Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:
ՀՀ ՊՆ առաջին տեղակալը Թոմաս Լենկին ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ դիտարկումն անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից նույն վայրում սպանվել է ՊԲ զինծառայող: Դա ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը:
Շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ: Տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը ևս մեկ անգամ փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար: