ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև

Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև
16.06.2015 | 14:47

Հունիսի 11-13-ն ԱՄՆ Կոնգրեսի շենքի սրահներում տեղի ունեցավ «Coptic Solidariy» կազմակերպության տարեկան հավաքը, որն այս տարի անցկացվեց «100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև» խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ երկու կուսակցությունները ներկայացնող տասնմեկ կոնգրեսական, մեկ սենատոր, բազմաթիվ գործող և նախկին պաշտոնատար անձիք, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող տարբեր էթնիկական խմբերը ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներառյալ՝ Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանն ու Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշաքչյանը: Ամփոփիչ երեկոյի հիմնական բանախոսներն էին ԱՄՆ-ում Սլովենիայի դեսպանը, Կիպրոսի փոխդեսպանը և դեսպանորդներ ու խորհրդականներ Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի, Հունաստանի և Կանադայի դեսպանություններից, ինչպես նաև Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Բերիջը: Բանախոսներն իրենց ելույթներում զորակցություն հայտնեցին Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքներին: Նրանք խոր մտահոգություն հայտնեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, «Իսլամական պետություն» կազմավորման և ահաբեկչական գործողություններ իրականացնող այլ կառույցների գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում բնակվող քրիստոնյաների և եզդիների նկատմամբ իրականացվող անօրինականությունների և բռնությունների կապակցությամբ: Նշվեց, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի` տարածաշրջանում պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: Եւրոպացի դիվանագետներից շատերի կողմից տարածաշրջանում քրիստոնյաների իրավիճակը դիտարկվում էր մարդու իրավունքների և, մասնավորապես, խղճի ազատության պաշտպանության դաշտում, և նշվում էր խնդրի լուծման համար միջազգային այդ գործիքակազմի օգտագործման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանն իր ելույթում նշեց Մերձավոր Արևելքի քրիստոնյա ժողովուրդների հետ հայ ժողովրդի ունեցած բարեկամական կապերի մասին: Ընդգծվեց Մերձավոր Արևելքի շատ երկրներում հայկական համայնքների առկայության փաստը և այն վտանգը, որի առջև այսօր կանգնած են Սիրիայում և Իրաքում բնակվող հայերը: Այդ համատեքստում հիշատակվեցին ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում ապաստան գտած շուրջ 10 հազար սիրիահայ փախստականների ինտեգրման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Նշվեց, որ հայերը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական պարտավորություն են զգում` իրենց ներդրումն ունենալ մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ միջազգային հանրության կողմից մղվող պայքարում: Ելույթի ավարտին Հրաչյա Թաշչյանը նշեց, որ համաշխարհային քաղաքակրթությունը մեծ կորուստ կունենա, եթե քրիստոնյաները լքեն Մերձավոր Արևելքը: Այդ տարածաշրջանը կենթարկվի մշակութային եղծմանը, այնպես ինչպես դա տեղի ունեցավ ժամանակակից Թուրքիայի տարածքում, երբ Օսմանյան կայսրության կողմից ոչնչացվեց արևմտահայերի, Փոքր Ասիայի հույների և ասորիների քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունը:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ