Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանում ամենշաբաթյա ընդունելությանը ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, կոչ է արել համերաշխություն դրսևորել միգրանտների և փախստականների նկատմամբ: Նա պետություններին հորդորել է չփակել դռները փախստականների և միգրանտների դիմաց:
«Աշխարհի տարբեր վայրերում պատեր և ցանկապատեր են առաջանում: Երբեմն թվում է՝ միգրանտներին ու փախստականներին հնարավորինս օգնելու շատ մարդկանց լուռ ջանքերը մթնում են բնազդային էգոիզմի այլոց աղմուկով: Բայց փակելը լուծում չէ, իրականում օգնում է հանցավոր թրաֆիքինգին: Միակ լուծումը համերաշխությունն է»,- ասել է Հռոմի պապը: Նա պատմել է մի կնոջ մասին, ում փախստականը դիմել էր իրեն Վատիկան հասցնելու խնդրանքով: Տեսնելով, որ փախստականը կոշիկներ չունի, կինն առաջարկել է նրան Սուրբ Պետրոսի հրապարակ բերել տաքսիով: Տաքսու վարորդը սկզբում հրաժարվել է վերցնել մարդուն, որովհետև նրա վրայից հոտ էր գալիս, բայց ի վերջո համաձայնել է: Ճանապարհին փախստականը պատմել է իր պատմությունը, ու երբ տեղ են հասել, վարորդը հրաժարվել է փող վերցնել:
Փախստականին Սուրբ Պետրոսի հրապարակ հասցրած կնոջ մասին Հռոմի պապն ասել է. «Այս կինը հասկացել է փախստականի ցավը, քանի որ հայկական արյուն ունի և գիտե, թե ինչ տառապանքներ է կրել իր ժողովուրդը: Երբեմն մենք որևէ բան ենք անում, ինչը սկզբում մերժել ենք, որովհետև մեզ անհարմար է, հոտ է գալիս, բայց ի վերջո այն մեր հոգու օծանելիքն է, փոխում է մեզ»: «Մտածեք այս պատմության մասին և մտածեք՝ ինչ կարող եք անել փախստականների համար»,- հորդորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ բերելով փախստականին օգնություն ցուցաբերած հայ կնոջ օրինակը: