Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ընդդիմությունն ուզում է ոչ թե քննարկեն իր առաջարկները, այլ ընդունեն դրանք»

«Ընդդիմությունն ուզում է ոչ թե քննարկեն իր առաջարկները, այլ ընդունեն դրանք»
15.03.2016 | 00:33

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները թեժ փուլ են մտնում: Ընդդիմությունն առաջարկություններ է ներկայացնում, իշխանությունը «տնտղում» է` արժե՞ դրանք ընդունել, թե՞ ոչ: Այս անգամ իշխանություններին դրսից հրահանգել-հորդորել են նաև՝ համագործակցեք ձեր ընդդիմադիրների հետ, նրանք էլ ճարահատյալ ընդդիմության ցանկացած առաջարկին պատասխանում են` մենք քննարկումներից չենք հրաժարվում: Հրաժարվելը չեն հրաժարվում, բայց կընդունե՞ն: ՀԱԿ խմբակցությունը հրապարակել է իր տեսակետն ԸՕ-ի նոր նախագծի առնչությամբ և առաջարկում է «4+4+4» ձևաչափով քաղաքական երկխոսություն սկսել: Այսինքն, չորս ներկայացուցիչ իշխանությունից, չորսը` ընդդիմությունից, չորսն էլ` քաղաքացիական հասարակությունից: Երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ վերստին իր առաջարկը ներկայացրեց: ՀՀԿ-ն, Վահրամ Բաղդասարյանի դեմքով, ասաց, որ պատրաստ են ցանկացած ձևաչափով քննարկումների: Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավարին մի քանի հարց ուղղեցինք:

-Փաստորեն, աշխատանքային խո՞ւմբ եք փորձում ստեղծել:
-Հակառակը, ես կոնկրետ շեշտեցի, որ սա աշխատանքային խումբ չէ: Իմ առաջարկը քաղաքական բանակցությունների ֆորմատն է:
-ԸՕ-ի քննարկումների այս փուլում ի՞նչ կտա բանակցությունների այդ ֆորմատը:
-Շատ կարևոր բան` կընդունվեն մեր չորս առաջարկները:
-Հույս ունեք, որ կընդունվե՞ն:
-Միջազգային հանրությունն էլ է պահանջում ընդդիմության հետ փոխհամաձայնության գալ: Ինչո՞ւ չի ասում` գնացեք ձեր քվեարկությամբ ինչ ուզում եք ընդունեք, որովհետև բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, հասկանում են, որ վստահություն կարող է լինել ընտրությունների նկատմամբ (այդ թվում` միջազգային հանրության վստահությունը), եթե միասնաբար գանք համաձայնության, կոնսենսուսի: Դրա համար մենք առաջարկում ենք` եկեք սկսենք բանակցությունները: Դրանք կարող են ունենալ երկու հնարավոր ելք` կա՛մ կավարտվեն կոնսենսուսային համաձայնությամբ, այդ դեպքում փառք բոլորին, որ մեր առաջարկներն ընդունվեցին, կամ կտապալվեն, ինչի քաղաքական գինը իշխանությունները կվճարեն:
-Զարմանալի չէ՞ր, որ իշխանությունն առանց դիմադրության միանգամից համաձայնեց Ձեր առաջարկին:
-Իշխանություններն էլ հասկանում են, որ այսօր պետք է ողջ աշխարհին ցույց տան, որ պատրաստ են ընդունելու ընդդիմության առաջարկները: Բայց իրենք ձևախեղում են խնդիրը, ասում են` պատրաստ են քննարկելու: Մեզ քննարկելն այնքան չի հետաքրքրում, որքան ընդունելը, ինչը կվերականգնի գործընթացի նկատմամբ վստահությունը: Այնպես որ, հիմա իշխանությունը փորձում է գործընթացը վերածել իմիտացիայի, մենք էլ ձգտում ենք իրական արդյունքների:
-Չե՞ք կարծում, որ դուք գործընթացը լեգիտիմացնում եք, այսինքն՝ ինչ-որ ձևաչափով մասնակցելով այդ քննարկումներին, միջազգային հանրության շրջանում տպավորություն եք ստեղծում, թե ընդդիմությունն իշխանության հետ ներգրավված է այդ աշխատանքներում:
-Նրանց արդեն լեգիտիմացնել հնարավոր չէ, այնքան շատ ընտրություններ են կեղծել: Վերջին հանրաքվեն ողջ աշխարհի առաջ խայտառակություն էր: Այնպես որ, այդպիսի մտավախություն չունենք։ Եթե մեր առաջարկները չեն ընդունում, ինչո՞վ ենք լեգիտիմացնում:
-Եթե նախապես գիտեք, որ ձեր առաջարկները չեն ընդունվելու, ինչո՞ւ եք մտնում այդ «գետը»:
-Ո՞վ ասաց, որտե՞ղ է որոշված, որ չեն ընդունվելու:
-Եթե իշխանությունը Ձեր նշած այդպիսի «որակն» ունի, ի՞նչ երաշխիք կա, որ կընդունի ընդդիմության առաջարկները:
-Չհասկացա, բա այս ընդդիմադիր ուժերի համախմբումը, միջազգային հանրության ճնշումն ինչի՞ համար են` որ իշխանությունն այս առաջարկներն ընդունի: Ես չեմ ասում, որ այս կռվում մենք անպայման հաղթելու ենք, ես ասում եմ` եկեք կռվենք, որովհետև այս դեպքում մեր հաղթանակի, իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար հնարավորություն է ստեղծվում:
-Եթե բոլոր ընտրությունները կեղծվել են, ինչի՞ վրա է ձեր հույսը, որ այս անգամ ա՞յլ կերպ կընթանա գործընթացը:
-Եթե համարեինք, որ այս գործընթացը ոչ մի իմաստ չունի, չէինք մտնի դրա մեջ: Վերջին խայտառակ հանրաքվեից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, նոր մթնոլորտ` անհանդուրժողականություն իշխանությունների ընտրակեղծարարության նկատմամբ: Եթե համախմբենք բոլոր ընդդիմադիր ուժերին և քաղաքացիական հասարակությանը, ստանանք միջազգային հանրության աջակցությունը, հնարավոր է այս իշխանություններին պարտադրել լուծումներ:
-Տեսակետ կա, որ ՀԱԿ-ը կարող էր այս կարևոր հարցն օգտագործել և հրապարակ բերել ժողովրդին:
-Չեմ բացառում դա: Շատ կարևոր հարց է, միգուցե հասնենք և դրան: Միասնաբար գնանք հրապարակ և սկսենք հանրահավաքային պայքարով ճնշել իշխանությանը:
-Արդյունք կտա՞ «փողոցային» պայքարը:
-Ինձ դուր չեն գալիս Ձեր կասկածամտությունն ու վատատեսությունը: Դուք թերագնահատում եք հասարակության համախմբման ներուժը:
-Ես թերագնահատում եմ ընդդիմության ներուժը:
-Պայքարը միշտ էլ տվել է իր արդյունքը: Եթե անգամ չհասանք իշխանափոխության, մեր պայքարի շնորհիվ ազատության սահմաններն ահագին բացեցինք: Բայց իշխանափոխության էլ ենք հասնելու:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

երումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am