Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ծառա՝ եղար: Տեր՝ չհասցրիր…

Ծառա՝ եղար: Տեր՝ չհասցրիր…
27.10.2015 | 00:29

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ

…Հաղթական կամարը ոտքով բարձրացանք, գրեթե վազքով: Ժամանակ չկար:
…Էյնշտեյնի արձանի հողաթափերին նստած նկարվեցինք:
…Սպիտակ տանը…
…Երասխում…
Երևի խառնեցի ժամանակները: Ճիշտ կլիներ Հաղթակամարը վերջում թողնել, մանավանդ հետո էլ, տրամաբանորեն, կավելացնեի, որ Քո Հաղթակամարը դու վազքով չբարձրացար: ՈՒ ոչ էլ մի շնչով: Թեև էլի ժամանակը սուղ էր: Բայց պատրաստի աստիճաններ չկային: Դու էիր պարտավոր սարքել: ՈՒ սարքեցիր:
Հիմա շատերը կարող են բարձրանալ: Հնարավոր է և ավելի արագ, քան դու՝ նրանց Հաղթակամարը:
Ճիշտն էդպես կլիներ:
Ոճի ու ժամանակագրության առումով: Բայց քո խառնած ժամանակների՝ կյանքի ու մահվան, համեմատությամբ էլ ինչ ոճ, ինչ ժամանակագրություն:
Ծառա՝ եղար: Տեր՝ չհասցրիր: Չթողեցին պարզապես: Պարզ էր, որ չէին թողնելու:
Չզգացի՞ր, արհամարհեցի՞ր վտանգը, թե՞ չէիր հավատում: Ո՞վ գիտի: Հիմա ոչ ոք էլ այդ հարցին չի կարող պատասխանել: Դու էլ չկաս, որ ձեռքդ թափ տաս, հարցն էլ պատասխանն էլ անհեթեթ ու անիմաստ համարելով: Դու պարզապես հանդուրժեցիր ու հանդուրժում էիր միջակություններին ու ստորներին, չհիշելով, որ նրանք քեզ չեն հանդուրժելու: Ինչքան ուզում է էլի ձեռքդ թափ տաս, միևնույն է՝ այդպես է: Որովհետև այդպես է եղել միշտ: ՈՒ, ցավոք, նաև՝ լինելու է: Ինչպես նաև այն, որ ամենաբարձրը գողն է գոռում «Բռնեք գողին»:
«Էս խելքին ենք, որ էս խելքին ենք» ասել ես ու կասեիր դու, բայց ինքդ քո ասածից եզրակացություններ չարիր: Թեկուզ այն, որ ՏԵՐ լինում են միայն Տեր լինելով:
Անպատասխան հարցերին մեկն էլ ավելացրիր: 15-ին, 18-ին, 20-ին, 21-ին, 88-ին ու էլի բազմաթիվ թվերի 99-ն էլ գումարվեց: Ի՞նչ եղավ: Ինչպե՞ս: Ինչո՞ւ:
Էս երկիրը համակարգ չստեղծեց: Ամեն ինչ անձնավորված էլ մնաց: Լևոնը որպես Տան Հիմնադիր, Վանոն՝ Պատը, դու՝ երդիկը պահող Սյուն: Կարեն Դեմիրճյանն էլ՝ Տան բարի ու անչար Մեծը:
Առանց հենարանի երդիկը ամեն պահ էլ կարող է փլվել: ՈՒ տակը մնացողը մենք ենք լինելու: Հյուրերը իրենց տները գնացած կլինեն: Անցորդներն էլ չեն տուժի:
Այսօր մեր սիրած, օգտագործած ու չարչրկված բառերը ժողովրդավարությունն է, համազգայինը, համաժողովրդականը, ազգային, ժողովրդականը, համախմբումը (այսինքն՝ ժամանակակից հայերենով՝ «իմ հետևից»-ը) ու էլի հազար ու մի աննյութ, ոչ մի կերպ չշոշափվող ու չբռնվող բառեր: Միակ բառը, որ չկա ՏԵՐՆ է: Էս եղածի: Երեկվա ու մեր պատմության: Էսօրվա ու էս վիճակի: Վաղվա ու ապագայի:
ՈՒ քեզանից հետո ու քեզանից բացի մեկը չկա, որ համարձակություն ու քաջություն ունենա ու ասի՝ չկա էդ ամեն ինչը: Էդ ամեն ինչը՝ ժողովրդավարություն, համազգային, համաժողովրդական, մենք՝ բոլորս միասին, մո-գո-նել ենք: Էդ ամեն ինչը պատրանք է: Իմիտացիա: Խաբկանք: Երազ: Ընդամենը: Ասի՝ դրանով մենք ժողովրդավարություն կոչվող գաղափարը, որը վաղը-մյուս օրը ուզած-չուզած որդեգրելու ենք, վարկաբեկում ենք… Ասի՝ երազախաբությունից, թեկուզև միաժամանակյա, զուգահեռ, համաժամանակյա՝ ոչ մի ձվաբջիջ էլ չի բեղմնավորվում: Երեխա չի ծնվում: Չհավատաք: ՈՒ եթե դուք երեխա եք ուզում՝ ճամփեն էս է: Էս է ձևը:
Ասի՝ ես եմ էս երկրի ՏԵՐԸ ու էս է իմ անելիքը, եկեք վերջ տանք էդ իմիտացիաներին:
Չկա: ՈՒ եթե հայտնվի էլ, քեզ նման չի ասելու:
ՈՒ մեզ մնում է միայն հանճարեղ Փափազյանի խորհուրդը՝ մեր սերունդներին երբեմն պատմել, որ այդպիսի մարդ եղավ մեզանում: Եկավ ու անցավ:
ՈՒ իրենից հետո թողեց զբաղեցված, բայց թափուր գահեր…
Ինչ արած, Վազգեն, պարադոքս է, բայց իրողություն, անմահության պարտադիր պայմաններից մեկն էլ մահն է…
6.11.1999.


Հ.Գ. 1999-ին են գրվել այս տողերը, ու ո՞վ կասի, որ մեր օրվա մասին չեն: ՈՒ եթե ասի՝ ինչո՞վ կհաստատի: Ինչո՞վ կհիմնավորի, որ հիմա մենք մեզ սիրելի ենք, որ հիմա կա ՏԵՐ ու չկան թափուր գահեր: 1999-ի հոկտեմբերի 27-ից անցած 16 տարիներին, փաստորեն, մենք մնացինք նույն 20-րդից 21-րդին անցման ընթացքում՝ մեզ հույս տալով, որ 21-րդը մերն է լինելու, որ այս հողը հայրենիք ենք տեսնելու:
Հրապարակումներում պահպանվել է բնագրի կետադրությունը:

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ