Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա կաթողիկոսն իր երախտիքի խոսքն ասաց սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ հայ ժողովրդի զավակներին նման հոգեվառ առիթ ընձեռելու համար, որ Աստծո այդ տաճարում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
«Ինչպես երկրորդ դարի եկեղեցու հայր Տերտուղիանոսն է ասել՝ նահատակների արյունն ավիշ դարձավ եկեղեցու կյանքի ու վկայության, այնպես էլ 1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին՝ մեզ տալով հավատքի և հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու ու նույնիսկ իմացյալ մահով նահատակվելու սրբազան քաջությունը։ Եվ այսօր այս արարողությամբ մենք հոգեպես կլիցքավորվենք մեր նահատակների հավատքով ու մանավանդ սրբազան կտակով»,-ասաց նա։
Արամ Ա կաթողիկոսը նաև կարևորեց, որ Կաթողիկե եկեղեցու կողմից այսօր սրբադասված սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։ «Նարեկացին եզակի աստվածաբան էր, մեր եկեղեցու և ընդհանրական եկեղեցու կյանքի մեջ։ Նարեկացին խոսեցավ Աստծո հետ՝ մարդ-աստված երկխոսություն ստեղծելով «Մատյան ողբերգության»-ի մեջ, որ եղավ ու մնաց հայ ժողովրդի կյանքի երկրորդ Աստվածաշունչը»,-նշեց նա։
Արամ Ա կաթողիկոսն իր ելույթը շարունակեց անգլերենով՝ շեշտելով, որ «Ցեղասպանությունն անհերքելի և անմոռանալի փաստ է, որը խորապես հիմնված է ժամանակակից պատմության էջերում և առավելապես հայերի գիտակցության մեջ: Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջնջելու և մոռացության մատնելու, դատապարտված են անհաջողության»: Սուրբ Պետրոս տաճարում ներկաներին նա հիշեցրեց, որ 1915-ին 1,5 մլն հայեր զոհ են դարձել Օսմանյան կայսրության մանրամասն կանխամտածված և իրականացված սպանությունների:
Արամ Ա-ն շեշտեց, որ բացի 1,5 մլն զոհերից, անչափ ցավալի է, որ ոչնչացվել, բռնագրավվել կամ կորսվել են հազարավոր պատմական, կրոնական և մշակութային ժառանգություն հանդիսացող մի շարք եկեղեցիներ և վանքեր, մարդասիրական, բարեգործական և համայնքային կենտրոններ:
«Միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը մարդու դեմ ուղղված հանցագործություն է և դրա դատապարտումը, ճանաչումը և փոխհատուցումը միմյանց հետ փոխկապակցված են։ Արդարությունը մարդու կողմից չի ստեղծված, այլ տրված է Աստծու կողմից, հետևաբար անարդարությունը մեղք է Աստծու դեմ»,– ասաց նա: Վեհափառ հայրապետը նշեց, որ Վատիկանը մշտապես անհանգստացած է եղել հայերի նկատմամբ անարդարության կապակցությամբ և 1915-ի իրադարձությունների ժամանակ Հռոմի պապ Բենեդիկտոս 15-ը խիստ քննադատական նամակ է հղել Օսմանյան կայսրությանը՝ կոչ անելով դադարեցնել հայերի կոտորածը: Այդ կապակցությամբ Արամ Ա-ն խորին շնորհակալություն հայտնեց, որ տասնամյակներ շարունակ, 1915-ից մինչև այսօր Վատիկանը շարունակում է անհանգստանալ հայերի կատարված անարդարությամբ: