ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի 23-25-ին տարածաշրջան այցի նպատակն էր քննարկել իրավիճակը ապրիլյան աննախադեպ բռնությունից հետո և հստակեցնել դիրքորոշումները բանակցային գործընթացի վերաբերյալ՝ ասված է այցի արդյունքներով միջնորդների հայտարարությունում:
Նշելով, որ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և «Լեռնային Ղարաբաղում դեֆակտո իշխանությունների» հետ, համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն հաղորդում են, որ հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են՝ տեղում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է մնում: Միջնորդներն ընդգծել են, որ հրադադարը հարգելը կարևորագույն հիմք է շարունակվող բանակցությունների համար, և շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը, ասված է հայտարարությունում:
«Համանախագահները քննարկել են նաև ըստ էության բանակցությունները դեպի երկարատև խաղաղություն առաջ մղելու ներկայիս աշխատանքային առաջարկությունները: Նախագահներից յուրաքանչյուրը իր տեսակետներն արտահայտեց, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատեցին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, և օպերացիոն մանրամասների քննարկումը դեռ շարունակվում է»,- հաղորդում են միջնորդները:
Համանախագահները հայտնում են, որ նախատեսում են հանդիպել ԱԳ նախարարներին, այդ թվում՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակում, քննարկելու հնարավորինս շուտ նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը: «Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունը անհրաժեշտ է կարգավորման ուղղությամբ առաջ ընթանալու համար»,- ասված է հայտարարությունում:
Միջնորդները հայտնում են, որ տարածաշրջանում հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այն աշխատանքը, որ ձեռնարկել է կազմակերպությունը անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման ուղղությամբ՝ «մարդասիրական միջոցառում, որին համանախագահները լիովին աջակցում են բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ հանդիպումներում»: