ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչպես կազդի Թրամփի ընտրությունը Հարավային Կովկասի վրա

Ինչպես կազդի Թրամփի ընտրությունը Հարավային Կովկասի վրա
23.11.2016 | 18:58

Միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում անակնկալ էր բոլորի համար: Չնայած մեկուսանալու իր հակվածությանը՝ ԱՄՆ նոր նախագահը հարկադրված է լինելու զբաղվել միջազգային քաղաքականության առանցքային հարցերով: Այդ թվում՝ Հարավային Կովկասով:

Հարավային Կովկասի ամբողջ քաղաքական ու տնտեսական էլիտայի հայացքներն ուղղված էին Հիլարի Քլինթոնին: Նրա քաղաքական ծրագիրը կանխատեսելի էր: Նա կշարունակեր իր նախորդներին: Նա ձգտում էր զսպել Ռուսաստանի ազդեցությունը, այդ թվում՝ Կովկասում: Նա նպատակադրվել էր վերջ դնել ուկրաինական ճգնաժամին ու Բաշար Ասադի աջակցությանը:
Հարավային Կովկասում դա, հավանաբար, կարտահայտվեր տարածաշրջանում ամերիկյան ներկայության ուժեղացմամբ, մասնավորապես՝ Վրաստանում: ԱՄՆ-ը այդ երկրի վրա քաղաքական, տնտեսական և ռազմական մեծ խաղադրույք է արել: 2004-ին Վաշինգտոնն աջակցեց «վարդերի հեղափոխությանը», որ իշխանության բերեց արևմտամետ նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Այդ շրջադարձը Ռուսաստանի հետ պատերազմի պատճառ դարձավ 2008-ի օգոստոսին, որ ավարտվեց Թբիլիսիի պարտությամբ և Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումով:


Տարածաշրջանի մյուս երկու երկրները ևս ներգրավված են ՌԴ-ԱՄՆ մենամարտում: Հայաստանը Մոսկվայի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում: Ադրբեջանը վարում է ավելի անկախ արտաքին քաղաքականություն: Բաքուն ակտիվորեն Մոսկվայից զենք է գնում, բայց հրաժարվում է անդամակցել ԵԱՏՄ-ին, որի անդամ է Երևանը 2015-ի հունվարի 2-ից: Ադրբեջանը նշանակալից ֆինանսական համաձայնագրեր ունի ԵՄ-ի հետ, ում վաճառում է իր բնական պաշարները: Total-ը, ENI-ին և British Petrolum-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գլխավոր բաժնետերերից են, որ ադրբեջանական նավթը Թուրքիայով հասցնում է Եվրոպա: Իրենց բաժնեմասերն ունեն և երեք ամերիկյան ընկերություններ՝ Chevron-ը, ConocoPhillips-ը և Amerada Hess-ը: Սակայն Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները բավականին լարված են: Բաքուն մեղադրում է Վաշինգտոնին միջամտության և ապակայունացման ձգտումների մեջ նոր «գունավոր հեղափոխությամբ», ինչպես եղել է Վրաստանում ու ՈՒկրաինայում: Բայց երկու երկրների տնտեսական շահերը բարձր են մարդու իրավունքների պաշտպանությունից: Նրանց սիմվոլն է դառնում օլիգարխ Անար Մամեդովը, որ սերտ կապեր է պահպանում ամերիկյան ու ադրբեջանական լոբբիի հետ:


Ամբողջ աշխարհը սպասում էր ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակին, այսինքն՝ քաղաքականության մեջ ավելի շատ ինտերվենցիայի: Դոնալդ Թրամփը, ակներևաբար, աղոտ պատկերացումներ ունի միջազգային քաղաքականության մասին, նախընտրելու է ուշադրության կենտրոնում պահել ԱՄՆ-ի ներքին իրավիճակը: Նա, օրինակ, հայտարարել է, որ Բաշար Ասադը պետք է պահպանի իշխանությունը, որ գնդապետ Քադաֆիին պետք չէր կպչել: ԱՄՆ նոր նախագահը մտադիր է պայմանավորվել Ռուսաստանի հետ, ցանկանում է վերանայել ՆԱՏՕ-ի բյուջեն ու դերը: Նա անկանխատեսելի է և ակնհայտորեն չի հետևում «խաղի կանոններին», ու դա Հարավային Կովկասի քաղաքական ղեկավարության համար անորոշության գործոն է: Լավ հասկանալու համար Հարավային Կովկասի երեք երկրների նախագահների շփոթվածությունը, պետք է ծանոթանալ ԱՄՆ նոր նախագահին նրանց շնորհավորական ուղերձներին, որ շատ խոսուն են ԱՄՆ-ից սպասելիքների առումով: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու համար գլխավորը աջակցությունն է Ռուսաստանի հետ հարաբերություններում և ՆԱՏՕ-ին անդամակցության մեջ: Դա նշանակում է Վրաստանում ԱՄՆ-ի քաղաքականությունը պահպանելու խնդրանք, փոփոխություններից Մարգվելաշվիլին կցանկանար խուսափել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտը դնում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի միջնորդական դերին, նա առիթը բաց չի թողել հիշեցնելու, որ երկրի տարածքի 20 %-ը հայ անջատողականների վերահսկողության տակ է:

Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր տարածքային պահանջները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն առավել մշուշոտ է: Նա ողջունում է նոր նախագահի «փորձը» և երկու երկրների սերտ հարաբերությունները: Հայաստանի դիրքորոշման առանձնահատկությունը նրա մեծ և ազդեցիկ սփյուռքն է, որ կամուրջ է երկու պետությունների միջև և մեծ մասամբ աջակցել է Հիլարի Քլինթոնին: Սակայն Հայաստանի կառավարությունը կարող է միայն շահել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների բարելավումից: ԱՄՆ-ի հայկական սփյուռքը ակնկալում էր, որ Քլինթոնը կնպաստի Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների բարելավմանը, մասնավորապես հայերի ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայում: Անհիմն հույսեր՝ Վաշինգտոնի համար ամենագլխավորը Թուրքիայի հետ լավ հարաբերությունները պահպանելն է:


Առաջիկայում ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասում չի փոխվի, բայց տարածաշրջանը Թրամփի գերակայությունների մեջ չի մտնում, որ ամենատարբեր սցենարների դուռ է բացում հեռավոր ապագայում: Գիտի՞ Թրամփը Կովկասը: Մի քիչ: Իր բիզնես ծրագրերում նա դիտարկում էր շքեղ հյուրանոցների կառուցում Վրաստանում ու Ադրբեջանում: Երկու նախագծերն էլ ոչինչ չտվեցին, բայց Թրամփի ընտանիքը ծանոթացավ տարածաշրջանի տնտեսական ու ռազմավարական հարցերին: Ռեսուրսներից աղքատ Հայաստանը, որի տնտեսությունը քայքայում է իշխանական էլիտայի կոռուպցիան, ակնհայտորեն, երբեք չի հարուցել նյույորքցի մագնատի հետաքրքրությունը: Փաստացի՝ նա դատում է որպես ներդրող, ոչ թե քաղաքական գործիչ: Դա բացատրվում է նրա միլիարդատիրոջ ու բիզնեսմենի կարգավիճակով և անկանխատեսելի է դարձնում այն համաշխարհային գերտերության աշխարհաքաղաքականությունը, որի նախագահն է նա դարձել:
Մաքսանս ՍՄԱՆԻՈՏՈ, Le Journal International, Ֆրանսիա


Հ.Գ. Դոնալդ Թրամփի նախագահության հետևանքները համաշխարհային քաղաքականության ու հատկապես Հարավային Կովկասի իրավիճակի վրա, առեղծված է, որի լուծումները հայտնի չեն և Դոնալդ Թրամփին: Ընդունեք, որ հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջին հերթին անակնկալ էր հաղթողի համար և մինչև պաշտոնակալությունը նա բազում հարցեր պիտի պարզի ու իր համար որոշումներ կայացնի: Ժամանակն է՝ Դոնալդ Թրամփին այլևս չընկալելու իր նախընտրական կերպարի մեջ: Նա գերտերության նախագահն է դարձել, որը ունի ոչ միայն խնդիրներ ու նպատակներ, այլև միջազգային պարտավորություններ: Առաջիկա չորս տարիներին համաշխարհային քաղաքականության տրենդը փոփոխություններն են՝ սկսած Բրեկզիտից մինչև համաեվրոպական ընտրություններ: Գլոբալ աշխարհը փոխվում է՝ օրեցօր արագություն հավաքելով և պետք չէ վախենալ ոչ փոփոխություններից, ոչ արագությունից: Իշխող էլիտաների անխուսափելի փոփոխությունը ևս տրենդ է, որի պատճառը նրանց վարած քաղաքականության մեջ է՝ հարցերը լուծելու փոխարեն հետաձգելու քաղաքականությունը սպառել է իրեն: Պատահական չէ, որ փորձագետները վերջին տասնամյակի համաեվրոպական խնդիր էին համարում լիդերների չգոյությունը: Դոնալդ Թրամփը, իհարկե, նախ և առաջ շեշտը կդնի ԱՄՆ-ում իրավիճակի փոփոխության վրա, հետո նոր կանդրադառնա միջազգային խնդիրներին: Պատահական չէ, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը չորրորդ անգամ առաջադրվելու որոշումն ընդունեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Բեռլինում քննարկումներից հետո: Եվրոպան փորձելու է ինքնուրույն դառնալ՝ կորցնելով ԱՄՆ-ին՝ իբրև կարգադրիչի:


Կփոխվե՞ն ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները: Կհանի՞ Դոնալդ Թրամփը ՌԴ պատժամիջոցները, կվերականգնի՞ նորմալ հարաբերությունները ՌԴ-ի հետ, թերևս այնքանով, որ վերանա առճակատումը: Պետք չէ սպասել ԱՄՆ քաղաքականության փոփոխություն Հարավային Կովկասում՝ տարածաշրջանը Ռուսաստանին «նվիրելու» տեսքով՝ այլ տարածաշրջանի հետ փոխանակման հիմքով: Աշխարհի յուրաքանչյուր անկյուն իր գինն ու արժեքն ունի: ԱՄՆ նոր նախագահը ստիպված է քաղաքական գործիչ դառնալ, բայց դա չի նշանակում, որ նա դադարելու է բիզնեսմեն լինել, իսկ բիզնեսում «նվիրատվություններ» ու փոխանակումներ ընդունված չեն՝ շահավետ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ