Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵԱՀԿ ՄԽ-ն այդպես էլ չկենդանացավ

ԵԱՀԿ ՄԽ-ն այդպես էլ չկենդանացավ
03.05.2016 | 01:22

Ապրիլյան քառօրյա «բլիցկրիգից» հետո սպասումներ կային, որ անմիջական-օպերատիվ զարգացումներ կլինեն դիվանագիտական դաշտում, սակայն պարզվեց` դրանք խիստ լավատեսական դրսևորումներ էին:
Հակամարտությունը ոչ միայն տեղից չշարժվեց` որևէ նոր դիվանագիտական ամրագրումով, այլև ավելի ճահճացավ` բոլոր ուղղություններով. հրադադարը շփման գծում խախտվում է ամեն օր, առավոտները բացվում են մատաղված կյանքերի նոր կորուստներով, բանակցային գործընթացը անժամկետ սառեցվել է, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես անհետացել է տեսադաշտից, եթե հաշվի չառնենք, որ համանախագահներից մեկը երբեմն-երբեմն «Ինստագրամում» կամ ֆեյսբուքյան իր էջում գլուխը խրամատից հանում, իր «կամուֆլյաժն» է ցուցադրում, իբր սաղ է: Ընդամենը:


Չնայած մեկ «դինամիկ» քայլ ԵԱՀԿ ՄԽ-ն, այնուհանդերձ, «արձանագրեց»: Հիշենք` այդ ձևաչափում անհամաձայնությունը գրեթե մշտապես եղել է ռուս-արևմտյան տանդեմի միջև: Արևմտյան ասելով` նկատառում ենք Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Քառօրյա պատերազմից հետո նոր «նախադեպ» գրանցվեց նաև ԵԱՀԿ ՄԽ արևմտյան բլոկում. ԱՄՆ համանախագահն ասաց, որ այս պահին չեն պատրաստվում հակամարտող երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու: Ֆրանսիայի համանախագահ Էնդրյուն պնդեց բոլորովին հակառակը` նախապատրաստվում է հանդիպում, համանախագահներն աշխատում են այս ուղղությամբ: Կարելի՞ է կարծել, որ այս պահին շատ ավելի կոնսենսուս կա ֆրանսիացի և ռուս համանախագահների միջև, մասնավորապես, ռուսական` կազանյան առաջարկի առնչությամբ, իսկ ամերիկացի համանախագահը, խիստ դիվանագիտորեն, իր անհամաձայնությունն է արտահայտում այդ փաստաթղթին:


Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք սա խառնաշփոթ է, թե՞ ԵԱՀԿ ՄԽ-ի «անմեղսունակության» հերթական արգասիքը: Մանավանդ որ, հայկական կողմը` բանակցային ողջ գործընթացում առաջին անգամ շատ կոշտ արձանագրեց` չի գնա բանակցությունների, եթե իր երեք պայմանները չբավարարվեն` վստահություն, որ 94-ին ստորագրված և քառօրյայից հետո բանավոր ձեռք բերված հրադադարը չի խախտվի, սահմանում կտեղակայվեն հետաքննող սարքեր, և ԵԱՀԿ ՄԽ-ն հասցեականություն կդրսևորի, ասելով, թե որ կողմն է, ի վերջո, կրակում:


Ի դեպ, տողատակերում էլ նկատենք` վերջին օրերին հայկական կողմը հաջորդ «վաբանկ» քայլով տեղն է դնում և՛ «չթիրախավորողներին», և՛ «կրակողներին»` փորձելով իր կորցրած դիրքերը վերականգնել, չնայած ամբողջական տեղեկատվություն այս առնչությամբ դեռ չկա:
Մեկ նկատառում ևս: Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված խիստ ծրագրային հարցազրույցում կարևոր մի միտք ևս հնչեցրեց` ռուսական խաղաղապահների մասով: Առ այն, որ հայկական կողմը համաձայն չէ դրան: Նրբագեղ հավելմամբ` նման խաղաղապահները կարող են Ղարաբաղում հայտնվել` կողմերից մեկի հրավերով: Ինչպես հայտնվեց Ռուսաստանը Սիրիայո՞ւմ:


Ասել է` Հայաստանի իրավունքն է` «կանչել կամ չկանչելը» սույն խաղաղապահներին, ինչը կարծես կազանյան հաջորդ ամրագրումն է (Ադրբեջանի «դեպքը»` ռուս խաղաղապահներ կանչելու մասով չենք քննում, որովհետև հարգարժան Էրդողանը իրեն համբուրող Ալիևի հանդեպ պարզապես ջիհադ կսկսի):
Ասել է` Սերժ Սարգսյանը շատ նուրբ մանևրում է անգործ, գրեթե անմեղսունակ, միմյանցից «բեխաբար» ԵԱՀԿ ՄԽ-ի դաշտում, առաջին հերթին Ռուսաստանի «ականջի համար», ապա` մնացյալի, որ մենք չենք կանչի ռուս խաղաղապահներ, չենք նստի բանակցային սեղանի շուրջը, քանի դեռ ապահովված չեն հայաստանյան երեք պահանջները:
Գումարած` ամենակարևորը` Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը, ինչը, այսպես ասած, կազանյան փաստաթղթում կարծես «փուլային»-անհասկանալի, Ադրբեջանի ԵԱՀԿ-ացման համատեքստում է «դիտարկվում»:


Մի խոսքով, պետք է ասել, որ քառօրյա պատերազմը բոլոր խաղացող կողմերին շպրտեց ավելի հետ:
Կողմերից Հայաստանը փորձում է վերականգնել իր դիրքերը` ուղիղ և փոխաբերական առումներով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ