Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Այսօր Եվրոպան ինքն է «ժողովրդավարության» զոհասեղանին հայտնվելու վտանգի առաջ կանգնած»

«Այսօր Եվրոպան ինքն է «ժողովրդավարության» զոհասեղանին հայտնվելու վտանգի առաջ կանգնած»
12.02.2016 | 00:41

«Իրատեսի» զրուցակիցն է 1990-ի ԳԽ անկախ պատգամավոր, գրող, հրապարակագիր, փաստաբան ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

«ԴԺՎԱՐ Է ԳՏՆԵԼ ԱՅՆ ՆՈՒՐԲ ՍԱՀՄԱՆԸ, ՈՒՐ ՄԻԱՀՅՈՒՍՎՈՒՄ ԵՆ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՇԱՀԸ ԵՎ
ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ «ՀՐԱՇՔԸ»


-Պարոն Գրիգորյան, մեր թերթի էջերում հանդիպել ենք շուրջ ութ տարի առաջ և քննարկել ենք օրախնդիր շատ հարցեր։ Այդ օրերից շատ ջրեր են հոսել, սակայն սայլը, կարծես, այդպես էլ չի շարժվել տեղից, իշխանությունից հիասթափվելով՝ հանրությունը շրջվում է ընդդիմության կողմը և էլ ավելի է հիասթափվում։
-Ժամանակ առ ժամանակ, այո, ընդդիմությունից ակնկալիքներ ունեցողները լուրջ հիասթափություն են ապրում, երբ ընդդիմությունն իրենց հույսերը չի արդարացնում կամ պարզապես «դավաճանում» է: Ընդդիմությունն արդեն երկար տարիներ է, «փրկչի» կեցվածք ընդունած փորձում է փրկել, բայց փրկվողներն այդպես էլ մնում են չփրկված: Ընդդիմությունը փրկելու համար այնքան էլ շատ բան չի պահանջում, ընդամենը իշխանություն: Թե իշխանությունը «փրկության» նման առաջարկներին ամեն անգամ ինչ է պատասխանում, հայտնի է:
Փրկիչները տարիների ընթացքում փոխարինում են մեկը մյուսին: Հատկապես ընտրություններից առաջ հայտնվում են անգրագետ ու տարրական բարոյականությունից հեռու «փրկիչներ» ու համառորեն փրկություն են վանկարկում: Մի ընտրազանգված, այնուամենայնիվ, որոշակի վճարի դիմաց հենց նրանց է ապավինում իր «փրկությունը»…
Ընդդիմության վերաբերյալ ժամանակին արտահայտած դիրքորոշումս առանձնապես չի փոխվել: Կարծում եմ՝ ընդդիմությանը հատկապես թուլացնում է ազգային գաղափարախոսություն չունենալու կամ ընդհանրապես գաղափարախոսություն չունենալու հանգամանքը:
Ընդհանրապես մեր ամբողջ քաղաքական իրողությունը զուրկ է ազգային գաղափարախոսությունից: Ավելին, իրողություն է նյութապաշտության գաղափարախոսությունը, որը հնարավորություն է տալիս ուզածդ իշխող ուժին ուղղորդել հասարակությանը և այդպես սպասարկել իր շահերը: Դա գիտականորեն հիմնավորված գործելաոճ է (այդ թվում՝ քաղաքական մանիպուլյացիաներում) և բնորոշ է բոլոր իշխանություններին, նաև ընդդիմությանը: Դժվար է աշխարհում քաղաքական դաշտը պատկերացնել առանց տարաբնույթ մանիպուլյացիաների, քանի որ դրանք հասարակական մեծ պահանջարկ ունեն, և դրանից առաջին հերթին բավարարվածություն է ստանում հենց հասարակությունը, ինչպես թմրամոլը` թմրանյութ ընդունելիս: Առանց հասարակության պահանջարկի նման առաջարկը այդքան սրընթաց չէր զարգանա: Հնարավոր է հասնի մի սահման, երբ ազգային գաղափարախոսությունը դառնա «անընդունելի» հայության համար, քանի որ կհարմարվի «դեմոկրատիայի» գաղափարախոսությանը, ինչպես, ասենք, ժամանակին սոցիալիստական գաղափարախոսությանը, որի ժամանակ օտար և վտանգավոր էր ազգային գաղափարախոսության մասին անգամ հիշատակելը: Խորհրդային պետությունում մշակվել էր խորհրդային «դեմոկրատական մարդու» վարքաբանական կանոնը, որից շեղվողները խստապես պատժվում էին: «Դեմոկրատական» վարքագծի կանոնակարգի մանիպուլյացիաների սպասարկումները` տարբեր պետությունների հասարակական գիտակցության կառավարելիությունն ապահովելու համար, ժամանակակից գիտատար հաստատությունների կողմից բավականին մանրամասնորեն մշակվել են: Դրա վառ օրինակներից կարելի է հիշատակել բավականին բարձր մակարդակով կանոնակարգված «Արաբական գարուն» կամ ուկրաինական «դեմոկրատիայի» մանիպուլյացիոն գործընթացները: Իսկ ժամանակակից «ռազմաքաղաքական աճպարարությունը» հիմնվում է խոր սոցիալական, տնտեսական, գաղափարական, հոգեբանական վերլուծությունների վրա և հենց դրանով է «առաջադեմ»:
Գիտականորեն հիմնավորված «ստերիլիզացված» ուղեղներով հասարակական միտքը զարգանում է արդեն նախապես մշակված և կանխատեսելի սցենարով «հասարակական հիպնոսի» կանոնակարգմամբ: Անհատը քիչ-քիչ լուծվում է դեմոկրատիայով հիպնոսված ամբոխավարության գործընթացներում և իր մահկանացուն է կնքում: Ներկայումս ընթացող պատերազմները հանուն դեմոկրատիայի, պատերազմներ են հանուն մեծ տերությունների ազդեցության ընդլայնման: Համարյա անհնարին է դիմադրել ծրագրավորված և կանխատեսելի «դեմոկրատիայի» տարածմանը, հատկապես հետամնաց երկրների, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրների համար: Ոչ ոք չի կարող պնդել, թե դեմոկրատիան չարիք է: Բայց դժվար է գտնել այն նուրբ սահմանը, ուր միահյուսվում են քողարկված շահը և դեմոկրատիայի «հրաշքը»:

«ԱՌԱՆՑ ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈՒ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՆՔ Է»


-Փիլիսոփաները ազատության հիմնական չափորոշիչը համարում են անհատի ընտրության հնարավորությունը: Որքանո՞վ է ազատ ՀՀ այսօրվա քաղաքացին։
-Զարգացած մշակույթ և տնտեսություն ունեցող երկրի ազատ քաղաքացին կարող է ըստ ամենայնի ազատ լինել, քանզի նա կարող է պաշտպանված լինել իր հայրենիքի հզորությամբ։
Անցած հազարամյակում մեծ գաղափարներից մեկը անկախ մարդու գաղափարն էր: Առանց անկախ մարդու անկախ պետությունը պատրանք է: Անկախ մարդու գաղափարը տարբեր է մեկնաբանվել, չինական, հնդկական, ճապոնական, աֆրիկյան, խորհրդային, իսլամական, քրիստոնեական, բուդդայական և այլ քաղաքակրթությունների կողմից:
-Փորձենք հարցերը որոշակի առումով քննարկել նոր սահմանադրության տրամաբանության համատեքստում:
-Խնդրեմ։ Փաստենք, որ նոր սահմանադրությունը բավականին բարձրացրեց իրավական մշակույթը, այդ թվում՝ թե՛ կառավարման համակարգերի, թե՛ իշխանությունների տարբեր թևերի հավասարակշռելիության, թե իրավակիրառչական, թե կանխատեսելիության առումներով:
-Նոր սահմանադրությունում կա՞ն խնդրահարույց հարցեր, որոնց արժե անդրադառնալ:
-Նոր սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Սահմանադրության 48 հոդվածի 1-ին մաս. «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»:
2-րդ մաս. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
4-րդ մաս. «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարած հանցագործության համար ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»:
Թվում է, թե այս հոդվածներում սպառիչ ամրագրված են Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովում որպես պատգամավոր ընտրվելու համար նախատեսված սահմանափակումները:
Կարևորագույն առաջընթաց պետք է համարել ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավադրույթը. «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»:
Այո, ազգային փոքրամասնությունները, բոլոր առումներով, մեր պետության հարստությունը պետք է համարել:
Սակայն, կարծում եմ, որ ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավադրույթը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում և 89 հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավադրույթների հետ:
Նշված մասում սահմանվում է. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով»: Ստացվում է, որ բարձրագույն իշխանությունը կարող է պատկանել ոչ թե «ժողովրդին», այլ կուսակցություններին, քանզի միայն նրանք իրավունք ունեն ձևավորելու Ազգային ժողովը: Եթե ուզում ես քեզ «ժողովրդի ներկայացուցիչ» համարեն, պետք է դառնաս կուսակցական։ Եթե դա, այսպես ասած, կուսակցական «ժողովրդավարություն» է, ապա բարձրագույն իշխանության ձևավորման հարցում` բովանդակային առումով, միլիոնավոր անկուսակցականների մասնակցությունը դառնում է ձևական, քանզի նրանք որևէ կուսակցության չեն հարել և չեն ցանկանում հարել: Հասարակությունը, անկուսակցական քաղաքացիները սահմանափակվում են ընդամենը կուսակցական ծրագրերի, գաղափարների, աշխարհայացքի կաղապարներով: Մարդը, այսպիսով, ամբոխի մի մասն է: Եթե հասարակության որոշակի հատվածի համար կուսակցական ծրագրերը, գաղափարները, աշխարհայացքը «խորթ» են, վերջիններս կանգնում են «դեմոկրատական» փակուղու առաջ, առանց այլընտրանքի հնարավորության:
Այդպիսին էր խորհրդային դեմոկրատիան` «կոմունիստական կուսակցության իմաստուն ղեկավարությամբ» հասարակությունը պետք է կոմունիզմը որոներ «սարերի հետևում»:
Եթե անձն ակնկալում էր որևէ պաշտոն կամ դիրք, նախ պետք է հայտներ, որ «որպես կոմունիստ ցանկանում է մասնակցել կոմունիզմի կառուցման վեհ գործին» և ընդունվեր այդ կուսակցության շարքերը: Այն ժամանակ էլ «միակ իմաստուն և հասարակության ամենօրյա ցավերից տնքացող» կուսակցությունը դեպի պայծառ ապագա էր առաջնորդում «սովետական ժողովրդին»: Կարծես վերադարձա՞նք խորհրդային տարիների դեմոկրատական սկզբունքներին: Եթե ուզում ես, որ քեզ նկատեն, կամ պաշտոն ստանաս, նախ դարձիր կուսակցության անդամ կամ ուղղակի, նաև անուղղակի, հարիր որևէ կուսակցության:
Ապագայում ձևավորվող դեմոկրատական արժեհամակարգի աշխարհընկալման և հասարակության մի ստվար հատվածի միջև հնարավոր է առաջանա երկփեղկում, իսկ դեմոկրատիան հնարավոր է ընկալվի որպես միֆ, ինչպիսին խորհրդային ժամանակահատվածում էր: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ «ժողովրդավարության» հաջորդ փուլը հասարակության համընդհանուր կուսակցականացումն է: Ինչպես խորհրդային տարիներին էր։
-Երբ պետական ինստիտուտներն ու քաղաքական մարմիններն օտարվում են իրականությունից, ժողովրդին մի բան է մնում՝ ապավինել բանակին։ Եվ նա ապավինում է։
-Մեր երկրի անկախության կարևորագույն բաղադրիչներից է ժամանակակից հզոր և մարտունակ բանակը: Յուրաքանչյուր հայ, որ երկրի քաղաքացի էլ հանդիսանա, որտեղ էլ գտնվի, պետք է գլուխ խոնարհի հայ զինվորի առաջ: Բայց անկախության պահպանման հարցում միայն այդպիսի բանակ ունենալը բավարար չէ: Այլ հիմնարար հարցերից բացի, պետության անկախության պահպանման համար կարևոր բաղադրիչներից է նաև հզոր ներուժ ունենալը և այն պահպանելը: Ցավոք, արտահոսքը լուրջ խնդիր է ոչ միայն ազգային գենոֆոնդի պահպանման, այլև դրա հետևանքով ազգային մտավոր-էներգետիկ դաշտի պահպանման առումով, ինչն իր հերթին մի քանի առումներով վտանգում է անկախ պետականությունն ընդհանրապես:

«ՄԱՐԴՆ ԱՅՍՊԻՍՈՎ ԱՄԲՈԽԻ ՄԻ ՄԱՍՆ Է»


-Հայաստանն ի՞նչ զուգահեռներում կարող է հայտնվել:
-Հայաստանը չի կարող դուրս մնալ այդ գործընթացներից, վերջին երկու տասնամյակներում Հայաստանի համար նշմարվում են բավականին բարենպաստ պայմաններ: Պարզապես հարկավոր է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել:
Հայաստանի տեղն այնտեղ է, որտեղ նա ներկայումս գտնվում է, ոչ ավելի, ոչ պակաս:
Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է` իր բոլոր վայրիվերումներով, որտեղ երբեմն ոչ թե հաղթելն է կարևոր, այլ ոտնատակ չընկնելը: Չնայած առանձին թերություններին, պետք է ասել, որ հայկական դիվանագիտությունը ժամանակակից մարտահրավերների առումով դարձել է բավականին ճկուն:
Եթե ուզում ես շահել կամ գոնե չպարտվել, օգտվիր չգրանցված իրավունքից` քեզ ընձեռված հնարավորություններից, այլապես քո գնացքը կմնա կայարանում, իսկ դրանից հետո ինչքան ուզում ես ինքնախարազանմամբ զբաղվիր, ոչ ոք քեզ չի նկատի, ընդամենը քաղաքավարությունից ելնելով սառը ցավակցություն կհայտնի:
-Պարոն Գրիգորյան, համաշխարհային ճգնաժամի «իններորդ ալիքը» կարծես հասունացման փուլում է: Եվ աշխարհը, կամ գոնե մի մասը, խորացող տագնապով է սպասում ամենաուժեղ, հարվածին: Ճշտենք՝ ե՞րբ ծրագրվեց համաշխարհային ճգնաժամը:
-Թե երբ ծրագրեցին և մարդկությանը «պարտադրեցին» ներկայիս համաշխարհային ճգնաժամը, դեռևս կարիք ունի հանգամանալից ուսումնասիրման:
Բայց անկախ ամեն ինչից, այդ «նվերն» արդեն բոլորինն է, նույնիսկ նրանցը, ովքեր դեռ լրիվ չեն ըմբռնել կամ չեն հասկացել դրա էությունը և հնարավոր բոլոր հետևանքները: Չեմ կարծում, թե որևէ նորություն կհայտնեմ, որ խորհրդային պետության փլուզումը ոչ միայն միջոց էր, այլև որոշակի ծրագրերի իրականացման ժամանակահատված:
Դրանից հետո «անկախություն նվիրած» նոր պետություններում պետք է իրականացվեին նոր աշխարհաքաղաքական կառուցակարգի ծրագրեր` իրենց համար հարմար իշխանությունների կազմավորում, աղքատության համընդհանուր շեմի հաստատում, «համամարդկային արժեքների քողի տակ» ազգային հոգեբանության համահարթեցում, նոր կառուցակարգին` ստրկացում:
-Այսօր Արևմուտքի, ի մասնավորի Եվրոպայի գոյավիճակը հիշեցնում է հայկական իմաստությունը՝ «Փոս փորողն ինքն է ընկնում փոսը»։
-Այո, Եվրոպան հայտնվել է ինքն իր ստեղծած ծուղակում: Իսկ այդ վիճակից վարպետորեն օգտվում է Թուրքիան, որը, իրականացնելով իր հեռահար նպատակները, ուղղակի շանտաժների միջոցով Եվրոպային փորձում է թելադրել իր խաղի կանոնները: Եթե որևէ մեկը կասկածում է, որ դեպի Եվրոպա մուսուլմանական երկրներից միգրանտների հոսքը տարերայնորեն է սկսվել, ապա կարելի է նրան ցավակցել: Դա հստակ ծրագիր է` Եվրոպան իսլամացնելու հարցում, Եվրոպան գրավելու այդպիսի ռազմավարությունն է ընտրվել: Նոր բան չկա: Թուրքիան եղել և մնում է տարածաշրջանի հրեշը, որի հեռահար ծրագրերը եղել և մնում են նույնը: Ներկայումս նա ճարպկորեն օգտվում է ստեղծված իրավիճակից, որն իր գլխին սարքեց Եվրոպան: Իր ծնած և սնած «մարդու իրավունքներ»-ի ձեռքը կրակն ընկած Եվրոպան դաժանաբար պատժվում է հետամնաց երկրներից գրոհող հորդաներից: Իրենց սրած բիզը մտնում է իրենց իսկ մի տեղը:
«Հետամնաց» գաղափարախոսությունը շատ ավելի ուժեղ է և կենսունակ եվրոպական բազմերեսության, կաշառքի մեջ թաղված, «համամարդկային արժեհամակարգ»-ի վարագույրների շղարշի ներքո գոյություն ունեցող քաղաքականությունից: Եվրոպական քաղաքականությունը հանուն իր շահերի հարյուր հազարավոր մարդկանց է զոհասեղաններ բարձրացրել: Այսօր Եվրոպան ինքն է «ժողովրդավարության» զոհասեղանին հայտնվելու վտանգի առաջ կանգնած:
Իսկ «ժողովրդավարության» ամերիկյան և եվրոպական գաղափարախոսությունը վաղուց ճաքեր է տվել: Հարյուր հազարավոր անմեղ ու մեղավոր անձանց արյուն է թափվում, ավերվում ու քանդվում են հազարավոր գյուղեր ու քաղաքներ, միլիոնավորները դառնում են տնավեր: Եվ այդ ամենի համար պետք է երախտապարտ լինեն «համամարդկային արժեքներին»:
Ամերիկյան և եվրոպական «համամարդկային արժեքների» մասին կրոնական դավանանքի վերածված ուսմունքներն այլևս չեն բավարարում ժամանակակից աշխարհի կառավարման պահանջներին, իսկ այդ «ուսմունքների» հետևորդ «աշակերտներն» այլևս նախկին հնազանդ զանգվածը չեն:
«Համամարդկային արժեքների» միֆը, արդարության նեխած բարոյականության քարոզչական առասպելաբանությունը` որպես աշխարհը հսկելու սեփական հայեցակարգ, մեծ ճաքեր են տվել:
Տարբեր քաղաքակրթությունների միաձևումը չկայացավ, և «համամարդկային արժեքներով» աշխարհը չդարձավ միակենտրոն: Ժամանակին բոլշևիկները ցանկանում էին իրականացնել համաշխարհային հեղափոխություն: Նույն սցենարը կիրառվում է ներկայումս, բայց արդեն առանց բոլշևիկների:


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ