Սա է այն պտուղը, որ պետք է աճի նահատակության արմատից. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ իր խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, իբրև երախտիքի խոսք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ մատուցված սուրբ պատարագի համար, որի ժամանակ էլ Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
«Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատի և ազգային ինքնության համար իր պատմության ընթացքում բազում արհավիրքներ է տեսել, փորձություններ դիմակայել, մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրականացվեց ցեղասպանության ահռելի ոճիրը, կազմակերպվեց և աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին 1,5 մլն հայեր, հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց նվիրական բնօրրանից, պատմական հայրենիքից և տարագիր սփռվեց տարբեր երկրներում։ Ավերվեց, ոչնչացվեց ու բռնազավթեց քրիստոնեական մեր դարավոր ժառանգությունը»,- ասաց նա և հավելեց, որ սակայն ոչ տառապանքը, ոչ էլ անգամ մահը չսասանեցին հայ ժողովրդին և չհեռացրին իր հավատից։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, նշեց, որ ևս մեկ անգամ հաստատվեց 5-րդ դարից որդեգրած բանաձևը. «Քրիստոնեություն ունենք ոչ իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն»։
Կաթողիկոսի խոսքով՝ ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել Հայոց ցեղասպանությունը, և ականատեսը եղավ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի և այլ ցեղասպանությունների։ «Այսօր էլ հակամարտություններ, պատերազմի, ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր հալածվում ու կյանքով են վճարում հավատի համար։ Այս իմաստով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին, անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի և ու նորօրյա տառապանքների հանդեպ, դադարեցնելու և կանխելու համար մարդկության դեմ տարվող ոճիրները»,- նշեց նա և հավելեց, որ սրբազան պատարագի համար նահատակների հիշատակի առջև երախտագետ են Բենեդիկտոս 15-րդ պապին, բողոքի ձայն բարձրացնելու համար՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության, Հռոմի պապ Հովհաննես Պողոս պապին, որ իրենց համատեղ հայտարարությամբ 2001 -ին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությանը։ Վեհափառը կարևորեց Վատիկանի արխիվներում պահվող վկայությունների հրապարակումը։ «Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլ նաև մարդասիրական առաքելություններ իրականացրին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարությունները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին՝ աղոթական մասնակցությամբ քույր Եկեղեցիների, այդ թվում՝ ձերդ Սրբության ներկայացուցիչների, բարձրաստիճան հյուրերի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բազմահազար զավակների, սրբադասվելու են վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսության պսակն ընդունած մեր բյուրավոր նահատակները: Երկնային զորքերին միացած սուրբ նահատակների բարեխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին և աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանության ողբերգությունները։
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, միանգամայն կիսում ենք Ձեր միտքը, որ նահատակությունը հարանվանական տարբերություններ չի ճանաչում: Արդարև, նահատակները միավորում են մեզ որպես զավակներ ու ծառաներ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի՝ համախմբվելու ու միասնական ջանքեր գործադրելու՝ հանուն աշխարհում սիրո, արդարության, խաղաղության հաստատման և քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության, որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարեք միմյանց սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. 10.24): Թող Սուրբ Պետրոսի սրբազան այս տաճարում մեր սրտերից երկինք բարձրացող աղոթքն ու հայցը լսելի լինի Երկնավոր մեր Հորը՝ օրհնելու և ճշմարիտ ուղիներով առաջնորդելու բոլոր ջանքերը, որ գործադրվում են հանուն երկրի վրա խաղաղության և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Աղոթում ենք Ձերդ Սրբության առողջության, Կաթոլիկ Եկեղեցու պայծառության համար և Աստծո հովանին ու բարիքները հայցում ամենքիս Սբ. Գրիգոր Նարեկացի տիեզերալույս վարդապետի սրտաբուխ խոսքով»,– ասաց վեհափառ հայրապետը։