Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լիսկաների ժամանակը (մեր չգրված օրենքների տիրույթում)

Լիսկաների ժամանակը (մեր չգրված օրենքների տիրույթում)
15.05.2015 | 00:07

Մարտահրավերս մարդահրավեր է` մարդանալու հրավեր է:
Ծաղկակաղամբը պլեբեյ էր, որ երազում էր ծաղիկ դառնալ: Թագավորն այն խոհարարն է, որն առաջինը պետք է առնի իր եփած ապուրի համը:
«Խոհերի արկածախնդրություն»,
Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՍ ՄԱՐԴԱՀՐԱՎԵՐ Է` ՄԱՐԴԱՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐ Է»
Մեր պատմության նորագույն շրջանը լի է զարմանահրաշ անակնկալներով: Մեր նորագույն պատմությունն ունի իր սահմանադրությունը, և այն գործում է չգրված օրենքների տիրույթներում:
ՀՀ Սահմանադրությունը հաշվետու է Վենետիկյան հանձնաժողովին: Սակայն երկրում գործում է չգրված օրենքների սահմանադրությունը, համաձայն որի` հանրապետությունը խանություն է, մի զարմանալի խառնարան, ուր սքանչելիորեն միաձուլված են իտալական մաֆիայի, լատինաամերիկյան խունտայի և արևելաասիական բարբարոսության լավագույն ավանդույթները: Իշխանական վերնակույտը հնարագիտության գլուխգործոցներ է կերտում, այսօր, նաև վաղը և գալիք բոլոր օրերին չգրված օրենքներն են Էրիվանի խանության գոյակերպը ճշտելու: Սուրեն-Լիսկան պատուհասում է Սյունիքը: Սուրեն-Լիսկան Սյունիքի հերոսն է (համաձայն իշխանական վերնակույտի քարոզչության), նաև Սյունյաց աշխարհի հրոսակը (համաձայն հասարակական կարծիքի և ժողովրդական համոզմունքի): Ինչևէ, Լիսկան է այսօր թամբի վրա, ոչ մենք: ՈՒ երբ Լիսկա-կրտսերը հերթական անգամ պատուհասեց Սյունիքը, փորձ արվեց վարկաբեկելու երկրի խորտակվող արդյունաբերական համալիրի հրամանատարներից մեկին, թերևս վերջին մոհիկանին, հարգարժան տիկին Ենոքյան Գոհարին:
Գոհար Ենոքյանը, տակավին դեռատի մի կին, բրեժնևյան մուրճի և զնդանի միջև գարուն բերեց Հայաստան` վերակենդանացնելով «Գարուն» ֆաբրիկան: Երբ էր սա, այն «լուսաշող» օրերին, երբ Սամարայից մինչև Սամարղանդ և Թալինից մինչև Տալլին արդյունաբերական միավորները, Կրեմլի պարտադրանքով, պճնվում էին գաղափարական նեխահոտ շպարով: «Կլարա Ցետկինի անվան մանկական հագուստի գործարան», «Նադեժդա Կրուպսկայայի անվան թիվ 1 հանրապետական ծննդատուն», «Իլյիչի լամպերը», հիգիենիկ պարագաների արտադրամաս և այսպես շարունակ: Պճնվում էին, բայց պլանները չէին կատարում: «Գարունն» ու Գոհարը մեր օրերում խոց են ոմանց կոկորդում: Խոցը վիրահատել է պետք, կա՞ ավելի փորձառյալ վիրաբույժ, քան Կարոն է Յուվեցի:
Մի խոսքով` մենք շարունակ մարդանալու հրավեր ենք ուղղում առ վերնակույտ, վերնակույտը չի մերժում և սիրով մտնում է խաղի մեջ` ժամ առ ժամ տմարդանալով:

Համակարգը հնարագետ է և արդեն պատրաստում է իրեն արժանի փոխարինողների (չգրված օրենքների անեծքը ափեափ է խփվում): Տեսեք, եթե հանկարծ վերնակույտային մի ժառանգորդի գրպանում հաշիշ է հայտնաբերվում, հանրապետության դատաիրավական համակարգը հաշիշը, Դեյվիդ Կոպերֆիլդին վայել ճարպկությամբ, փոխարինում է մի բուռ ալյուրով: Փոշին փոշի է, հանցագործ հաշիշը բարձրագույն ատյանի հոնքի մեկ ոլորմամբ փոխարկվում է բարեգործական ալյուրի: Սուրեն-Լիսկայի ժառանգորդը սերնդակցի տեսողությունն է փչացնում, անխռով հաշմում է իր մերձավորին: Փառավորվիր, Սյունյաց աշխարհ, խանությունը աննահանջ է:

Համակարգը հնարագետ է, Կոտայքը, Աբովյան քաղաքը, Առինջ գյուղն ու բարգավաճված մի ողջ ժողովուրդ արդեն Ծառուկյանի տոհմական ժառանգությունն են: ՈՒ մի՞թե միանգամայն տրամաբանական չէ, որ Աբովյանի քաղաքապետը պիտի ընտրվի չգրված օրենքի տառին և ոգուն հարիր: Այսինքն` ծառուկյանակերպ մեկը:

Սուրբ Սարգիս աթոռանիստ եկեղեցին, «Հաղթանակ» կամուրջը, Փարաջանովի տուն-թանգարանը, Երևանի կոնյակի գործարանը, վերջապես Հրազդան գետն ու գեղակերտ ձորը Մաշտոցի պողոտայի սկզբում են: Պողոտան 1 կմ ընթանում-ավարտվում է Մատենադարանում: Ավելի վեր, արդեն հորիզոնում, խոյանում է «Մայր Հայաստան» վեհաշուք կոթողը: Մատենադարանի և կոթողի միջև շքեղ մի առանձնատուն է ճշգրտում մեր պարանոցներին ագուցված խաղի կանոնները, հաստատելով չգրված օրենսդրության հաղթանակը: Առանձնատունը կառուցել է Սուրեն-Լիսկան, մայրաքաղաք ժամանելով նա և յուր ժառանգները պիտի բլրից հսկեն Էրիվանի խանության գոյակերպը: (Թե քանի ջահելի աչք կհանվի մայրաքաղաքում, քանի ականջ ու ամորձի լիսկայակերպերը կհոշոտեն, դժվար չէ պատկերացնելը):

Մխչյանից մինչև Երասխավան հայոց բարեբեր գյուղերի շարանն է, նրանք շարք են բռնել, ինչպես մեր ոսկեխունկ աշնան գունեղ ու համեղ անալին մետաքսաթելի վրա: Շշնջում ես գյուղերի անուններն ու սիրտդ հիանում-լիանում է բերկրանքից, Բուրաստան և Այգեստան, Մրգավան ու Բերքանուշ, դե եկ ու մի՛ երգիր քառաձայն երգչախմբով` արծաթաղողանջ նվագախմբի ձայնակցությամբ. եղբայր հայեր, մի՞թե սա չէ դրախտը երկրի վրա:
Սա է: Մխչյանից մինչև Երասխավան լքում են գյուղերը, արդեն ժամ առ ժամ: Գրողը տանի, գյուղերը դատարկվում են, գյուղաբնակը հեռանում է, բայց չէ՞ որ կանգուն-գործունյա են միջազգային բոլոր չափորոշիչների պահանջներով կառուցված բենզա և գազալցակայանները: Եռանդուն պորտապար է բռնել Մրգավանի գյուղական գիշերային ակումբը: Ի վերջո` Արտաշատ հինավուրց ոստանի ճիշտ սրտում բրգացած «Արտաշատ մոլ» առևտրի, զվարճանքի, խայտանքի և խայտառակության կենտրոնը հաստատում է չգրված օրենքների գերակայությունը գրվածների հանդեպ։ Ո՞վ է սույն մեծագործությունների հեղինակը: Անշուշտ, չկան տարակարծություններ, նա է, Հովիկ Արգամիչը: ՈՒ մի՞թե կարող են լինել այլակարծություններ, թե ով է դառնալու Արտաշատի քաղաքապետ, անշուշտ Արգամ Հովիկովիչը: (Հեռանկարում մի չքնաղ պատկեր է ուրվագծվում: Արարատի մարզպետարանն է, դռանը փակցված մի սև մարմարյա ցուցանակ: Ցուցանակին էլ ոսկեզօծ տառեր են սոսնձված: Կարդում ես, և պարզվում է, որ Արարատի մարզպետն է Կարոն Յուվեցի։ Սա հնարավո՞ր է։ Անշուշտ):

«ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲԸ ՊԼԵԲԵՅ ԷՐ, ՈՐ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ԾԱՂԻԿ ԴԱՌՆԱԼ»
Այսպիսով` ՀԷՑ-ը և այլք սանձարձակվում են և սնանկության անդունդն են հրում հանրապետությունն ու հայությանը: Սա մի ողջ ավազակապետական սինդիկատ է, միաբան և գաղափարապես կայուն: Այ թե ովքեր են բռնազավթել մեր ջուրը հանապազօր` 1. Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ, 2. Միջազգային էներգետիկ կորպորացիա ՓԲԸ, 3. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ, 4. «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ, 5. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, 6. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, 7. «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ: Բայց գուցե ամպրոպաձայն ասպարեզ մտնեն ՀՀ գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը: Ասպարեզ մտնեն և հաշվետվություն պահանջեն վերոնշյալ սուբյեկտներից: Իսկ մենք կամ վերցնելու ենք նրանց նետած ձեռնոցը, կամ էլ կքելու ենք անարգանքի ծանրացող բեռան տակ: Եկեք այսօր ծուռ նստենք և շիտակ գիտակցենք. ակնհայտ էր, որ մի նոր «մազութի գործ է» թխվում: Վերնակույտի ընչաքաղցությունը սահմանազուրկ է, զարկ զարկի հետևից, զարկ ստոծանուն, զարկ ամորձիներին, մի զարկ էլ (վարչապետը կասեր` բամփ)` աջ այտին: Որպես հանցագործ մի ձեռնարկ ՀԷՑ-ը պիտի դատի տրվի, ՀԷՑ-ը պիտի ահռելի գողոնը վերադարձնի և ամոթահար լքի հանրապետությունը: Վստահ եղեք, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, ինչի բազմախոստում վկայությունը բարձրագույն օթյակի մունետիկների վեհաշունչ հորդորն է հայ հանրությանը` լինել երդվյալ, լինել տառապյալ, լինել հոգեշահ և մոռանալ փորի մասին: (Չէ՞ որ նոր թանկացումներ են սպասվում, որը կանիծի մեր փորը, սակայն կօրհնի նրանց հորի փոխված փորն ու աղիները): Մոռանում ենք սիրահոժար: Զի փորի կուռքացումը վստահաբար հասարակության մենաշնորհը չէ: Եվ երկրի, ժողովրդի ու նրանց ապագայի խորտակումը չափազանց վաղուց արդեն պատմական իրողություն է: Ելքը մեկն է` կտրուկ մեծացնել արտագաղթի հոսքը, ի մասնավորի ապահովել ԵԱՏՄ-ն որակյալ հայոց մտքով-բազկով-շնորհքով: Մի՞թե վատ է, այսօր չէ վաղը դառնալու ենք բարգավաճ ու ապահով մի հանգրվան, թեկուզ և կիսագաղութի կարգավիճակում: Այդ արևագալ օրերում մեր վերնակույտը թույլ կտա մեզ նաև փորի մասին մտորել, ասենք այսպես, նվազագույն զամբյուղի կալորիականությունը համարժեքելով համակենտրոնացման ճամբարների սննդակարգին:

«ԹԱԳԱՎՈՐՆ ԱՅՆ ԽՈՀԱՐԱՐՆ Է, ՈՐՆ ԱՌԱՋԻՆԸ ՊԵՏՔ Է ԱՌՆԻ ԵՓԱԾ ԱՊՈՒՐԻ ՀԱՄԸ»
Ելքը մեկն է, հայոց վերնախավը (նախագահականը, կառավարությունը և խորհրդարանը) հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, այսինքն` երբ գները ամենուր վեր կճախրեն, թող ձգեն գոտիներն ու մեկ եռամսյակ ապրեն ժողովրդի կյանքով: Պաղատում եմ, վեհաշուք տիկնայք և տիարք, վայելեք ձեր եփած ապուրը նախաճաշին, ճաշին և իրիկնահացին: Վայելեք, հետո արդեն հորդորեք մեզ հավատալ ու վստահել ձեզ։ Սա իրականացրեք անպատճառ, չէ՞ որ յոթ սարերի հետևում չեն խորհրդարանական ընտրությունները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ