Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մենք չունենք պատրանքներ

Մենք չունենք պատրանքներ
06.04.2016 | 01:24

Պատերազմի հինգերո՞րդ օրը, թե՞ հրադադարի առաջին: Հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, որովհետև ոչ ոք չգիտի՝ ի՞նչ կանի Ալիևը, երբ արթնանա քնից ու հիշի, որ այդքան փողը քամուն տվեց ու ոչնչի չհասավ՝ ադրբեջանական բանակը հետ է շպրտվել ու ոչ մի գրաված տարածք այլևս չունի: Ունի զոհեր, զնտեխնիկայի կորուստ, ձախողում: Իսկ այնքան լավ էր մտածված, այնքան մանրամասն, այնքան ջանադիր զինտեխնիկա էր կուտակվել շփման գծում, հայերն էլ անտարբեր էին՝ ինչ է կատարվում, ինչու են հավաքվում: Ամեն ինչ կար հաջողության համար: Բայց ինչ-որ տղեկներ կանգնեցրին Ադրբեջանի հաղթական փոքրիկ պատերազմը, որ մի քանի մայրաքաղաքներում էր ծրագրվել ու փաստի առաջ կանգնեցրին աշխարհին: Սա է իրողությունը: Ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներ չհասան ու ռուսական խաղաղապահները տարածաշրջան հաղթական չմտան՝ հավերժական խաղաղարարի իրենց դերով: Ալիևը հիմա պատրաստ է բանակցել: Բայց փորձում է պայմաններ թելադրել: Դեռ փորձում է: Բոլորի բոլոր հաշիվները խառնեց հայկական բանակը: Հիմա նորից վերադառնալու են փակ շրջանակին՝ երեք սկզբունքների լաբիրինթոսում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Եվս քանի՞ պատերազմ է պետք՝ հասկանալու համար, որ անցած դարում ընդունված սկզբունքները այս դարում չեն գործում: Պայմաններն են փոխվել: Աշխարհի զարգացման տրամաբանությունն է փոխվել: Բանակցությունները կվերսկսվեն, բայց ի՞նչ պայմաններով: Սա է այսօր հարցը: Բոլորը միաբերական հայտարարում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Բայց որևէ երաշխիք կա՞, որ եթե ոչ վաղը, վաղը չէ մյուս օրը Ադրբեջանը նորից Սմերչով ու տանկերով չի փորձի իրավիճակ փոխել, եթե բախտը բերի՝ անզեն ու խաղաղ մարդկանց հանդիպի, սպանելու է ու ականջ կտրի, գլխատի՝ ինչպես ընդունված է մուսուլմանների համար՝ իրենց հաղթող զգալու: Ի՞նչ տարբերություն ԻՊ-ի զինյալների ու Ադրբեջանի բանակի զինվորների միջև: Պատասխան տալու՞ են մարդկության դեմ գործած հանցանքների համար: Այսքանից հետո նորից նու՞յն երգն են երգելու: Ռուսաստանն ու Բելառուսը շարունակելու՞ են զենք վաճառել Բաքվին, Ղազախստանն էլ մոռանալու՞ է, որ 1994-ին զինադադարի կնքման երաշխավոր էր ու պարտավորություններ ունի: Ռուսաստանը շարունակելու է Յանուսի իր երկդիմի քաղաքականությունը՝ Մեդվեդևը գալու է Երևան, հաջորդ օրը մեկնելու է Բաքու, որ կողմերից ոչ մեկին չնեղացնի՞: Քանի՞ գրոշ արժեն ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն, որին Հայաստանն անդամակցեց իբր անվտանգության նկատառումներով: Շփման գծում կտեղակայվե՞ն սարքերը, որ Բաքուն անվանում էր տեխնիկական պատրվակ՝ բանակցությունները ձախողելու համար: Կվերադառնա՞ Ստեփանակերտը բանակցությունների սեղան, թե՞ հրադադարի նոր պայմանագիրը իր համար անցանկալի պայմաններով չստորագրելու համար Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն ու կասի՝ թող ինքը ստորագրի: ՀՀ նախագահը մեկնեց Բեռլին, այցը վաղուց էր ծրագրված՝ ԱՄՆ-ից նա պիտի Բեռլին գնար, բայց ստիպված էր Երևան վերադառնալ: Պարզ է, որ Բեռլինում այլևս նախկին օրակարգը չի քննարկվի միայն: Գուցե ճիշտ է Հրանտ Բագրատյանը ականջ կտրողին հաջորդ անգամ պիտի պատասխանել ստրոնցիումո՞վ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ակնհայտ է, որ Ադրբեջանի ծրագիրը ձախողվեց: Իսկ նկատեցի՞ք, որ նույնքան բարեհաջող ձախողվեցին, համենայն դեպս օրակարգից դուրս եկան առաջիկայում Իրան-Հայաստան-Վրաստան գազատարի ծրագրերը: Ո՞վ հիմա ներդրումներ կանի ու կկառուցի գազատար, որը ամեն պահի կարող է պայթեցվել: Ո՞վ շահեց: Տարածաշրջանում ոչ մի պետություն: Պարզապես Եվրոպայում ռուսական գազը կորցրեց այլընտրանքային իրանական գազի մրցակցությունը:

Դիտվել է՝ 1386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ