Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

ՀՀԿ-ն բարձր է գնահատում «1000 դրամ» նախագիծը

ՀՀԿ-ն բարձր է գնահատում «1000 դրամ» նախագիծը
15.11.2016 | 15:00

ՀՀԿ-ն բարձր է գնահատում զինծառայողների ապահովագրական վճարների ավելացման նախագիծը։ «Մենք բարձր ենք գնահատում այդ նախաձեռնությունը, որ միտված է համերաշխություն քարոզելուն մեր քաղաքացիների շրջանում, այն միտված է ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` նախագիծը շատ կարևոր նախաձեռնություն է ու բոլոր եղած խնդիրները պետք չէ խառնել այս նախաձեռնության հետ: Շարմազանովը նշեց, որ գաղափարը ոչ թե իշխանությունների, այլ ներքևից եկած գաղափար է: «Մենք բոլորս պետք է մասնակցենք մեր անվտանգության ամրապնդման գործին: Իսկ հնարավոր չարաշահումների խնդրին այսօր անդրադարձավ նաև պաշտպանության նախարարը և ասաց, որ հիմնադրամի միջոցները պետք է կառավարվեն հնարավորինս թափանցիկ: Այսօր նախարարը նաև հայտարարեց, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կառավարության երեք ներկայացուցիչներից երկուսի տեղերը պատրաստ են հատկացնել մեր ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի հասարակության, ընդդիմադիրների մոտ հարցեր չառաջանան»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:


«Ստվերի դեմ պետք է պայքարել, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, բայց, միևնույն ժականակ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի ազգային գործերին: Այս հիմնադրամի հավաքած գումարները ավելորդ չեն լինի, մենք Հայաստանի քաղաքացի ենք և յուրաքանչյուրս պետք է մեր ներդրումը ունենանք»,- ասաց նա` հիշելով Նապոլեոն Բոնապարտի խոսքերը. «Ով չի ցանկանում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու պահել և կերակրել օտարի բանակը»:


Հարցին` արդյոք նման նախաձեռնությունը նշանակում է, որ իշխանությունները պատերազմի են պատրաստվում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քաղաքական իշխանությունը պետք է պատրաստ լինի բաց սցենարի: Մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության, սակայն, հաշվի առնելով Բաքվից և Անկարայից հնչող հայտարարությունները, մենք երկար տարիներ պետք է մեր առջև ունենանք անվտանգության համակարգն ամրապնդելու անհրաժեշտությունը: Առանց ուժեղ և կայացած անվտանգության՝ մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական զարգացումից ոչ էլ սոցիալական խնդիրների լուծումից: Այսօր Հայաստանի և Արցախի համար օրակարգային է անվտանգության համակարգի ամրապնդումը»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ