Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դաշնային Սիրիա՞

Դաշնային Սիրիա՞
21.03.2016 | 10:59

Մինչ Թուրքիան հաղթահարում է Անկարայի հրեշավոր ահաբեկչության ցավը, արտաքին քաղաքականութան մեջ կարևորագույն իրադարձություններ են կատարվում: Մեկը Ռուսաստանի Սիրիայից հեռանալու որոշումն էր, մյուսը՝ սիրիացի քրդերի դաշնության հռչակումը: Ինչո՞ւ Պուտինը, որ անսպասելի օգնության եկավ Բաշար Ասադին անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին, նույնքան անսպասելի հեռանում է տարածաշրջանից: Նախ և առաջ Ռուսաստանին հաջողվեց մարտադաշտում իրավիճակը շրջել Ասադի օգտին: Մոսկվան, որ մինչև պատերազմը բազա ուներ միայն Տարտուսում, հնարավորություն ստացավ կենտրոնացնել պատերազմ վարելու իր զինուժը Լաթաքիայի ավիաբազայում: ՈՒկրաինական ճգնաժամի պատճառով մեկուսացման և պատժամիջոցների տակ գտնվող պուտինյան վարչակարգը Մերձավոր Արևելքում կարևոր խաղացողի դերով հանդես եկավ, ում հնարավոր չէ անտեսել: Մյուս կողմից՝ Ռուսաստանն անմիջապես չի հեռանում: Մոսկվան թեպետ թիրախում ուներ ոչ այնքան ԻՊ-ին, որքան ընդդիմությանը, տարածաշրջանում կպահպանի իր ուժը այն ծավալով, որը թույլ կտա շարունակել «ահաբեկչական խմբերի» դեմ պայքարը: Կմնան և հակահրթիռային պաշտպանության С-400 համակարգերը, որ Սիրիա բերվեցին Թուրքիայի հետ հարաբերություններում ինքնաթիռային ճգնաժամից հետո: Կարծում են, որ Պուտինը Ասադին ազդանշան է տալիս՝ «Մենք այլևս չենք կարող քո զինվորները լինել, մնացածը ինքդ կանես», և արագացնում է խաղաղ բանակցությունները: Պուտինը չի ուզում, որ Ռուսաստանը խրվի սիրիական ճահճում, ինչպես ԽՍՀՄ-ը Աֆղանստանում: Հնարավոր է, որ Պուտինը օրական երեք միլիոն դոլար ծախսելով ռազմական գործողությունների վրա, երբ նավթի գները անկման հատակին են հասել, որոշել է ուժերը կենտրոնացնել ընտրություններից մեկ տարի առաջ: Բոլոր այս քայլերը կարող են մարտավարական գերակայություններ լինել Պուտինի համար, որը իր անձնական քաղաքականությունն է դարձրել աշխարհին անակնկալներով զարմացնելը: Ինչպե՞ս Ռուսաստանի պատերազմի մեջ մտնելը փոխեց իրավիճակը մարտադաշտում: Ասադը շրջապատեց ընդդիմությանը Ալեպոյում, հասավ Իդլիբ հյուսիսում, վերադարձրեց վերահսկողությունը 400 բնակավայրերի վրա, որ ընդդիմության կամ ԻՊ-ի ձեռքում էին: Ռուսաստանի ռմբակոծումներն ընդդիմութան համար իսկական հարված էին, իսկ նրանց աջակցում էին Թուրքիան ու Սաուդյան Արաբիան: Սիրիացի քրդերը հնարավորություն ստացան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի աջակցությամբ մեծացնելու իրենց տարածքները: Հետևանս՝ էթնոկրոնական բաժանման գիծն ու երկրի հատվածականությունն առավել արտահայտիչ դարձան: Ռուսաստանի միջամտությունը մարտադաշտում խթանեց կոնֆլիկտի կողմերին հրադադար կնքել և նստել Ժնևում բանակցությունների սեղանի շուրջը: Մինչև վերջին պահը Ռուսաստանը պնդում էր, որ սիրիացի քրդերը պիտի հրավիրվեն շվեյցարական բանակցություններին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասում էր. «Եթե քրդերին մոտ չթողնենք Սիրիայի ապագայի մասին բանակցություններին, ո՞վ կերաշխավորի, որ նրանք կցանկանան մնալ այդ պետության կազմում»: Բայց Թուրքիային չտագնապելու համար սիրիական քրդական ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD), որ կապված է Քրդստանի աշխատավորակա կուսակցություն (РПК) ահաբեկչական խմբավորման հետ, նաև մի քանի այլ խմբերի, Ժնև չհրավիրեցին: Երբ Ասադի վարչակարգի ու ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին միջնորդավորված բանակցությունները Ժնևում, տեղեկություն տարածվեց, որ Ռիմելանի կոնֆերանսում սիրիացի քրդերը քննարկում են Սիրիայում դաշնություն հռչակելու հարցը:
«РИА Новости» ռուսական պաշտոնական լրատվական գործակալությանը սիրիացի քրդերի ներկայացուցիչը Մոսկվայում՝ Ռոդի Օսմանը, ասաց. «Ժնևում սկսվել են բանակցությունները, բայց մեզ՝ քրդերիս, Սիրիայի կարևոր մասին, չեն հրավիրել: Այդ դեպքում մենք մեկ ելք ենք տեսնում՝ միավորել երեք կանտոնները, որ քրդերի վերահսկողության տակ են, և հայտարարել Սիրիայի հյուսիսում դաշնության ստեղծումը»: PYD-ի անդամներից Իբրահիմ Իբրահիմը New York Times-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Դաշնությունը թույլ կտա պահպանել Սիրիայի ամբողջականությունը»: Ժամանակը ցույց կտա՝ կպահպանի՞ դաշնային կառույցը Սիրիայի ամբողջականությունը, թե՞ կարագացնի տրոհումը, բայց անպայման կազդի տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության վրա: Մի կողմից՝ դաշնության ստեղծման նախաձեռնությունը, որ բարձրաձայնվեց Ռիմելանում, հանգեցրեց նրան, որ Սիրիան, Թուրքիան, ԱՄՆ-ը նման հայտարարություններ արեցին: Դամասկոսի ներկայացուցիչը Ժնևում նկատեց. «Ձախողման են դատապարտված Սիրիայի բաժանմանն ուղղված նախաձեռնությունները»: Անկարան առարկեց. «Դա անօրինական է»: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի աջակցում Սիրիայում որևէ ինքնավար կամ կիսաինքնավար կառույցի: Բայց երբ նրան հարցրին. «Իսկ եթե սիրիացիներն ուզո՞ւմ են բաժանվել դաշնային շրջանների», Տոները պատասխանեց. «Դա որոշում է, որ կընդունեն իրենք՝ սիրիացիները»: Նշանակում է՝ Սիրիայի դաշնային դառնալու գաղափարն ամբողջությամբ չի մերժվում: Սիրիայի ընդդիմությունը դաշնային կառուցվածքը չի խրախուսում: Ընդդիմադիր ղեկավարներից Ռիադ Հիջաբը կարծում է. «Մենք աջակցում ենք ապակենտրոնացումը, որի շրջանակներում տեղական իշխանությունները մեծ իրավասություններ կունենան, բայց ոչ դաշնությունը: Դաշնությունը երկիրը կմասնատի»: Եթե սիրիացի քրդերը իրաքցիներից հետո դեֆակտո ինքնուրույն կառույց ձեռք բերեն, դա կարող է հարուցել ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի անհանգստությունը: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ իրավիճակը Սիրիայում վաղուց արդեն շրջվել է դաշնային համակարգի կողմը:
Նիլգյուն Թեքֆիդան ԳՅՈՒՄՈՒՇ, Hürriyet


Հ.Գ. Թույլ կտա՞ն Արևմուտքն ու Ռուսաստանը, որ քրդերն անկախանան: Հարցը վերաբերում է Թուրքիային, Իրանին, Իրաքին, Սաուդյան Արաբիային, և ի՞նչ տարածքում: Իրաքում դեֆակտո գոյություն ունեցող ու չճանաչված Քրդստանը Սիրիայի տարածքում ևս ինքնավարություն ստանալով, հաջորդ քայլով փորձելու է տարածքները միավորել և մեկ պետություն դառնալ, իսկ մյուս քայլը արվելու է Թուրքիայում, որտեղ քրդաբնակ շրջանները անջատման հարց են բարձրացնելու՝ թիկունքում ունենալով արդեն կազմավորված պետություն, հեռու չէ նաև Իրանի քրդերի անջատողական տրամադրությունների դրսևորումը: Քրդեր կան նաև Ադրբեջանում: ՈՒ ի՞նչ քարտեզ կձևավորվի Մերձավոր Արևելքում: Ամենայն հավանականությամբ ոչ ժնևյան բանակցությունները, ոչ առաջիկա տասնամյակը այս հարցերի պատասխանը չեն տա, բայց Սիրիան կարող է լինել երկրորդ մասնատված երկիրը, եթե Իրաքի կենտրոնական կառավարությունը չուժեղանա այնքան, որ վերացնի ինքնավարությունները: Պետություններից յուրաքանչյուրն իր ուժերով կկարողանար հարցերն իր սահմաններում լուծել, եթե չլինեին արտաքին ներգործությունները, եթե Արևմուտքը չշարունակեր Արևելքին ապրելու կերպն ու կարգը պարտադրել, մեր ժամանակներում ի պատասխան ստանալով ահաբեկչություն ու փախստականներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ