Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Հակառակորդի ամեն ձեռք բերված զենք չէ, որ նույն քանակով պետք է ունենաս»

«Հակառակորդի ամեն ձեռք բերված զենք չէ, որ նույն քանակով պետք է ունենաս»
26.11.2016 | 22:06

Սպառազինվելու համար պարտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ նորընտիր անդամ Վիգեն Սարգսյանը. «Մեր քննարկումներում հաճախ առիթ ենք ունեցել խոսելու, որ սպառազինվելու համար պարտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ: 21-րդ դարում սպառազինությունն այնպիսին է, որ կարելի է միշտ փնտրել ասիմետրիկ մոտեցում և ընտրել այն զինատեսակները, որոնք կարող են փոքր ռեսուրսով առավել արդյունավետություն ապահովել: Սա բնավ չի նշանակում, որ մենք չենք սպառազինվում: Սա նշանակում է, որ հակառակորդի յուրաքանչյուր ձեռք բերված զենք չէ, որ դու նույն քանակով պետք է ունենաս»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նաև անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե բանակն իր կարիքները պետք է փորձի հոգալ ներքին սպառման միջոցով. «Այո, սա ազգ-բանակի դրսևորումներից մեկն է: Եթե մենք մի երկիր ենք, որը պետք է ունենա Զինված ուժեր, որոնք անհամաչափ մեծ են բնակչության համեմատ, ուրեմն բանակը պետք է տնտեսության համահունչ մաս դառնա: Այն երկար չի կարող սպառող մնալ: Բանակը, լինելով այս երկրի խոշորագույն գործատու, պետք է կարողանա ներազդել տնտեսության զարգացման վրա: Արդեն այսօր բազմաթիվ գնումներ կատարվում են այդ սկզբունքով: Դրա հետ մեկտեղ մենք չենք կարող արդյունավետությունը զոհել ներքին սպառում ապահովելու համար: Եթե որևէ բան հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր գնով` արտերկրում, իհարկե, առաջնահերթ դա է արվելու», - ասաց Վիգեն Սարգսյանը:


Գիտության ոլորտում նորարարությունների ու բանակում կիրառման մասին Վիգեն Սարգսյանը նշեց, որ ռազմարդյունաբերական պետական կոմիտեն ամենօրյա աշխատանք է տանում նման լուծումներ առաջարկող ընկերությունների հետ:
«Արդեն այսօր մեր Զինված ուժերն օգտագործում են տեղական որոշ սպառազինությունների տեսակներ, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք փոխարինել զենքի ցանկացած ներկրումը, քանի որ կան զինատեսակներ, որոնց արտադրությունը հայական շուկայում կամ հնարավոր չէ, կամ նպատակահարմար չէ տնտեսական առումով»,- ամփոփեց պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ