Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Առաջին մրցափուլում Արոնյանը սպիտակներով խաղում է լյուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելլերի, Սարգսյանը սևերով՝ Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Բարտելի, Մելքումյանը սևերով՝ ամերիկացի Գատա Կամսկիի և Տեր-Սահակյանը սպիտակներով՝ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: Մրցաշարի մասնակիցների թվում են նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից: Լևոն Արոնյանը 2005 թվականի աշխարհի գավաթակիրն է: