շարք թրքամոլական, պարտվողական հայտարարությունները այդ կոնֆերանսում և դրանից էլ շատ առաջ, միայն մեջբերեմ կոնֆերանսում նրա հակահայ կոչը` ուղղված Ադրբեջանին ու Վրաստանին. «Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է հիմա հասկանալ, որ անկախությունը պահպանելու համար անհրաժեշտ է հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականություն վարել: Դա կարող է ազդակ լինել երկրի կործանվող տնտեսության համար: Կարծում եմ, հանուն Հարավային Կովկասի ապագայի ու զարգացման, Ադրբեջանի ու Վրաստանի իշխանությունները պետք է միավորվեն և քննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ հետագա գործունեությունը»: Այստեղ են ասել` «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»:
Ինչպես Լիպարիտյանը, այնպես էլ դուք, նախկին նախագահ, թերևս տառապում եք երկչոտության համախտանիշով. դուք էիք, չէ՞, որ ժամանակին վախվորած հայտարարում էիք` Ադրբեջանը մեզնից կրկնակի բնակչություն ունի, շատ ավելի զենք ու զինամթերք, մենք չենք կարող չափվել նրա հետ և առաջարկում էիք` Արցախին մշակութային կարգավիճակ` Ադրբեջանի կազմում: Դուք հայտարարում էիք` քանի գլխանի եք, որ ուզում եք Շուշին ազատագրել, այն դեպքում, եթե մի քանի օր էլ ուշանայինք, թուրքական գրադների հրետակոծությունից Ստեփանակերտը լիովին կկործանվեր: Բայց Կոմանդոսը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և մի շարք այլ քաջորդիներ կամք, վճռականություն ու զարմանալի խիզախություն ցուցաբերեցին. ազատագրվեց Շուշին, փրկվեց Ստեփանակերտը` Արցախը: Եվ մի՞թե կարելի է մոռանալ, պարոն նախկին նախագահ, որ ձեր ընկերը` Վանոն, Վազգեն Սարգսյանին ու նրա խիզախ համախոհներին, որոնք համաձայն չէին ձեր երկչոտ, պարտվողական քաղաքականության հետ, «պատերազմի հանցագործներ» էր անվանում` պարզապես թուրքավարի:
Առաջին նախագահի երկչոտության համախտանիշը այսօր էլ դավադիր ական է հայ ազգային միասնության թիկունքում, թրքամետ մի ական: Տեր-Պետրոսյանը, իրենից բացի, ուրիշ հեղինակություն չճանաչելով, ընդունված հռչակագրի կապակցությամբ անհամեստորեն հայտարարում է` հանձնաժողովը ի՞նչ իրավունք ունի համայն հայության անունից հանդես գալու, այսինքն` ինչպես են համարձակվել իր հանճարեղ կարծիքը չհարցնել: Ամեն կերպ փորձելով վարկաբեկել վերջապես համայն հայության կողմից աշխարհին մեկնած հռչակագիրը, պարոնը սարսափահար հայտարարում է` ինչպե՞ս եք համարձակվում պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չէ՞ որ դա Թուրքիային ուղղված վերջնագիր է: Բանն այնտեղ է հասել, որ պատմական արդարությունը հայտարարում եք վերացական հասկացություն, ինչպես մտածում են նաև թուրք գործիչները: Տեր-Պետրոսյանի համար ի՜նչ պատմական արդարություն, ի՜նչ պահանջատիրություն, ինչ եղել է` արդեն անցել է, պետք է մոռանալ, շտապ ստորագրել Կարսի պայմանագիրը, Արցախն էլ մշակութային կարգավիճակով հանձնել մոլագար խանի տնօրինությանը, բացել Ադրբեջանի ու Թուրքիայի դրախտային դռները և ազգովին երջանկությունից ծափահարել, Տեր-Պետրոսյանին էլ նորից նախագահ ընտրել:
Այո, խիղճը պետք է լինի հասարակական կյանքի բազիսը. ցավոք, այսօր էլ այն մեր իրականությունում գործոն չէ, երբ դիտարկում ես, թե ինչ ներքաղաքական գործընթացներ են ծավալվում և ինչ սկզբունքներով: Հանրապետության ներկա նախագահը, մասնավորապես նախարար Արմեն Աշոտյանը, ելնելով տվյալ պահի ներքաղաքական իրավիճակից, շատ կոպիտ, ոչ այնքան բարեկիրթ ոճով հայտարարեցին` «ոչքաղաքական երևույթ է ասպարեզում», «ոչքաղաքական գործիչ է հրապարակում»: Հարգելի նախագահ, պարոնայք հանրապետականներ, այսքան տարիներ չգիտեի՞ք այդ մասին, չգիտեի՞ք, որ այդ ոչքաղաքական գործիչը, օլիգարխը միլիարդների հարկային գումարներ է թաքցնում, և եթե գիտեիք, ապա ինչո՞ւ էիք նրան ընդգրկել ազգային անվտանգության խորհրդի կազմում: Իսկ մի՞թե հանրապետականների շարքերում գործող որոշ օլիգարխներ քաղաքական երևույթ են, քաղաքական գործիչ:
Թերևս երկրի առաջնորդը չպետք է տարիներ շարունակ անտեղի հանդուրժողություն ցուցաբերեր, չնկատելու տար ոչքաղաքական երևույթի, ոչքաղաքական գործչի առկայությունը, հարկեր թաքցնելը, անաչառ, խստագույն գնահատական տար քաղաքական, տնտեսական երևույթներին: Այս առումով շատ տեղին հնչեց պատգամավոր Խոսրով Հարությունյանի արձագանքը. «Նախագահն ավելորդ հանդուրժողություն է ցուցաբերել»: Հավանաբար, հանրապետական յուրաքանչյուր արդարամիտ, ժողովրդի ճակատագրով ապրող պատգամավոր հոգու խորքում այդպես է մտածել. բայց թերևս ազնիվ կլիներ, որ ինչպես Հարությունյանը, այնպես էլ նման կերպ մտածող պատգամավորները քաղաքացիական արիություն և պատասխանատվություն ցուցաբերեին ու ժամանակին հնչեցնեին նախագահին զգոնացնող տեսակետները:
Պարզապես տարակուսելի է, որ նախագահը ներքաղաքական իրավիճակից ելնելով է անդրադառնում միլիարդների հարկային գումարներ թաքցնելու խնդրին: Այդ մասին խորհրդարանում համարձակորեն ահազանգ է հնչեցրել պատգամավոր Սամվել Ֆարմանյանը. «Ամենայն խստությամբ պետք է պատժել յուրաքանչյուրին, ով բյուջեից, ժողովրդից կթալանի թեկուզ մեկ լումա»:
Ո՞Ւմ համար պարզ չէ, որ թշնամիներով շրջապատված մեր փոքրիկ երկիրը տնտեսական, ժողովրդագրական ոչ բարվոք վիճակում է: Եվ տարօրինակ է, որ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը իրեն, նաև ժողովրդին, այսպես ասած, մխիթարելու համար հայտարարում է. «Հարևան երկրներում էլ արտագաղթի երևույթ կա, դա աղետ չէ»: Թերևս չարժե ուրիշի դժբախտությամբ մխիթարվել: Ի դեպ, հարևան երկրներում ժողովրդագրական ռեսուրսների նվազագույնն այն չէ, ինչպիսին է օրեցօր դատարկվող մեր հայրենիքինը: Եկեք չխաբենք ինքներս մեզ և ամենայն խղճով խորհենք հայրենիքի, ժողովրդի ճակատագրի մասին ու բոլոր երևույթներին, անհատներին տանք արժանի գնահատական... «Չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը»,- ասում է Նժդեհը, «Մի լինիր առաջնորդ, եթե չես ապրում ժողովրդի հոգսերով»,- ապսպրում է Եզնիկ Կողբացի:
Իսկ եթե խիղճը լիներ հասարակական կյանքի բազի՞սը... Իհարկե, Մարքսն ասել է` «կեցությունն է որոշում գիտակցությունը», որից էլ բխում է, որ տնտեսությունն է հասարակական կյանքի բազիսը: Մարքսի Գերմանիան 1930-ական թթ. կարծես արդեն ընթանում էր կեցության վերելքով, և այն ի՞նչ գիտակցության հանգեցրեց` մոլագար նացիզմի ու ֆաշիզմի. մի ամբողջ ժողովուրդ մի այլ ժողովրդի հանգիստ խղճով կենդանի-կենդանի գազախցիկներն էր խցկում։ Ինչո՞ւ ուրեմն կեցությունը չորոշեց գիտակցությունը:
Այսօր ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում կարծես կեցությունը բարվոք է, իսկ գիտակցությո՞ւնը... Ի՞նչ են անում այդ երկրների նախագահները, միլիարդատերերը, ժողովուրդները, որ աշխարհում իշխեն բարոյականությունը, մարդասիրությունը, խիղճը, պարզապես` ոչինչ... Նրանց հետաքրքրում են միայն տնտեսական, ռազմաքաղաքական շահերը, նրանց բոլորի ուղեղները մթագնել են նավթի ու գազի հոտից, ոսկու, դոլարի, եվրոյի փայլից, պարզապես չունեն բարոյական ոչ մի սկզբունք և չեն հավատում Աստծուն: Ճոխ կյանքից գիտակցություններդ մթագնած, խիղճներդ կորցրած աշխարհի տերեր, տիեզերքի այս չքնաղ մոլորակը քաոսի եք վերածել, ամենուրեք հրահրում եք թշնամանք, ատելություն, լոկալ պատերազմներ, միլիոնավոր մարդկանց արտագաղթ, տնանկություն, սնանկություն, ավեր ու անմարդկային դաժանություններ, գազանություններ: Այսօր ինչ կատարվում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, ՈՒկրաինայում, Ադրբեջանում` ձեր բոլորի ամոթն ու խղճի բացակայությունն է: Այսօր Էրդողան-Դավութօղլու պանթուրքական, պանիսլամական մթագնած ուղեղները մոգոնել են իսլամական մի հրեշավոր պետություն` իրենց հեռահար պանթուրքիստական նպատակների համար, ուր «մարդասեր» աշխարհի աչքի առաջ կենդանի այրում են, գլխատում և տեսանյութով ցուցադրում նորօրյա մարդագազանները, վարկաբեկելով նաև իսլամական կրոնը:
Զավեշտ է, երբ հզորագույն Ամերիկայի նախագահը, խիղճը մի կողմ նետած, հայտարարում է` օսմանյան Թուրքիան տեղահանել, եղեռնի է ենթարկել 1,5 մլն հայ բնակչություն ¥ուրեմն նաև հայրենազրկել, պարոն նախագահ¤, բայց ռազմաքաղաքական շահերից ելնելով չի արտասանում դաժան ճշմարտությունը` «ցեղասպանություն» բառը:
Աշխարհի անխիղճ տերերը, ձեռք ձեռքի տված կործանելով արևմտահայության հազարամյակների քաղաքակրթությունը, այսօր անամոթաբար առուծախի առարկա են դարձրել Աստծո տունը` Արցախը, որը խորհրդային երկրին տվել է Խորհրդային Միության 21 հերոս, 4 մարշալ, տասնյակ գեներալներ, 45 հազար արցախցի մեկնել է ռազմաճակատ` բնակչության 1/3-ը, որոնց կեսը զոհվել է: Իսկ հայ ժողովրդի մատուցած ծառայությունը գիտության, մշակույթի, ռազմական գործի, տնտեսության բնագավառում պարզապես անուրանալի է: Սակայն խորհրդային իշխանությունների, նաև ընդհանրապես ռուսական պետականության կողմից արժանիորեն չի գնահատվել. խորհրդային իշխանության առաջին իսկ օրերից մինչև ԽՍՀՄ-ի փլուզվելը մշտապես ադրբեջանամետ, թրքամետ, հակահայ քաղաքականություն է վարվել: Փաստերը բազմաթիվ են` Արցախի, Նախիջևանի այնքան անարդարացի կարգավիճակը, Լենին-Քեմալ ստորագույն դաշինքը. նույնիսկ ԽՍՀՄ-ի հոգեվարքի վերջին պահին խորհրդային զորքերի կողմից Արցախի Գետաշենի, Շահումյանի վայրագ հայաթափումը, որը պարզապես Արցախի հերոսական ժողովրդի նկատմամբ աներևակայելի երախտամոռություն էր:
Աշխարհի տերերը 20 տարի է խոսում են Արցախի հարցի արդարացի լուծման, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության մասին, բայց Ադրբեջանի մոլագար խանին երբեք չեն ասում` էդ ի՞նչ հայատյացություն ես քարոզում մանկապարտեզից սկսած, դժոխային ատելությամբ վարակելով ազերիական ողջ հասարակությունը:
Ի վերջո ո՞րն է աշխարհի տերերի, Արևմուտքի բարոյական սկզբունքը, խղճի, կեցությունից բխող գիտակցության ընկալումը: Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս բարձրաստիճան դիվանագետի անհեթեթ դատողությունը լսելիս. ամերիկուհի դիվանագետ Վիկտորյա Նյուլանդը, ընդունելով հանդերձ, որ ադրբեջանցի դիվերսանտները սարսափելի հանցագործություն են կատարել, պահանջում է մարդասիրություն ցուցաբերել և այդ մարդասպաններին հանձնել Բաքվին: Երևի մոլագար խանը ամերիկուհու պայուսակում միլիարդավոր դոլարների նավթի և գազի կտրոններ է խցկել: Իսկ «մարդասեր» ամերիկացիները բոլորովին բարոյականություն չցուցաբերեցին և չդատապարտեցին, երբ հոգեգար խանը հերոսի կոչում էր շնորհում քնած հայ սպային «հերոսաբար» կացնահարած վիժվածքին` ցուցադրելով իր ցեղի հակամարդկային կերպարը:
Մի՞թե բարոյական է, խղճի մտոք է, կեցությունից բխող գիտակցությունն է առաջնորդում Անգլիայի թագուհուն և ոմն վարչապետերի, որ որոշել են ապրիլի 24-ին մասնակցել Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակի հանդեսին. դրանով արդյոք նրանք չե՞ն անարգում իրենց հարյուր հազարավոր զոհված զինվորների հիշատակը: Ավելի բարոյական կլինի, եթե նրանք թուրքերին հարցնեն` Թուրքիան ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներգրավվեց Համաշխարհային պատերազմի հորձանուտը. և հենց իրենք էլ կարող են պատասխանել` որպեսզի պատերազմական իրավիճակը օգտագործելով` բնաջնջեր միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, եզդիների: Թերևս ճիշտ կլիներ թուրքերին խորհուրդ տալ` դուք պիտի երանի տայիք, որ անգլո-ֆրանսիական զորքերը գրավեին Կ. Պոլիսը, այդ դեպքում տեղի չէր ունենա ժողովուրդների ցեղասպանությունը, և ձեր ցեղը չէր կրի ժողովուրդների դահճի հավերժական խարանը, Թուրքիան ակամա դուրս կգար պատերազմից, չէին զոհվի հարյուր հազարավոր թուրք զինվորներ, ավերի ու կրակի ճարակ չէր դառնա չքնաղ մի երկիր:
Եթե հասարակական կյանքի բազիսը խիղճը լիներ, ապա չէին հրահրվի երկու ամենակուլ համաշխարհային պատերազմները, ժողովուրդները չէին հոշոտի միմյանց` տնտեսական լծակներին տիրելու համար, չէին լինի 20-րդ դարի ցեղասպանությունները, պետությունների աստղաբաշխական գումարները չէին ծախսվի շարունակաբար ծավալվող ռազմական մրցավազքի վրա, և այս չքնաղ մոլորակը դրախտ կլիներ, բազմազգ ժողովուրդները` եղբայրներ:
Օ՜, Տեր, նորից որդուդ ուղարկիր քո ստեղծած այս հրաշք մոլորակը, որ այստեղ իշխի միայն խիղճը:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ