Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը կրճատել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ֆուտբոլում պատասխանատու պաշտոններ ունենալու իրավունքից զրկելու ժամկետը՝ 6 տարվա փոխարեն սահմանելով 4 տարվա արգելք, նաև նվազեցվել է ավելի վաղ սահմանված տուգանքը՝ 82,6 հազար դոլարի փոխարեն Պլատինին պետք է տուգանվի 62 հազար դոլարով: Պլատինին դատարանի որոշումը որակել է «լիովին անարդար»: «Համաձայնության գալով ազգային ընկերակցությունների հետ, ես հրաժարվում եմ ՈՒԵՖԱ-ի նախագահի պարտականություններից, որ շարունակեմ իմ պայքարը շվեյցարական դատարաններում՝ ապացուցելով, որ ներքաշվել եմ անարդարության մեջ»,- հայտարարել է Պլատինին:
Անցյալ տարի դեկտեմբերի 21-ին էթիկայի հանձնաժողովը որոշեց 8 տարով կասեցնել Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի լիազորությունները: ՖԻՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովը, քննելով Պլատինիի և Բլատերի դիմումները, փետրվարի 24-ին որոշել էր նրանց գործունեության սահմանափակման ժամկետը նվազեցնել 2 տարով՝ 8 տարվա փոխարեն՝ 6 տարի ժամկետ էր նախատեսել, որի ընթացքում ֆուտբոլում Պլատինին և Բլատերը զրկված կլինեն որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Բլատերն ու Պլատինին սկանդալային պատմության կենտրոնում հայտնվեցին, երբ հնչեցին մեղադրանքներ, որ 2011-ին` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ Պլատինիին 2 միլիոն դոլար է փոխանցել FIFA-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը: Պլատինին հայտարարում է, որ շարունակելու է պայքարել իր նկատմամբ սահմանված արգելքը վերացնելու համար: Նա մտադիր է դիմել Շվեյցարիայի դաշնային դատարան, սակայն դիմումը դատարանը կարող է քննել, երբ ներկայացվեն հիմնավոր փաստարկներ, որ Սպորտային արբիտրաժային դատարանը որոշումը կայացրել է ընթացակարգային խախտումներով:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ «ողջունում է Միշել Պլատինիի աշխատանքը և նրա մարդկային որակները, նա միշտ աշխատել է՝ ֆուտբոլի հետաքրքրությունների շրջանում, հատկապես՝ երբ ՈՒԵՖԱ-ի նախագահն էր»: