Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել անգլիական ակումբի ղեկավարությանն ու պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին վստահության համար:
«Շատ հպարտ եմ, որ դարձա «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկը: Հաղթանակների հարուստ պատմությունով ակումբում եմ: Հույս ունեմ երկար տարիներ դառնալ այդ պատմության մի մասը: Շնորհակալ եմ ակումբի և Ժոզե Մոուրինյոյին վստահության համար: Եվ ամենագլխավորը՝ հավատում եմ, որ այսպիսի մեծ ակումբում խաղալով, հարգում եմ հորս հիշատակը՝ մանկությանս տարիներին ինձ տված ներշնչանքի և խթանի համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել: