Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ձյան վրա՝ անձրև

Ձյան վրա՝ անձրև
08.01.2016 | 11:12

Տարօրինակ է, չէ՞, երբ ձյան վրա անձրև է գալիս: Նվազագույնը՝ անհարմար է քայլել ձյան վրա ու անձրևի տակ: Մնացածի մասին չեմ ասում: Տարօրինակ տարի է սկսվել՝ մի քանի օրում ամսվա նորման գերազանցող ձյուն, հետո՝ տաքություն ու անձրև, որի տակ ձյունը, այնուամենայնիվ, չի հալվում՝ շատ է: Տարօրինակ տարի է սկսվել, իսկապես: Տարվա սկզբից Իրանն ու Սաուդյան Արաբիան գլորեցին ձնագունդը՝ արաբները մահապատժի ենթարկեցին հայտնի հոգևորական Նիմր ան-Նիմրին, պարսիկները հարձակվեցին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Էր Ռիադը իր դեսպանին հետ կանչեց ու Իրանի դեսպանին հետ ուղարկեց, հետո հերթով սուննի երկրները խզեցին դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Մի քայլ ևս՝ և տարածաշրջանում սուննի-շիա պատերազմ է բռնկվելու: ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Չինաստանը, նույնիսկ Թուրքիան կոչ արեցին կողմերին հանդարտվել: ՌԴ-ն լռում է: Հետո Հարավային Կորեան ջրածնային ռումբ փորձարկեց ու նորից բոլորին խառնեց իրար: Հընթացս մի քիչ բարձրացավ նավթի գինը:

Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Արդեն ասացի՝ ձյուն է ու անձրև է գալիս: Միջազգային փորձագետները անցած տարին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մեջ բնորոշեցին իբրև վերականգնված պատերազմի տարի: Առայժմ չհայտարարված: Փոխհրաձգությունները բազմապատկվել են, որքան էլ կողմերից ոչ մեկը պատերազմելու անհապաղ ռազմավարական պատճառ չունի: Նախկինում էլ եղել են բռնկումներ, բայց այս անգամ Բաքուն ծանր զինտեխնիկա ու տանկեր սահման հանեց: ՈՒ եթե նրան սահմանին կասեցնում է Հայոց բանակը, երկրի ներսում կասեցնում է փլված մանաթը: Անցնող տարում նավթի գնանկումը լուրջ հարված էր Ադրբեջանի տնտեսությանը, որ կուլ տվեց Կենտրոնական բանկի պահուստների մեկ երրորդը՝ պահպանելու համար մանաթի կուրսը, տարեվերջին մանաթը դուրս եկավ ազատ նավարկության և դա աղետ էր քաղաքացիների համար: Հազիվ թե այս տարի
Ադրբեջանը կարողանա նախկին ծավալներով սպառազինվել՝ փող չկա, մտածել է պետք իշխանությունը պահելու մասին: Որքան էլ Իլհամ Ալիևը ցմահ նախագահ է, պարտավոր է մտածել տնտեսության մասին: Թեպետ կա նաև մեդալի հակառակ կողմը, որ քանիցս խաղարկել է Բաքուն՝ ներքին դժգոհությունը արտաքին վտանգով կանխելով, որը հավանական է դարձնում պատերազմի հեռանկարը: Իլհամ Ալիևը կարող է կորցնել իշխանությունն անվերադարձ՝ եթե նորից պարտվի: Իսկ որ չի հաղթի, ակնհայտ է: Նորից, ինչպես անցած տարիներին, մնում է դարի հանելուկը՝ ինչպես լուծել տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հակասության հարցը: Թվում է՝ լուծումն ակնհայտ է՝ կամ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կամ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում միջազգայնորեն երաշխավորված ինքնավարություն է ստանում: Երկու տարբերակներն էլ այս պահին անհավանական են: Էլմար Մամեդյարովը շարունակում է պնդել, որ Սերգեյ Լավրովը շատ կառուցողական առաջարկ է արել: Էդուարդ Նալբանդյանը հերքում է, Լավրովը՝ լռում: Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանն ունի ռազմավարական նպատակներ, որոնցից մեկը տարածաշրջանում իր գերիշխանությունն ամրապնդելն է: Եթե ԼՂ հարցի լուծումը տեղավորվում է այդ շրջանակներում, ՌԴ-ն կնպաստի հիմնախնդրի լուծմանը: Եթե ոչ, ստատուս քվոն կպահպանվի, որքան էլ Մամեդյարովը տարփողի Լավրովի առաջարկները, պարզապես Բաքուն կշարունակի կրակել, որ աշխարհը չմոռանա կոնֆլիկտը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերում նշել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ղարաբաղյան կարգավորման հարցով լսումների մասին: Նա գրել է, որ կոնգրեսականների հետ քննարկել են ԼՂ հարցի կարգավորման գործընթացում համագործակցության հեռանկարները: ԱՄՆ-ն առաջարկում է հետաքննության մեխանիզմ՝ հրադադարի խախտումները կանխարգելելու համար: Կոնգրեսականների առաջարկին հավանություն տվեցին Սպիտակ տունն ու պետդեպարտամենտը: Առաջարկին դեմ է Բաքուն: Չբարձրաձայնելով՝ խանդավառված չէ և Մոսկվան՝ խաղաղապահների տեղակայման նրա ծրագիրը դառնում է ավելորդ: Գուցե հենց խաղաղապահների տեղակայումն ու շրջանների հանձնումն է Լավրովի առաջարկը, որի մասին միայն Մամեդյարովն է խոսում:
ԱՄՆ-ի Կոնգրեսում նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների նախաձեռնություն է շրջանառվում՝ մարդու իրավունքների ոլորտում իշխանությունների ոտնձգությունների պատճառով: Իլհամ Ալիևը Արիֆ և Լեյլա Յունուսներին բանտից ազատելուց հետո ազատ արձակեց և Նարդարանի դեպքերից հետո 45 ձերբակալվածներին: Կընդունի՞ Կոնգրեսը այս ազատումներն իբրև մարդու իրավունքների չոտնահարումներ, դժվար է ասել: Ի վերջո, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները չեն սկսվում ու չեն ավարտվում Ղարաբաղի հարցով: Իլհամ Ալիևը քաղաքական հոգեպահուստում մի քանի հարցեր կունենա՝ շեղելու Բարաք Օբամային իր համար անցանկալի օրակարգից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱՄՆ նախագահ Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է ԱՄՆ՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք Միջուկային անվտանգութան հարցերի գագաթնաժողովին մասնակցելու: Բնական է, որ Օբամա-Ալիև առանձնազրույց կլինի, օրակարգը՝ մարդու իրավունքները, տարածաշրջանի վիճակը, և, իհարկե, ԼՂ հարցը:
Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման Կոնգրեսի նախաձեռնությունը Օբաման շրջանցել չի կարող: Եթե Ալիևը տեղի տա, հետաքննության մեխանիզմը կփոխի հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանությունը, ստեղծելով անվտանգության կայուն երաշխիքներ: ՈՒ արդիական է դառնում հարցը՝ մարտի 31-ից ապրիլի 1-ին Վաշինգտոնում կկայանա՞ Սարգսյան-Ալիև հանդիպում: Առաջինը այս տարի: Իսկ մինչ այդ Բաքուն շարունակելու է կրակել, մինչև վերջին փամփուշտը:

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ