Բաքվի Եվրոպական խաղերը (հունիսի 12-28-ը) հակասություններով էին պատված հենց ամենասկզբից՝ հարցեր առաջացնելով, թե ինչպես կարող է մարդու իրավունքների նման բացասական բնութագիր ունեցող երկիրը միջազգային խոշոր մարզական իրադարձություն հյուրընկալել՝ գրում է բրիտանական The Guardian-ը։
Մինչ խաղերի մեկնարկը երկրի իշխանությունները հալածանքների ենթարկեցին անկախ ձայներին՝ ձերբակալելով հետխորհրդային ժամանակաշրջանում աննախադեպ թվով լրագրողների և ակտիվիստների։ Մինչ մարզիկները տուն են վերադառնում, թերթը վերլուծում է խաղերի ընթացքը՝ մարզիկների կեցության ծախսերին հատկացված միլիոններից մինչև այն մարդիկ, ովքեր շարունակում են մնալ ճաղերի հետևում՝ իրենց քաղաքական գործունեության պատճառով:
6,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ հաշիվ
Ադրբեջանը միակ երկիրն էր, որ դիմել է առաջին Եվրոպական խաղերը հյուրընկալելու համար, որոնք, ինչպես հայտնի է, արժեցել են 6,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ: The Guardian-ը փետրվարին պատմել էր, որ Ադրբեջանը կփակի բոլոր մարզիկների ճանապարհորդության և կեցության ծախսերը: Ադրբեջանական Meydan TV լրատվական կազմակերպությունը մատնանշել էր խաղերի բյուջեի և ամսական 175 դոլարով ապրել փորձող հինգ հոգուց բաղկացած ընտանիքի բյուջեի մեծ տարբերությունը։
2 միլիոն դոլար Լեդի Գագայի համար
Խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել Բաքվի նորակառույց՝ 68 հազար հանդիսատես հյուրընկալող մարզադաշտում: Լեդի Գագային վճարվել է 2 միլիոն դոլար՝ Ջոն Լենոնի Imagine երգը կատարելու համար: Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովի խոսքով՝ բացման արարողությունն արժեցել է 95 միլիոն դոլար: Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի բացման արարողությունն արժեցել է 42 միլիոն դոլար: Թերթը նշում է, որ բացման արարողությանն այցելած 35 նախագահներից միայն չորսն են ներկայացրել ԵՄ-ն՝ Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն և Սան Մարինոն:
100-ից ավելի քաղբանտարկյալ
Երկրում այժմ կա մոտ 100 քաղբանտարկյալ, առնվազն 20-ն Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել է «խղճի բանտարկյալ»: Human Rights Watch կազմակերպությունը մատնանշում է 2014-ին իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների և լրագրողների ձերբակալության, հետապնդման և բանտարկման 35 դեպք:
Մեկ պատվիրակություն էր բարձրաձայնում մարդու իրավունքների մասին...
Մինչ պատվիրակությունների մեծ մասը լռություն էր պահպանում խաղերի ընթացքում, մի խումբ գերմանացի մարզիկներ Frankfurt Allgemeine թերթի հետ զրույցում պահանջել էին ազատ արձակել քաղբանտարկյալներին։
150000 մարդ ասում է #HelloBaku հեշթեգերի պատերազմում
Բացման արարողությանը մասնակցելու տոմսեր շահելու համար սոցցանցերում սկսված #HelloBaku պաշտոնական արշավը ձախողվեց ապրիլին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների միջոցով, ովքեր բարձրաձայնեցին սոցիալական ցանցերում իշխանությունների հետապնդումների մասին: Մինչ խաղերի մեկնարկը #HelloBaku, #Baku2015, #EuropeanGames և #RealBaku հեշթեգերը պատերազմի դաշտի վերածվեցին, երբ իշխանություններին հավատարիմ մարդիկ փորձեցին խոսակցությունը վերադարձնել սպորտին։
Կեղծ զբոսաշրջիկ
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության խոսնակը հայտարարել է, որ խաղերի ընթացքում ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել Բաքու: Այնուամենայնիվ, զբոսաշրջիկների իրական թվերը դժվար է գնահատել, շատերը հարցականի տակ են դրել հեռուստատեսությամբ ներկայացված զբոսաշրջիկների իրական լինելը: Ազգային հեռուստատեսությամբ ներկայացվել է բրիտանացի «զբոսաշրջիկ», ով գովում է «հիանալի» Ադրբեջանը, բայց նրա վատ անգլերենը կասկածներ է առաջացրել նրա իրական զբոսաշրջիկ լինելու մասին։