«Հայաստանի հավաքականի ավագը «Մանչեստրի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել արդեն ավելի քան մեկ ամիս՝ մասամբ նաև ազգային հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով»,- գրում է «Մանչեստր Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը:
«Կարծում եմ, նրան դեռ ժամանակ է պետք անգլիական ֆուտբոլին ընտելանալու համար»,- լրագրողներին այսօր ասել է Մոուրինյոն՝ ընդգծելով, որ չի ափսոսում 27-ամյա ֆուտբոլիստի համար գերմանական «Դորտմունդ»-ին միլիոններ վճարելու համար: Ասուլիսում Մոուրինյոն հաստատել է, որ Մխիթարյանն արդեն կազդուրվել է և «կուլիսներում եռանդուն մարզվում է». «Նա վնասվածք չունի, սակայն որոշ դեպքերում ասելով դա՝ պետք է նաև հավելես, որ նա լավագույն մարզավիճակում չէ՝ պատրաստ պայքարի»:
Մոուրինյոն նշել է, թե որոշ ֆուտբոլիստների հավելյալ ժամանակ է պետք «անգլիական ֆուտբոլին, նրա արագությանը, ագրեսիվությանը և մրցակցությանը ընտելանալու համար»՝ «Իրականությունը երբեմն տարբեր է հատկապես մրցակցության հարցում: Կապ չունի, թե ում հետ ես ուժերդ չափում, պետք է խաղաս հնարավոր լավագույն մակարդակով, և այս առումով Միկիին ժամանակ է պետք, որ նա դառնա առաջատար խաղացող»: Անցած ամիսներին «Մանչեստրի» կազմում մի շարք փոփոխություններ կատարած Մոուրինյոն պնդել է, թե այս ճանապարհով Մխիթարյանից առաջ ուրիշներն են անցել՝ ի վերջո հաջողություն արձանագրելով. «Ես չեմ սիրում խոսել այլ ակումբների մասին, սակայն, Վիլիանը, օրինակ, խնդիրներ ունեցավ սկզբում, երբ Բրազիլիայից «Չելսի» տեղափոխվեց: Հետո, սակայն, որոշ ճանապարհ անցավ և մի քանի ամիս անց արդեն դարձավ առաջատար, հաղթեց առաջնությունում: Եվ սա միայն մեկ օրինակ է:
Նույնը Դի Մարիան, որ պետք է դեռ շատ բան սովորեր իր խաղի մասին, երբ Պորտուգալիայից Մադրիդ տեղափոխվեց: Ոմանց մոտ այս անցումը հեշտ է ստացվում, ոմանց ավելի շատ ժամանակ է պահանջվում»: «Միկիի դեպքում վնասվածքը խանգարեց աճին: Սակայն մենք հավատում ենք նրան, և ուշ կամ շուտ որևէ խնդիր չի լինի»,- հավատացրել է Մոուրինյոն: