2016-ի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին «Հայաստան Արցախ» հիմնադրամը 4.3 միլիոն դոլարի մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով և տասը ծովային արկղերով։
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օժանդակությունն իրականացնելու համար, «Հայաստան Արցախ» հիմնադրամը 3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ դեղորայք և այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից (1,4 միլիոն դոլար), Կանադայի Health Partners International կազմակերպությունից (811 000 դոլար), AmeriCares կազմակերպությունից (620 000 դոլար) և Կաթողիկե Բժշկական առաքելության հոգաբարձությունից (146 000 դոլար)։
Այս ժամանակաշրջանում արժեքավոր ապրանքներ են նվիրել նաև հետևյալ կազմակերպությունները. Prime Healthcare (777 000 դոլար), Ամերիկայի Հայ ավետարանական ընկերակցությունը (181 000 դոլար), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա (128 000 դոլար), Project AGAPE (103 000 դոլար) և Հայ որբերի օգնության միությունը (111 000 դոլար)։
Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին «Հայաստան Արցախ» հիմնադրամի առաքած նպաստը ներառել է անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների և մտային հիվանդությունների բուժման համար, դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրավորվածների խնամքի համար։ 2015-ի դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, «Հայաստան Արցախ» հիմնադրամը 18,5 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքներով և 34 ծովային արկղերով։ Հաշվի առնելով, որ «Հայաստան Արցախ» հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է 738,5 միլիոն դոլար։
«Հայաստան Արցախ» հիմնադրամին կանոնավորաբար առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղորայք և բժշկական պարագաներ, երախտապարտ ենք մեր առատաձեռն բարերարներին, որոնց աջակցության շնորհիվ կշարունակենք անհետաձգելի նպաստ տրամադրել Հայաստանի և Արցախի բժշկական կենտրոններին»,- հայտնել է «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: