Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 16-ին կանոնականացման ծես է կատարել՝ 7 երանելիների՝ 2 նահատակների, վանական միաբանությունների 3 հիմնադիրների, 1 հասարակ քահանայի և 1 միանձնուհու հռչակել է կաթոլիկ եկեղեցու սրբեր: Արարողությունը կատարվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում: Սուրբ են հռչակվել ֆրանսիացի Սալոմոն Լեքլերքը (1745 -1792) և մեքսիկացի Խոսե Սանչես Դել-Ռիոն (1913 -1928), որ իրենց երկրներում հեղափոխության զոհ են դարձել:
Վանական միաբանությունների 3 հիմնադիրներից առավել հայտնին իտալացի Լյուդովիկո Պավոնին է (1784 -1849), որ 1847 թ. հիմնել է «Մարիա Իմակուլատայի որդիների միաբանությունը»՝ չքավոր և գործազուրկ երիտասարդներին օգնող վանական միաբանության:
Սուրբ հռչակված իտալացի Ալֆովսո Մարիկո Ֆուսկոն (1839-1910) հիմնել է չքավոր գյուղացիներին օգնելու համար կանացի վանական միաբանություն: Իսպանացի եպիսկոպոս Մանուել Գոնսալես Գարսիան (1877-1940) հիմնել է 2 վանական միաբանություն:
Հռոմի պապը սրբադասել է նաև արգենտինացի հասարակ քահանա Խոսե Գաբրիել դել Ռոսարիո Բրոչերոյին (1840-1914), որ կյանքը նվիրել է չքավորներին և հիվանդներին օգնելուն, և ֆրանսիացի միանձնուհի Էլիզաբեթ դե լա Տրինիտեին (1880-1906):